Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔ ԱՅՍՈՒ

Ապրիլ 20,2007 00:00

Հետաքրքիր է, չէ՞, որ մարդը իր կյանքի ընթացքում ընտրության անսահման հնարավորություն ունի, բացի երեք բանից. մարդը չի կարող ընտրել իր հայրենիքը, չի կարող ընտրել իր ծնողներին եւ անհնարին է ընտրել սեփական զավակներին: Մարդը հնարավորություն ունի նույնիսկ իր մահվան օրն ընտրել, բայց ոչ ծննդյան: Ահա, թե որտեղ է գաղտնիքը… Երեք սահմանափակում, որն ի սկզբանե Աստված դրել է մարդու առջեւ:Եվ երեւի թե այս Անհնարին Երեքը մեզ մտորելու տեղիք պիտի տա.ժամանակը հոսում է, փոխվում են հասարակարգերը, ճաշակը, կորուսյալ հոգիները հազարամյակների հեռուներից վերադառնում են տուն ու գտնում իրենց կորցրած մարմինները: Ժամանակի ու շարժման խաչմերուկում սառույցները համառորեն հեռանում են հյուսիս, ժայռերն աննկատ դառնում են ավազ եւ ապառաժի հիշողությունն իրենց մեջ պահած՝ հոսում են հարավ՝ իրենց տակ թաղելով ամենայն կենդանություն՝ պատմություն, քաղաքակրթություն եւ մեր՝ ապրողներիս խեղճ կենսագրությունը: Ապրողներ, որոնք հնարավորություն ունեն ընտրելու բնակավայր, սիրած մարդ, պատգամավոր, կոշիկ, երգ… ասենք թեկուզ՝ աշխարհքումս իմն դուն իս… կամ ի՜նչ տխուր է Վենետիկը, երբ մենք իրար չենք սիրում: Եվ հնչում է երգը, ա՜խ, ինչպես է հնչում, այնինչ մեր բոլորի հիացմունքի ու սիրո ծիրից հեռու Վենետիկ հրաշալի քաղաքը աննկատ սուզվում է ծովի ջրերում: Եվ մեծամեծ գործեր անելու մեր ցանկությունը նման է դառնում Արարատին նետված քարի… Ի՞նչ է մնում մեզ. Աստծո դրած երեք արգելքը սրբորեն պահպանել. Հայրենիք, Ծնող, Զավակ եւ Մեր Սերը, Սերը անվախճան, որ բխում է նույն աղբյուրից, ինչից մենք փախուստ չունենք, ոչ էլ փրկություն, այսինքն՝ փրկությունն էլ է անիմաստ, քանզի դրանցից ոչ մեկը մենք չենք կարող հաղթահարել…Ուրեմն, սիրելինե՛ր, վաղը մենք մեր միայնակ, բայց նշմարելի ձայնով գնում ենք ընտրությունների: Խնդրում եմ՝ մի՛ մոռացեք Մեր Հայրենիքը, Մեր Ծնողը, Մեր Զավակը եւ Մեր Սերը՝ մեր մտերիմների հանդեպ, որը մեր չժանգոտվող արյան հավերժական հետագիծն է այս թվացյալ հայտնիի եւ անվերծանելի անհայտի աշխարհում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել