Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԾԱԾՈՒԿ ԳՈՐԾԱՐՔԸ

Ապրիլ 27,2007 00:00

\"\"Հայ գիտնականներից շատերն այն որակում են անգրագետ եւ թվայնացման «մութ» պատմությունը նմանեցնում Բարեկենդանի հայտնի հեքիաթին:

Մատենադարանի եւ ԱՄՆ Մինեսոտայի նահանգի Սուրբ Հովհաննես վանքի համալսարանի Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանի միջեւ կնքված հուշագիրն ու առայսօր գաղտնիության քողով պարուրված «գործարքը» առաջացրել են մի խումբ ճանաչված գիտնականների զայրույթը: Բանն այն է, որ հայտնի չէ, թե ինչու է հենց Հիլլն ընտրվել, ինչու չի հրապարակվում նրա հետ կնքված պայմանագրի տեքստը, գաղտնի են պահվում գումարի չափը եւ բարերարի անունը, ով վճարելու է Հիլլին, որպեսզի Մատենադարանի հետ համագործակցի:

Թերեւս այս պատճառով էր երեկ ասուլիս հրավիրել Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը: Նրա ձեւակերպմամբ՝ ծրագիրը հնարավորություն կտա «ծերացող» ձեռագրերը արագորեն գրանցել ու փրկել, եւ աշխարհով մեկ սփռված հայերեն ձեռագրերի թվային պատկերների կրկնօրինակները հավաքել Մատենադարանում: «Հիլլը ի՛նքն է ցանկություն հայտնել իրականացնել այս ծրագիրը: Լավ կլիներ, որ պետական աջակցություն ցուցաբերվեր, բայց, ցավոք, մեր երկիրը չի կարող միլիոններ տրամադրել այս գործին»,- նշեց պրն Արեւշատյանը: Հարցին, թե ինչո՞ւ համառորեն չեն հրապարակում պայմանագրի տեքստը, Մատենադարանի արտաքին կապերի գծով փոխտնօրեն Արշակ Բանուչյանը պատասխանեց. «Մատենադարանը ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող ինքնուրույն կառույց է եւ իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել: Բացի այդ, մինչեւ այժմ ստորագրվածը մտադրությունների համաձայնագիր էր: Քանի դեռ չեն ստորագրվել թվայնացված պատկերների օգտագործման իրավունքների եւ եղանակների հետ կապված տեխնիկական եւ իրավաբանական բնույթի եւս երեք փաստաթղթեր, մենք չենք հրապարակելու պայմանագրի տեքստը»:

Պրն Բանուչյանը նաեւ հայտնեց, որ գործարքի արժողությունը իրենք էլ հստակ չգիտեն(՞): Մատենադարանի գիտական խորհրդի նախագահ Վարդան Գրիգորյանն էլ հայտարարեց. «Անձամբ ես տեղյակ չեմ եղել այս համաձայնագրի ստորագրմանը: Ոչ էլ գիտխորհրդում է հարցը քննարկվել»:

ԵՊՀ հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուգասզյանի ձեւակերպմամբ, Մատենադարանի գանձերը Հիլլին հանձնելը հիշեցնում է յուղուբրինձը օտարին տալու Բարեկենդանի հայտնի պատմությունը: «Ինչո՞ւ է հատկապես Հիլլն ընտրված, երբ աշխարհում կան բազմաթիվ այլ կենտրոններ: Ինչո՞ւ Մատենադարանն ինքը չի դիմել այդ կենտրոններին, որպեսզի տեսնի՝ որի հետ համագործակցությունն է ավելի շահավետ, գուցե մյուսները պատճենները չէի՞ն պահանջելու.. Ժամանակին IBM-ը հովանավորել է փարավոնյան արվեստը Եգիպտոսում եւ ոչինչ դուրս չի տարել: Մեր ունեցածն ինչո՞ւ պիտի դուրս տարվի… Նախեւառաջ պետք է հայտարարություն տրվեր Մատենադարանի էլեկտրոնային կայքի միջոցով կամ նույնիսկ մասնավոր ճանապարհներով: Պետք է գրվեին նամակներ այն կենտրոններին, որոնք թվայնացմամբ են զբաղվում: Դա կարող էր անել, օրինակ, Գեթիի կենտրոնը՝ Լոս Անջելեսում, IBM-ը, որը Էրմիտաժն է թվայնացրել կամ «Microsoft»-ը, «Ֆորդի», «Ռոքֆելլերի» հիմնադրամները եւ այլն: Չէ՞ որ Մատենադարանի անունն անգամ դրամ արժե, այն թանկ անուն է, ինչպես «Sony»-ին, ինչպես Հայաստանի կոնյակը: Մատենադարանը աշխարհում իր նմանը չունի, որովհետեւ, եթե, օրինակ, Բրիտանական թանգարանում տարբեր տեղերից թալանված-բերված Ակրոպոլիսի քանդակներն են կամ Փարիզի ազգային գրադարանում՝ Նապոլեոնի՝ Եգիպտոսից բերած պապիրուսներն ու ձեռագրերը, ապա Մատենադարանում մեր ժողովրդի հավաքական ջանքն է, ու մենք էլ ոչ մեկին չենք թալանել»,- կարծում է պրն Չուգասզյանը:

Նրան հիշեցրինք ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի՝ ասուլիսներից մեկում հնչած այն հայտարարությունը, թե «Հիլլի հետ Մատենադարանի համագործակցությանը ընդդիմանում է միայն կաստայացած գիտնականների մի խումբ»: Ի պատասխան՝ Լ. Չուգասզյանը ասաց. «Նախարարը պատմաբան է: Ես հարգում եմ իր գիտելիքները եւ գիտական աստիճանը՝ վկայված գիտական խորհրդով: Բայց նախարարը տեղյակ չէ բարձր տեխնոլոգիաներից, դրանց հետ գործ չի ունեցել: Իսկ այն գիտնականները, ովքեր հանդես են գալիս այս ծրագրի դեմ, միջազգայնորեն ճանաչված դեմքեր են: Օրինակ՝ պատմաբան Բաբկեն Հարությունյանը: Նա խոսում է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսկ նախարարը տիրապետո՞ւմ է այդ լեզուներին… Ինչո՞ւ են խուսափում օգտվել Հայաստանի մասնագետների գիտելիքներից, մի՞թե չգիտեն, որ ոչ թե Հիլլի, այլ տեղի մասնագետներն են միջազգային մրցանակներ ստացել թվայնացման ինտելեկտուալ այնպիսի ծրագրերի համար, ինչպիսիք են, օրինակ, «Հայկական ցեղասպանությունը» կամ «Արամ Խաչատրյանը»: Նրա համոզմամբ, Մատենադարանը չունի հստակ ծրագիր. «Եվ եթե վաղը-մյուս օրը իր ստանձնած պարտավորությունների տակից չկարողանա դուրս գալ՝ Հիլլը դատի կտա, ու ստիպված ՀՀ կառավարությունը պիտի վճարի գումարը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել