Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ՛ ԽԱԽՏԵՔ, ՁԱՅՆ ՄԻ՛ ԳՈՂԱՑԵՔ, ԹԵ ՉԷ…

Մայիս 07,2007 00:00

\"\"Երեկ իշխանություններին խորհուրդ տվեցին «Իմպիչմենտը», «Հանրապետությունն» ու «Նոր ժամանակները»

Երեկ «Իմպիչմենտ» դաշինքն ու «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունները համատեղ ուղերձով դիմել են ՀՀ քաղաքացիներին՝ վերջիններիս տեղեկացնելով, որ քաղաքական այս երեք ուժերը «մայիսի 12-ի ընտրություններին մասնակցում են ՀՀ նախագահի պաշտոնն ապօրինի զբաղեցնող Ռ. Քոչարյանի եւ նրա վարչախմբի հեռացման նպատակով: Անկախ ծրագրային եւ աշխարհայացքային տարբերություններից, մենք միավորվել ենք օրինական իշխանության հաստատման առաջնահերթ խնդրի շուրջ: Մեր մեկնակետը պատմական եւ այսօրեական այն հայտնի ճշմարտության գիտակցումն է, որ ապօրինի իշխանությունը նույնքան վտանգավոր է ու մերժելի, որքան օտար բռնապետությունը»: Ուղերձի հեղինակները նաեւ շեշտել են, որ «այս նպատակները ամենալայն հասարակական աջակցություն ունեն բնակչության բոլոր շերտերում, եւ եթե առաջիկա ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքներն արմատապես չխեղաթյուրվեն եւ գլխիվայր չշրջվեն՝ մենք կունենանք խորհրդարանական մեծամասնություն եւ իմպիչմենտ կիրականացնենք խորհրդարանական ճանապարհով»: ՀՀ քաղաքացիներին ուղղված ուղերձում հասարակությանը կոչ է արված՝ «մայիսի 12֊ին, հանուն քոչարյանական հանցավոր կլանից ազատվելու, ձեր քվեարկությամբ թիկունք կանգնեք «Հանրապետություն» կուսակցությանը, «Նոր ժամանակներ» կուսակցությանը եւ «Իմպիչմենտ» դաշինքին»:

Այս ուղերձը երեկ ներկայացնելու համար համատեղ ասուլիս էին հրավիրել քաղաքական հիշյալ ուժերի առաջնորդները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Արամ Զ. Սարգսյանի եւ Արամ Կարապետյանի: Ն. Փաշինյանը, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, պարզաբանեց, թե ինչու այս երեք ուժերը ընտրություններին միասնական ճակատով չեն մասնակցում, եւ ինչու նրանցից երկուսը հօգուտ մեկի ինքնաբացարկ չի հայտնում: Ն. Փաշինյանն ասաց, որ իրենք միավորվել են հասարակական պահանջարկի արդյունքում եւ քաղաքական կամք ունեին այս պահին ձեւավորել նախընտրական դաշինք, բայց «Ընտրական օրենսգիրքը» նման հնարավորություն չի տալիս: Ինչ վերաբերում է ինքնաբացարկ հայտնելուն, ապա Ն. Փաշինյանի ասելով՝ այդ տարբերակը եւս քննարկվել է, բայց իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ուժերի ընտրազանգվածի միջեւ համընկնման եզրեր չկան կամ քիչ կան, ինչը ենթադրում է, որ եթե այդ ուժերն ինքնաբացարկ հայտնեն՝ մրցապայքարում թողնելով մեկին, «ապա մեծ է հավանականությունը, որ մյուս ուժերի ընտրողներն ուղղակի չեն գնա տեղամասեր: Ուստի՝ համատեղ որոշեցինք, որ բոլոր երեք ուժերի անունները պետք է լինեն քվեաթերթիկներում»: Ա. Սարգսյանն էլ ինքնաբացարկ հայտնելու աննպատակահարմարության մեկ այլ պատճառ նշեց. «Պարզ է, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ ձայները գողանում են: Այս իշխանությունները գող են, ձայնի գող: Իսկ գողության դեմ պայքարելու լավագույն տարբերակը շատ պահակներ ունենալն է: Հետեւաբար, մենք կփորձենք միասնական ուժերով ամբողջ Հայաստանի ընտրատեղամասերում մեր վստահված անձինք ունենալ եւ պայքարել այդ գողության դեմ»:

ՆԺԿ նախագահի փոխանցմամբ, իրենք՝ երեք ուժերով, պայմանավորվել են, որ միասին կամ առանձին-առանձին խորհրդարան մտնելուց հետո իրենց հիմնական գործը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանի հրաժարականի պահանջն ու իմպիչմենտը օրակարգի առարկա դարձնելն է լինելու: «Ես լիովին վստահ եմ, որ արմատական ընդդիմության ձայներն այնքան շատ են, որ մեր միջեւ մրցակցություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի, եւ թե մեզնից ո՞ր մեկն ավելի շատ ձայն կունենա՝ որեւէ նշանակություն չունի»,- ասաց Ա. Կարապետյանը: Եթե ԱԺ-ում արմատական ընդդիմության այդ ջանքերը հաջողության չհասնեն, ապա Ա. Կարապետյանի ասելով՝ «մենք պայմանավորվածություն ունենք, որ մանդատները վայր ենք դնելու եւ դուրս ենք գալու փողոց՝ մեր պայքարը շարունակելու: Իմպիչմենտը պետք է կատարվի կամ խորհրդարանում, կամ՝ փողոցում»: Արմատական ընդդիմության առաջնորդների համոզմամբ, «իմպիչմենտ» կոչվող քաղաքական գործընթացի պահանջ ներկայացնում է մեր հասարակության առավել քան 90 տոկոսը:

Այս երեք ուժերն իրենց առաջիկա ծրագրերը խարսխում են այն սպասումի վրա, որ իշխանություններն ԱԺ ընտրությունները կեղծելու են: Իսկ ի՞նչ կանեն, եթե իշխանությունը չկեղծի, օրենք չխախտի կամ դա հնարավոր չլինի ապացուցել: Ի պատասխան՝ Ա. Սարգսյանը նկատեց, որ իշխանություններն արդեն օրինախախտումներ արել են եւ անում են՝ սեփական իշխանությունը կորցնելու վախից: Նա օրինակ բերեց այն, որ երեք կուսակցությունների քարոզարշավը բոլոր հեռուստաընկերություններում, այդ թվում՝ «հանրայինում», հայտնվել է լուսանցքում, եւ որ դա ուղղորդվում է մեկ կենտրոնից: Արմատականների հանրահավաքներին այդ ընկերությունները համառորեն չեն անդրադառնում եւ չեն լուսաբանել անգամ մայիսի 3-ի՝ վերջին 3 տարվա ընթացքում աննախադեպ մարդաշատ հանրահավաքը: Նա իշխանություններին կոչ արեց՝ «գոնե քվեարկության օրը խախտում մի՛ արեք: Եթե խախտեցիք՝ փողոց ենք դուրս գալու եւ այդ ժամանակ հետընտրական պրոցեսներին բնորոշ բոլոր ճանապարհներով փորձելու ենք հասնել արդարության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել