Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժվածների ձայները

Մայիս 13,2007 00:00

\"\"Կալանավորների հետ ոչ մի կուսակցություն չի հանդիպել

Երեկ առավոտյան ժ. 8-ին բացվեցին արդարադատության նախարարության 7 քրեակատարողական հիմնարկների ընտրական տեղամասերը: Նախորդ օրը 3 կալանավորված ազատվել էր դատարանի վճռով, հետեւաբար՝ ցուցակներում ընտրող կալանավորների թիվը 612 էր: ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ընտրություններին պետք է մասնակցեր 435 կալանավոր, «Վարդաշենից»՝ 25, «Երեւան-Կենտրոնից»՝ 27, «Աբովյանից»՝ 26, «Վանաձորից»՝ 61, Արթիկից՝ 20 եւ «Գորիսից»՝ 18:

Առավոտյան ժ.10-ի դրությամբ ընտրությունները ավարտվել էին «Երեւան-Կենտրոնում», «Արթիկում», «Գորիսում», «Վարդաշենում»: Ժ.11-ին, երբ «Առավոտը» «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էր՝ ընտրությունները դեռ ընթանում էին եւ այդ ժամի դրությամբ, ինչպես «Առավոտին» փոխանցեց հանձնաժողովի նախագահ Սամվել Կարապետյանը, քվեարկել էր 150 կալանավոր: 9 հոգուց բաղկացած այս հանձնաժողովին նախորդ օրը հանդիպել էին ԵԱՀԿ դիտորդները: Երեկ նկատեցինք, որ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից որեւէ մեկի վստահված անձը չկար, թեեւ Էրեբունի տարածքի բնակիչ -կալանավորներից 18-ը կարող էր մեծամասնական ընտրակարգով ընտրությունների համար քվեարկել: Ի դեպ, հանրապետությունում կալանավորներից մեծամասնականով ընտրելու իրավունք ուներ 35-ը: Չկար նաեւ համամասնականով առաջադրված կուսակցություններից որեւէ մեկի ներկայացուցիչը: Նախընտրական քարոզարշավի ընթացքում կալանավորվածների հետ կուսակցությունների ներկայացուցիչները չեն հանդիպել, քրեակատարողական հիմնարկներ չեն այցելել, թեեւ իրավապաշտպանությունից ու իրավունքներից ամենաշատն էին խոսում:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի քարտուղար Էդգար Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե որեւէ ահազանգ, միջադեպ մինչ մեր այցելության ժամը կալանավորների կողմից ստացվե՞լ է, եւ արդյոք նրանք իրենց իրավունքները գիտե՞ն (նկատի ունենք ընտրական). վերջինս ասաց, որ որեւէ միջադեպ չի եղել եւ կալանավորները լավ են պատկերացնում, թե ինչը ինչպես անեն:

Հանձնաժողովի անդամների ձեռքի տակ էր Ընտրական օրենսգիրքը: Ընտրական օրենսգրքի համաձայն, դատապարտյալներն ընտրելու իրավունք չունեն: Ընտրողների ցուցակներում, որոնք փակցված էին քրեակատարողականի պատերին, նրանց անուններն էին, ում նկատմամբ դատավճիռները դեռ օրինական ուժի մեջ չէին: Դատապարտյալներն ընտրելու իրավունք չունեին:

«Առավոտի» նկարահանման պահին կալանավորներն ակտիվ էին. 15 կալանավոր հասցրին իրենց ընտրական իրավունքից օգտվել, նրանք օգնության կարիք չունեին, հարցեր չէին տալիս: Նկատելին, թերեւս, տեսախցիկից խուսափելն էր:

Երեկ ժ.1-ի դրությամբ բոլոր ՔԿՀ-ներում կալանավորները ընտրել էին, բացի «Նուբարաշենից»: Ժամը 17-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ավարտվեցին ընտրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել