Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՄ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԴՔԱՆ ՇՈՒՏ ՉԵՄ ՓՈԽՈՒՄ»

Մայիս 17,2007 00:00

\"\"Ընտրություններից հետո լրագրողների հետ առաջին հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը:

– ՀՀԿ-ն միայնա՞կ է ձեւավորելու կառավարություն:

– Այդ մասին խոսելը դեռեւս շուտ է:

– Ձեր ցանկությունը:

– Ես իմ ցանկություններն այդքան արագ չեմ փոխում: Ես իմ ցանկությունները արտահայտել եմ դեռեւս մեկ ամիս առաջ եւ ասել եմ, որ ինչքան շատ քաղաքական ուժեր ընդգրկված լինեն կառավարության կազմում, այնքան մեծ կլինի վստահությունն այդ կառավարության նկատմամբ:

– Այսինքն՝ փոփոխություններ չե՞ն սպասվում կառավարության կազմում:

– Ես զարմանում եմ տարօրինակ հետեւության վրա: Իսկ ո՞վ է ասել, որ չեն սպասվում: Իհարկե՝ սպասվում են, եւ էական փոփոխություններ են սպասվում:

– ՀՅԴ-ն կառավարության մաս կկազմի՞:

– Ես իմ կարծիքն ասացի:

– Ինչպիսի՞ն է ապագա նախագահական ընտրությունների նկատմամբ ձեր մոտեցումը:

– Մոտեցումն արդեն դրական է, ես կարծում եմ, որ ընտրությունները ցույց տվեցին, որ մեր կուսակցությունը ունի վստահության լուրջ քվե, եւ եթե կուսակցությունն այդպիսի որոշում ընդունի, ապա, անշուշտ, ես առաջադրվելու եմ:

– Հայաստանում հնարավո՞ր են արտահերթ նախագահական ընտրություններ:

– Իհարկե՝ ոչ:

– Հնարավո՞ր է, որ խորհրդարանից դուրս մնացած ուժերին եւս ընդգրկեք գործադիրում:

– Այո, հնարավոր է, մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, ցանկացած կարող անհատի հետ:

– Ի՞նչ կկոչվի այդ նոր կառավարությունը՝ կոալիցիո՞ն, ազգային համաձայնությա՞ն, կամ՝ գուցե ուրի՞շ անուն կդնեք:

– Դժվարանում եմ հիմա ասել: Երբ որ կառավարությունը մենք ձեւավորենք, երբ որ կազմենք եւ ավարտենք կառավարության ծրագիրը, այն ժամանակ կառավարությանը մի անուն կտանք:

– Ինչպե՞ս եք վերաբերվում, որ «Ազգային միաբանությունը», ՀԺԿ-ն եւ այլ ընդդիմադիր ուժեր չմտան խորհրդարան: Ձեր գնահատականը:

– Գիտեք, գնահատական տալը հիմա դժվար է, բայց, համենայնդեպս, խորհրդարանն առաձգական չէ, 131 տեղ է, այդ տեղերի համար պայքար ընթացավ, եւ այսպիսի արդյունքներ գրանցեցինք: Այնպես որ, նպատակահարմար չեմ գտնում որեւէ գնահատական տալ:

– Պարոն Սարգսյան, ոմանք նոր խորհրդարանը համարում են ՆԱՏՕ-ամետ, ոչ ռուսական խորհրդարան, կիսո՞ւմ եք այդ տեսակետները:

– Ոչ, իհարկե՝ չեմ կիսում, որովհետեւ չգիտեմ, թե ով է այդպիսի գնահատական տալիս եւ ինչից ելնելով:

– Իսկ այն, որ ռուսական լրատվամիջոցները ասում են, թե հաղթեց ռուսամետ ուժը: Դրա՞ն ինչպես եք վերաբերվում:

– Ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ Հանրապետական կուսակցությունը, ես անձամբ, համարում ենք մեզ պրոհայկական ուժեր եւ ոչ պրոռուսական կամ պրո ՆԱՏՕ-ական, կամ պրոարեւմտյան: Մենք մշտապես աշխատել ենք իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են մեր ժողովրդի անվտանգության խնդիրները լուծելուն, կենսամակարդակը բարձրացնելուն, եւ այդ պարագաներում մեզ այնքանով է հետաքրքրել այլ շահերը, ինչքանով այդ այլ ուժերին հետաքրքրել են մեր շահերը:

– Ձեզ համար սպասելի՞ էր Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը խորհրդարան եւ ինչքանո՞վ էր դա կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ:

– Ես ընդհանրապես որեւէ գործողություն այսօր, ընդհանուր գործողությունների մասին է, չեմ համարում, որ կապված է նախագահական ընտրությունների հետ: Որոշում կայացնելու հետ գուցե կապված է, բայց գործողությունները ես չեմ կապում:

– Ընդդիմությունը ներկայացրեց տեղեկություններ՝ մոտ 400 հազար կեղծված անձնագրերի մասին, ձեր մեկնաբանությունը:

– Մեկնաբանություններ չունեմ:

– Ընտրության արդյունքներն անակնկալ եղա՞ն Ձեզ համար:

– Մի քանի անգամ ասել եմ, որ եթե մենք ընտրություններում տանենք 25 եւ ավելի տոկոս, ապա պետք է համարեմ, որ մենք լավ ենք աշխատել: Մենք միշտ համեստ ենք եղել մեր ձգտումների մեջ, եւ հիմա էլ համարում եմ, որ մենք լավ ենք աշխատել: Բնականաբար, գլխապտույտ մեզնից որեւէ մեկը չունի, որեւէ մեկը չի համարում, որ թերություններ չեն եղել: Եվ ընդհանրապես, համարում եմ, որ որեւէ երկիր չի կարող ասել, որ իր ընտրահամակարգը կատարելագործված է այնքան, որ չի կարող ասել, թե այլեւս զարգանալու տեղ չունի: Բնականաբար, դժգոհներ միշտ էլ լինում են, ամենուրեք լինում են, դժգոհներ կարող են չլինել միայն, եթե ընտրություններում պարտվողներ չլինեն, եւ մեկ էլ, որ տվյալ երկրի քաղաքացիները 100 տոկոսով, մինչեւ վերջին քաղաքացին, գոհ լինեն իրենց վիճակից: Քանի որ այդպիսի վիճակներ որեւէ տեղ չի կարող լինել, ապա միշտ էլ դժգոհներ կլինեն: Մենք գոհ ենք ընտրությունների արդյունքից, մենք նշագիծ ունենք, մեր նշագիծն այն է, որ հաջորդ ընտրություններին մեր ժողովուրդը եւ մեր եվրոպացի գործընկերները այդ ընտրությունները գնահատեն որպես ամբողջովին համապատասխանող միջազգային չափանիշներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել