Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-Ը ՇՆՈՐՀԱԿԱԼ Է

Մայիս 25,2007 00:00

\"\"Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը նշել է, թե ԱԺ ընտրությունների արդյունքում ՄԱԿ-ը ստանալով ընտրողների 4,35 տոկոսի վստահության քվեն՝ «դարձավ առավել մեծ աջակցություն վայելող արտախորհրդարանական քաղաքական ուժը»:

Այս մասին նշված է երեկ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, ըստ որի՝ ՄԱԿ-ն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի 59271 քաղաքացիներից յուրաքանչյուրին, որոնք վստահության քվե են տվել իրենց. «Արժանվույնս գնահատելով մեր քաղաքացիների վստահությունն ու հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին՝ Միավորված աշխատանքային կուսակցությունն իր բազմահազար ընտրողներին վստահեցնում է, որ այսուհետ հետամուտ է լինելու հայաստանյան քաղաքական միջավայրում գաղափարախոսական դաշտի ձեւավորմանը, հայ մարդու ինքնությանը հարիր՝ ազատականության եւ ժողովրդավարության սկզբունքների ամրապնդմանն ու տարածմանը»: Նաեւ նշված է, թե ՄԱԿ-ն ակտիվ մասնակցություն է ունենալու հասարակական եւ քաղաքական կյանքին. «Եվ իր ծանրակշիռ ավանդն է ներդնելու Հայաստանում ձեւավորվող քաղաքական մշակույթի կայացման գործում»:

Այս հաղորդագրությամբ էլ ՄԱԿ-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի 3-րդ գումարման Ազգային ժողովին համատեղ աշխատանքի համար, նաեւ «այն բոլոր քաղաքական ուժերին եւ անհատ պատգամավորներին, որոնց հետ համագործակցության արդյունքում հնարավոր եղավ ստեղծել, հղկել ու կատարելագործել մեր երկրի օրենսդրությունը»:

ՄԱԿ-ը նաեւ շնորհավորում է 4-րդ գումարման ԱԺ մուտք գործած բոլոր քաղաքական ուժերին եւ անհատ պատգամավորներին. «Նորընտիր Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին մաղթում ենք արդյունավետ օրենսդրական աշխատանք, որը հնարավորություն կստեղծի բարձրացնելու Հայաստանի միջազգային վարկանիշն ու ամրապնդելու մեր դիրքերն ընդդեմ այն մարտահրավերների, որոնք ծառացած են մեր հայրենիքի առջեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել