Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցիներին աղջիկ է մատակարարում

Մայիս 28,2007 00:00

Շահամոլ «թարգմանչուհին» մարմնավաճառներ էր գտնում «Ալեն-Էլեն» սրճարանում

ՀՀ քաղաքացի Լենա Թավաքալյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության թրաֆիքինգի բաժնում հարուցվել է քրեական գործ:

Մեղադրանքի հիմքում դրվել է այն, որ տիրապետելով պարսկերենին, պարբերաբար հանդիպել էր Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների հետ, նրանց մատուցել է բազմապիսի ծառայություններ: Քրեական գործը երեկ ուղարկվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:

Նախաքննության ժամանակ պարզվել է հետեւյալը. Լենա Թավաքալյանը, օգտագործելով իր պարսկերեն լեզվի իմացությունը, «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես նաեւ մայրաքաղաքի «Էրեբունի» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող ավտոբուսների կայանատեղիում ծանոթացել էր Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած առեւտրականների ու զբոսաշրջիկների հետ, որոնց էլ վարձակալությամբ հանձնել էր իր սեփական բնակարանը (Երեւան, Բագրատունյաց 4-րդ նրբանցք, 21 շենք հասցեում): Հայաստանում իրանցիների հետ զբոսնելիս նա կատարում էր թարգմանչի եւ զբոսավարի պարտականություններ:

Նախաքննության փուլում պարզվել էր նաեւ, որ թարգմանչուհին լրացուցիչ եկամուտ ստանալու դիտավորությամբ, ինչպես նաեւ պարսիկ զբոսաշրջիկների «լիարժեք հանգիստն» ապահովելու նպատակով, 2006-2007թթ. ընթացքում պարբերաբար միջնորդել է, որ Աբովյան փողոցում գտնվող «Ալեն-Էլեն» դիսկո-ակումբ մշտապես այցելող մարմնավաճառներ Անժելա Գեւորգյանը, Սիրանուշ Վարդանյանը, Հայկանուշ Մարգարյանը, Իսկուհի Դավթյանը, Լիանա Եղիազարյանը եւ այլք սեռական հարաբերություններ ունենան Իրանից ժամանած զբոսաշրջիկների հետ, նրանց անձամբ է ուղեկցել տարբեր հյուրանոցներ կամ վարձակալած բնակարաններ, սեռական ծառայությունների դիմաց վերջիններիս ստացած 15-20 հազար դրամ գումարից յուրաքանչյուր դեպքով որպես միջնորդավճար իրեն պահելով 5000 դրամ, «որով իսկ նպաստել է մի խումբ անձանց պոռնկությամբ զբաղվելուն»:

Տեղեկացնենք, որ առաջադրված մեղադրանքում Լենա Թավաքալյանն իրեն մեղավոր չի ճանաչել, այն դեպքում, երբ այս տարվա ապրիլի 5-ի իր ցուցմունքում, դեռեւս վկայի կարգավիճակով, ընդունել է իր մեղքը: Հայտնել էր նաեւ, որ զղջում է արարքի համար, չի գիտակցել դրա ամբողջ լրջությունն ու պատասխանատվությունը եւ այդ քայլին է դիմել նյութական վիճակից դրդված:

Մարմնավաճառ Իսկուհի Դավթյանի հետ առերեսման ժամանակ էլ, ըստ քրգործի նյութերի, հաստատել է, որ նրան եւ այլ մարմնավաճառ աղջիկների ծանոթացրել է պարսիկ զբոսաշրջիկների հետ, որպեսզի սեռական հարաբերություն ունենան միմյանց հետ, սակայն դրա դիմաց Ի. Դավթյանից կամ այլ մարմնավաճառից գումար չի վերցրել:

Մեկ այլ վկայի՝ Հայկանուշ Մարգարյանի ցուցմունքով, ինքը 2006 թվականից զբաղվում է մարմնավաճառությամբ եւ ընկերուհու, նույն արհեստով զբաղվող Սիրանուշ Վարդանյանի հետ հաճախորդներ գտնելու նպատակով հաճախակի եղել են «Ալեն-Էլեն» դիսկո-ակումբում: Այցելություններից մեկի ժամանակ իրենց է մոտեցել Լ. Թավաքալյանը եւ հավաստիանալով, որ ինքն ու Սիրանուշը մարմնավաճառներ են, առաջարկել է «աշխատել միասին»: Լենան խոստացել է ապահովել մշտապես «գործող» հաճախորդներով, հիմնականում պարսիկ զբոսաշրջիկներով: Յուրաքանչյուր «հանդիպումից» հետո թարգմանչուհուն տրվում էր 5000 դրամ:

Ըստ այս վկայի, այս տարվա մարտին վիճել է Լ. Թավաքալյանի հետ, քանի որ «պարսիկ հաճախորդը վճարել է ընդամենը 10000 դրամ, որից էլ ինքը չի ցանկացել տալ 5000 դրամ միջնորդավճարը»:

Մեկ այլ մարմնավաճառ էլ՝ Անժելա Գեւորգյանը ցուցմունք էր տվել, թե տիկին Թավաքալյանի հետ ծանոթացել է «Ալեն-Էլեն» դիսկո-ակումբում, ուր վերջինս եղել է մի քանի պարսիկ տղամարդկանց հետ: Լ. Թավաքալյանի «թարգմանությամբ», պարսիկներից մեկի ուղեկցությամբ գնացել են «Գետառ» հյուրանոցային համալիր: Նույն օրը մեղադրյալ Թավաքալյանը առաջարկել է «համագործակցել»՝ նույն 5000 դրամ միջնորդավճարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել