Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՆԵՐԱԼԻ ՈՐԴՈՒ ԴԵՄ

Մայիս 31,2007 00:00

\"\"Ազատության 16 բազմաբնակարան շենքի 35 սեփականատերեր երեկ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ վարչապետին, «Առավոտին»: \"\"

Վերոհիշյալ շենքը նախկին ավտոպահեստամասերի եւ լուսատեխնիկական գործարանների կոոպերատիվն է, որը կազմավորվել է 1963-ին, իսկ 1967-ի աշնանը հանձնվել շահագործման: Առաջին հարկում գործում էր նախկին դիետիկ ճաշարանը, շենքի 2-րդ հատվածում՝ «Զեյթուն» գաստրոնոմն էր:

Վերջերս այս շենքի բնակիչների եւ գեներալ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգորի միջեւ վիճաբանություն է սկսվել՝ կապված այդ տարածքում նրա կողմից սկսված շինարարության հետ:

«Ոչ մեկս մեծ փողերի տեր չէր, ժամանակին չկարողացանք գնել այդ տարածքը»,- երեկ «Առավոտին» ասացին Ազատության բնակիչները:

Նրանք տեղեկացրին, որ այս տարվա ապրիլին հայտնվել է սեփականատերը՝ Իգոր Խաչատուրովը: Սկսել է քանդվել ընդհանուր բակը, ու երբ բնակիչները հարցրել են՝ «ի՞նչ եք անում», հետեւել է քաշքշուկը: Բնակիչներից Ջուլիետա Նավասարդյանի ոտքերին ու թեւերին կապտուկներ կային: Նա թույլ չի տվել, որ շինարարները որեւէ գործ անեն, քանի որ, ըստ նրա, անվտանգության կանոնները չեն պահպանում:

Ջ. Նավասարդյանի թոռը՝ Դավիթը, օրեր առաջ ընկել էր բակում թափված երկաթների վրա: Այդ մասին տեղյակ է պահվել թաղայինին, թաղապետարանին: Շինարարության ժամանակ գեներալի որդին որեւէ թույլտվություն չի ունեցել: Բնակիչները դիմել են դեռ պատգամավորական լիազորությունները վայր չդրած Մանուկ Գասպարյանին եւ հայտնել, որ Խաչատուրովը շինարարության իրավունք չունի: Երեկվա դրությամբ բնակիչները ընդունելություն էին խնդրել քաղաքապետարանից, որը նշանակել է օրը՝ մայիսի 30-ին:

«Շատ չեղա՞վ ձեր խոսակցությունները»,- տիկ. Նավասարդյանին ասել է գեներալի որդին:

Իգորին հրավիրել են անգամ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժին: Սակայն մի քանի օր առաջ Խաչատուրովը ստացել է «նախկին «Զեյթուն» գաստրոնոմի տարածքի ներքին հարդարման եւ ընդլայնման թույլտվության նախագիծը»:

Ըստ ՀՀ կառավարության՝ «Պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի պահպանման եւ սպասարկման անհրաժեշտ հողամասը տվյալ շենքի բնակարանների եւ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանակման կարգի մասին» որոշման տարածքի տնօրինման իրավունքը 60-ականներից այդտեղ ապրողներինն է:

«Մեր բակը ինչպես եղել է, թող նույն տեսքով մեզ վերադարձնեն»,- պահանջում են Ազատության բնակիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել