Լրահոս
Օրվա լրահոսը

Աչքի փուշը

Հունիս 27,2007 00:00

Օրինագիծ՝ Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հեռարձակումը դադարեցնելու մասին:

Հունիսի 27-ին հրավիրված է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում, ի թիվս այլ օրինագծերի, ներառված է առաջին հայացքից անմեղ մի նախագիծ: Խոսքը վերաբերում է ՀՀ օրենքին՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին: Փոփոխությունը հետեւյալն է. «Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀO-186) 19-րդ հոդվածի 9-րդ մասի 9.6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.6.2.5-րդ ենթակետով՝ Հայաuտանի Հանրապետության հեռուuտառադիոընկերության կողմից oտարերկրյա զանգվածային լրատվական միջոցի ազգային խմբագրության կամ ծառայության հաղորդաշարի հաղորդումների յուրաքանչյուր թողարկման համար՝ բազային տուրքի 70-ապատիկի չափով»: «Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը»:

Իսկապես, անմեղ ձեւակերպում է: Սակայն երբ վերլուծում ես, հասկանում ես այս օրինագծի հեղինակների թաքուն մտադրությունը: Բանն այն է, որ արտասահմանյան որեւէ լրատվամիջոց, բացի «Ազատություն» ռադիոկայանից, «ազգային խմբագրություն կամ ծառայություն» չունի, որի հաղորդումները հեռարձակվեն Հայաստանի որեւէ հեռուստառադիոընկերությամբ: Հետեւաբար, այս օրինագիծն ուղղված է մի նպատակի՝ դադարեցնել Հայաստանի Հանրային ռադիոյով «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հեռարձակումը: Հանրային ռադիոն, օրենքն ընդունվելուց հետո, հանգիստ կարող է ասել, թե հնարավորություն չունի «Ազատության» ամեն հաղորդման համար 70 հազար դրամ պետական տուրք մուծել, հետեւաբար խզում է պայմանագիրը եւ դադարեցնում է այդ հաղորդումների հեռարձակումը:

Ահա այսպիսի թակարդ: Մնում էր միայն, որ օրինագծի հեղինակներն այն վերնագրեին՝ «Օրենք Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հեռարձակումը դադարեցնելու մասին»:

Իսկ ինչո՞ւ հենց հիմա, կհարցնեք: Որովհետեւ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրարշավի, ընտրախախտումների եւ այլնի մասին հեռարձակվող ԶԼՄ-ներից միայն «Ազատությունն» է ճշմարտությունը ասում: Նախագահական ընտրություններ են մոտենում, եւ իշխանությունները, հատկապես՝ Բաղրամյան 26-ի չինովնիկները, որ սիրում են ճամարտակել «Ազատություն» ռադիոկայանի՝ իրենց կարծիքով «սուբյեկտիվ լինելու» մասին, որոշել են փակել ճշմարիտ ինֆորմացիայի այդ աղբյուրը եւս:

Սա դեռ բոլորը չէ: ԱԺ օրակարգում է նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի փոփոխությունը, որն, ըստ էության, արգելում է արտասահմանյան հեռուստառադիոընկերությունների հաղորդումների վերահեռարձակում հանրային հեռուստառադիոընկերության օգտագործած հաճականություններով: Այդ մի «խորամանկ» փոփոխությանը կանդրադառնանք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել