Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՅՐԻԿՅԱՆԻՑ ՉԻ ՆԵՂԱՆՈՒՄ

Օգոստոս 31,2007 00:00

\"\"«Մենք չենք վիրավորվում, որ տարբեր սրճարաններում մեր հանդիպումներին Պարույր Հայրիկյանը չի մասնակցում»,- երեկ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը:

Հայաստանյան ընդդիմադիր մի քանի ուժերի առաջնորդների միջեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած պարբերական հանդիպումներից երկրորդը, ինչպես արդեն հայտնի է, տեղի էր ունեցել «Կոնգրես» հյուրանոցում եւ անցել էր «դռնփակ ռեժիմով»: Ու թեեւ այդ հանդիպման վերաբերյալ դրան մասնակցած ու չմասնակցած ուժերի ներկայացուցիչներից ոմանք իրենց կուսակցության տեսակետներն արդեն հայտնել են, այդուհանդերձ, երեկ Պ. Հայրիկյանն ինքն անդրադարձավ դրան ու գնահատականներ տվեց հանդիպմանը չմասնակցած առանձին ուժերի մոտեցումներին:

Մասնավորապես, հանդիպմանը Արամ Զ. Սարգսյանի չներկայանալու մասով նա դեռ նախորդ օրն էր «Panorama. am»-ի թղթակցին ասել, թե՝ «իրենք («Հանրապետությունը») կաղապարված մոտեցում ունեն եւ, հավանաբար, կարծում են, որ այս հանդիպումները կնպաստեն մեկ այլ բեւեռի ձեւավորմանը: Բայց շատ հանգիստ կարող էին գալ եւ իրենց տեսակետները մատուցել»: Իսկ երեկ «Հայացք» ակումբում՝ վկայակոչելով մամուլում եղած եւ Ա. Սարգսյանին վերագրված հայտարարությունը, թե՝ «սկզբունքորեն չի մասնակցում այդօրինակ հանդիպմանը», նման մոտեցումը գնահատել է իբրեւ «գժական», որովհետեւ, ըստ նրա, մեկը, ով զբաղվում է քաղաքականությամբ, հայտարարում է, թե սկզբունքորեն չի հանդիպի իր գործընկերների հետ: Իհարկե, Պ. Հայրիկյանը նաեւ հավելել է, թե չի կարծում, որ Ա. Սարգսյանն այդպիսի մոտեցում է ցուցաբերել, եւ կասկած է հայտնել, թե մամուլը խեղաթյուրել կամ սխալ է մատուցել նրա խոսքերը:

Հիշյալ գնահատականների վերաբերյալ մենք փորձեցինք ստանալ «Հանրապետության» նախագահ Ա. Սարգսյանի մեկնաբանությունը, բայց կուսակցությունում մեզ ասացին, որ դժվար թե հնարավոր լինի նրա հետ կապվել, ուստի դիմեցինք կուսակցության մամուլի խոսնակ եւ քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցին: Վերջինս նախ՝ կարծիք հայտնեց, թե «յուրաքանչյուր մարդ նախ իր նախաձեռնությանը պետք է հարգանքով վերաբերվի», ապա հավելեց. «Մենք բարձր ենք գնահատում քաղաքական ուժերին համախմբելու Պ. Հայրիկյանի նախաձեռնությունը, բայց դա չի նշանակում, որ այդ նախաձեռնությունն այնքան պետք է գերագնահատել, որ կարելի է սկսել որակումներ տալ հանդիպումներին չմասնակցող գործիչներին: Երկրորդ, հասարակական համաձայնության միջավայրն ու մթնոլորտը կայանում են ոչ թե կոնֆիդենցիալ սրճարանային հանդիպումներում, այլ քաղաքական գործընթացների արդյունքում, իսկ այդ հանդիպումներում քաղաքական գործընթացների բաղկացուցիչը շատ թույլ է: Երրորդ, մենք՝ որպես կուսակցություն, զբաղված ենք առանցքային թեկնածուի շուրջ քաղաքական համաձայնություն ձեւավորելով եւ չենք կարծում, որ մեր անելիքը հակադրվում է ինչ-որ մեկի նախաձեռնությանը կամ հակառակը՝ չենք էլ ուզում մտածել, որ Պ. Հայրիկյանի նախաձեռնությունը հակադրվում է մեր նախաձեռնությանը: Ինչ վերաբերում է նրան, որ կարող է այլ բեւեռ ձեւավորվել, ապա այսօրվա քաղաքական դաշտն ուսումնասիրելով՝ ես եկել եմ այն խորին համոզման, որ գործող իշխանությանը այլընտրանք կարող է լինել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Միաժամանակ Ս. Սուրենյանցը չբացառեց, որ «Հանրապետությունը» կարող է մասնակցել ընդդիմադիր այլեւայլ ձեւաչափերով անցկացվող հանդիպումներին կամ քննարկումներին: «Համենայնդեպս, չենք վիրավորվում, որ մենք տարբեր սրճարաններում հանդիպումներ ենք ունենում եւ դրանց Պ. Հայրիկյանը չի մասնակցում, եւ դրանից հետո որակումներ չենք տալիս»,- ԱԻՄ նախագահին հակադարձեց «Հանրապետության» ներկայացուցիչը՝ միաժամանակ ընդդիմադիր գործընկերներին խնդրելով չգերագնահատել իրենց նախաձեռնությունների քաղաքական նշանակությունը:

Ս. Սուրենյանցը միաժամանակ հերքեց, թե իր կուսակցության որեւէ անդամը կամ առաջնորդ Ա. Սարգսյանը երբեւէ հայտարարել են, թե իրենք սկզբունքորեն չեն հանդիպելու իրենց գործընկերների հետ. «Մենք ընդամենը ասել ենք, որ այս պահին այդ հանդիպումներին մասնակցելու մեջ քաղաքական նպատակահարմարություն չենք գտնում: Մենք մեր տեսակետները հրապարակավ ենք հայտնել, եւ դրանք բոլորին հայտնի են, ուստի՝ չի կարելի ասել, թե մենք սկզբունքորեն չենք հանդիպում: Շատ հնարավոր է, որ հաջորդ հանդիպմանը մեր կուսակցությունը ներկա լինի»: Ս. Սուրենյանցը նաեւ նկատեց, թե «հաճախ նման հանդիպումներն իրենց նշանակությունը կորցնում են, երբ դրանց բովանդակությունից շատ ավելի աղմուկն է լինում այդ հանդիպումների շուրջ: Այսինքն՝ քաղաքական լուրջ գործընթացներն ու բանակցությունները շատ ավելի աշխատանքային միջավայր են ենթադրում, քան մամուլում աղմուկ բարձրացնելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել