Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԱՐԱԳԸ ՀԱՅԵՐՆ ԵՆ ԶԳԵՍՏԱՓՈԽՎՈՒՄ

Սեպտեմբեր 29,2007 00:00

\"\"Սոս Կրտսեր եւ Վիկտորյա Պետրոսյանները գրանցվել են Գինեսի գրքում

Վերջերս «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի որդին ու հարսը՝ Սոս Կրտսեր եւ Վիկտորյա Պետրոսյանները, երկու րոպեի ընթացքում 16 անգամ զգեստափոխվելով, արժանացել են Գինեսի գրքի լոնդոնյան ժյուրիի հիացմունքին եւ գրանցվել որպես «ամենաարագ զգեստափոխվողները» աշխարհում:

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ, երբ Սոս Կրտսեր ու Վիկտորյա Պետրոսյանները երկու ամսով հանդես էին գալիս երեւանյան կրկեսում, «Առավոտի» հետ հարցազրույցի ժամանակ հայտնել էին, որ իրենք շատ ժամանակ են հատկացնում աճպարարական ժանրի ճյուղերից մեկին՝ արագ զգեստափոխությանը, ինչը 1995թ. առաջին անգամ կրկեսի արենա են հանել եվրոպացի արտիստները: Նույն թվականին էլ, դեռեւս Մոսկվայի Յուրի Նիկուլինի անվան կրկեսում, այդ համարը ցուցադրել են երեքով՝ Սոս Կրտսերը, քույրը՝ Նաիրան եւ Վիկտորյան: Իսկ 2003թ., երբ նրանց հայրը՝ Սոս Պետրոսյանը նշանակվել է Երեւանի կրկեսի տնօրեն, Նաիրան վերադարձել է հայրենիք եւ ստանձնել կրկեսի ռեժիսոր-բեմադրիչի պաշտոնը: Նա նաեւ հանդես է գալիս որպես աճպարար եւ կենդանավարժ:

«Առավոտի» հարցին՝ հայ հանդիսատեսը ե՞րբ կտեսնի Գինեսի ռեկորդակիրներին հայրենիքում, Սոս Կրտսերը Դյուսելդորֆից հեռախոսով հայտնեց. «Մեր հյուրախաղերի գրաֆիկը կազմված է տասը տարվա համար եւ, անկախ ռեկորդ սահմանելուց, ես ու կինս անպայման պետք է ներկա գտնվենք հորս ծննդյան 60-ամյակին: Իսկ դա տեղի կունենա 2008թ. սեպտեմբերին»: Դիտարկմանը, թե այդ համարի վրա իրենք ավելի քան տասը տարի աշխատել են, հնարավոր չէ՞ր դրան հասնել ավելի կարճ ժամանակահատվածում, արտիստն ասաց. «Մի բան է ելույթ ունենալ կրկեսում, ցուցադրել գեղեցիկ համար, մի այլ բան՝ երբ աշխատում ես արագության վրա: Վերջին դեպքում կրկեսի արտիստից կարծես վերածվում ես սպորտսմենի»: Իսկ Գինեսի գրքում հայտնվել ցանկացող այլ հայ մասնակից չկա՞ր, այս հարցին էլ Սոս Կրտսերը պատասխանեց, որ Գինեսի ռեկորդակիր դառնալու համար աշխարհի IBF կարգի չեմպիոն Արթուր Աբրահամին ընդամենը 4 ցատկ չի բավարարել. «Արթուրը 60 վրկ-ի ընթացքում պարանով 237 ցատկ կատարեց»: Սոս Կրտսերը նշեց նաեւ, որ իրենք բազում հրավերներ ունեն աշխարհի հեղինակավոր հեռուստաընկերություններից՝ շոուներին մասնակցելու, նաեւ իրենց արվեստը հայտնի վարիետեներում ցուցադրելու համար: «Նախօրեին Փարիզից եկել ենք Գերմանիա՝ Դյուսելդորֆ, հեռուստաշոուի մասնակցելու համար, որից հետո կմեկնենք Լաս Վեգաս: Մի խոսքով՝ դեռ 30 երկիր սպասում է մեզ»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Նա ուրախությամբ հայտնեց նաեւ, որ վերջերս էլ իր 10-ամյա որդին՝ Սոս Երրորդը, մասնակցելով Հոլանդիայում ավանդական դարձած աճպարարների միջազգային մրցույթին, արժանացել է առաջին մրցանակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել