Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆՔ

Հոկտեմբեր 04,2007 00:00

\"\"Հայաստանում հողհատկացումները երբեմն արվում են անթույլատրելի տարածքներում

Էրեբունի համայնքի Այվազովսկու փողոցի բնակելի շենքերը, առանձնատներն ու սպասարկման օբյեկտները կառուցված են վտանգավոր վայրում: Այս փողոցի ողջ երկայնքով մեկ ձգվում են օդային բարձրավոլտ հոսանքալարեր, ինչը, մասնագետների մեկնաբանմամբ, մարդու առողջության համար խիստ վնասակար է: Ըստ մասնագետների, 110 կիլովոլտանոց հոսանքագծի տակ ապրելը մարդու մոտ կարող է առաջացնել մաշկի, գլխի, աչքերի քաղցկեղ, քանի որ այդտեղ մշտապես առկա է էլեկտրամագնիսական դաշտ:

Բացի այն, որ նշյալ տարածքում էներգետիկ անվտանգության գոտիները պահպանված չեն եւ մարդկանց տուն կառուցելու կամ տնտեսական գործունեություն ծավալելու համար հողհատկացումներ արվել են հենց հոսանքալարերի տակ, բարձրավոլտի վթարի դեպքում, խիտ կառուցապատման պատճառով, որեւէ տեխնիկա չի կարող մոտենալ հոսանքալարերին: Մինչդեռ, Այվազովսկու փողոցով անցնող հոսանքալարերից սնվում են Շենգավիթ եւ Էրեբունի համայնքների մեծ մասը, ինչպես նաեւ Կենտրոն համայնքի որոշ թաղամասեր: Այդ բարձրավոլտից, մեր տեղեկություններով, էլեկտրաէներգիա են ստանում ռազմավարական նշանակության եւ կարեւորագույն օբյեկտներ, ինչպիսիք են՝ ՀՀ ազգային անվտանգության շենքը, Կենտրոնի ոստիկանությունը եւ այլն: Այվազովսկու փողոցում հողհատկացումներ արվել են անգամ բենզալցակայաններ կառուցելու համար: Մասնագետների խոսքերով, բարձր լարման հոսանքալարերի տակ բենզինի, գազի եւ նավթի լիցքավորման կետեր բացելը պարզապես անթույլատրելի է:

Նկատենք, որ բարձրավոլտ հոսանքալարերի տարածքում հողհատկացումներ անելը հանրապետությունով մեկ զանգվածային բնույթ է կրում: Քանի որ վերջին տարիներին մեր երկրում հողի գինը զգալի բարձրացել է, հողհատկացման լիազորություններով օժտված մարմինները՝ քաղաքապետերը, մարզպետներն ու գյուղապետերը ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում եւ աճուրդով վաճառում են անգամ վտանգավոր գոտիներում գտնվող հողատարածքները: Մինչդեռ էներգետիկ անվտանգության գոտիներում հողհատկացում անելու համար համայնքի ղեկավարները պետք է Հայաստանի էլեկտրական ցանցերից ստանան տեխնիկական եզրակացություն: Ըստ այդմ էլ կորոշվի՝ թույլատրելի՞ է, թե՞ ոչ տվյալ տարածքում կառուցապատում անել: Այս առնչությամբ «Առավոտի» հարցին ի պատասխան, «Հայէլցանցերի» լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ կառավարությունը թիվ 313 որոշմամբ սահմանել է էներգետիկ բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը եւ դրանց օգտագործման կարգը: Ըստ այդմ, մինչեւ 20 կիլովոլտ լարման դեպքում հոսանքալարերից աջ ու ձախ անվտանգության գոտին սահմանվում է 10 մետր:

35 կիլովոլտ լարման դեպքում գործունեություն կարելի է ծավալել 15 մետր հեռավորության վրա: 110 կիլովոլտի դեպքում՝ 20 մետրից ոչ պակաս: 25 մետր էլ սահմանված է 150-220 կիլովոլտի դեպքում:

Բացի այն, որ հողհատկացումներ արվում են վտանգավոր գոտիներում՝ ձորերում, դաշտերում տեղակայված բարձր լարման էլեկտրասյուները հետզհետե թաղվում են հողի տակ: Բանն այն է, որ մայրաքաղաքում իրականացվող շինարարության շինաղբը տոննաներով թափվում է այն տարածքներում, որտեղ այդ էլեկտրասյուներն են գտնվում: Մասնագետների խոսքերով, հողալցման հետեւանքով, էլեկտրասյուների տարածությունը գետնից զգալի կրճատվում է: Շատ հնարավոր է, որ մարդը այդ տարածքով անցնելիս՝ գլուխը դիպչի, ասենք, 220 կիլովոլտանոց հոսանքալարին:

Մարդիկ ստորգետնյա մալուխներից եւս ապահովագրված չեն: Օրինակ, Աջափնյակի, Մալաթիայի եւ Էրեբունու ենթակայաններին կից տարածքներում անվտանգության գոտիները եւս խախտված են: Այդ ենթակայանների անմիջապես հարեւանությամբ, ստորգետնյա մալուխների վրա կառուցապատում է ընթանում, ինչը պարզապես անթույլատրելի է:

Նշենք, որ էներգետիկ անվտանգության հարցերը խիստ անհանգստացրել են նաեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը: Այդ գործով, մասնավորապես, զբաղվել է ծառայության աշխատակից Արմեն Ալաբեքյանը: Իսկ թե ինչ ակնառու խախտումներ են հայտնաբերվել, երկու օր շարունակ մեզ չհաջողվեց նրանից այդ առնչությամբ որեւէ պարզաբանում ստանալ, քանի որ նա աշխատավայրում չէր, իսկ գործավարուհին էլ հայտնեց, որ ինքն իրավունք չունի Ալաբեքյանից որեւէ կոորդինատ տրամադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել