Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխե՛ք վիճահարույց դրույթները

Հոկտեմբեր 17,2007 00:00

Մի շարք կազմակերպություններ առաջարկում են հստակեցնել «Ընտրական օրենսգրքի» այն դրույթները, որոնք սողանցքներ են ապահովել ընտրախախտումների համար:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան» կազմակերպությունը եւ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության» հիմնադրամը երեկ կազմակերպել էին սեմինար՝ «Ընտրական գործընթացները Հայաստանում» թեմայով: Ներկայացնենք ընդամենը մի քանիսն այն առաջարկներից, որոնք հնչեցին այդ սեմինարի ընթացքում:

«Ընտրությունը քոնն է» կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանն առաջարկեց «Ընտրական օրենսգրքում» հստակ սահմանել, թե քաղաքական ուժերի մատուցած «ո՛ր ծառայություններն ու ապրանքներն են ընտրակաշառք, ո՛ր ժամանակահատվածում եւ ի՛նչ պայմաններում»: Կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանն այս կապակցությամբ նշեց. «Երբ մենք այս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը դիտարկելիս առաջ քաշեցինք, որ այս կամ այն համայնքին նվիրվել է շտապօգնության մեքենա եւ այլն՝ մեզ ԿԸՀ-ից բացատրեցին, թե դա ընտրակաշառք չէ, քանի որ այդ մեքենան տրվել է համայնքին, այլ ոչ թե ընտրողներին: Բայց շատ ներողություն. համայնքը հենց ընտրողնե՛րն են»:

Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն առաջարկեց թաքնված քաղաքական գովազդն արգելել ոչ միայն հանրաքվեների եւ ընտրությունների ժամանակաշրջանում, այլեւ ընդհանրապես. «Ցանկացած ժամանակ քարոզչական նյութերը պետք է տարածվեն միայն իբրեւ քաղաքական գովազդ եւ ունենան համապատասխան նշում»: Ըստ նրա՝ պիտի սահմանվի, թե ինչ է նախընտրական քարոզչական հաղորդումը կամ քաղաքական գովազդը: Փորձագետն առաջարկեց հստակեցնել օրենքում տարընթերցումների տեղիք տվող «հանրաքվեների եւ ընտրությունների քարոզչությանը նախորդող ժամանակաշրջան» ձեւակերպումը, նշելով, թե այն վերաբերում է ընտրություններ հայտարարելու օրվանից մինչեւ նախընտրական քարոզչության սկզբին։ Ժողովրդավարական ուղի կուսակցության քարտուղար Վարդան Գրիգորյանն առաջարկեց այդ ժամանակաշրջանը սահմանել ընտրություններին նախորդող 1 տարին:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի առաջարկներից էր օրենսգրքում նախատեսել «կուսակցությունների ու քարոզչությանն ուղղված միջոցների վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու կանոնակարգի ընդունման պարտադիր պայման»: Ըստ նրա՝ պետք է երաշխիքներ ապահովել, որ «քաղաքական ընթացիկ գործունեությունը հստակ տարանջատվի նախընտրական քարոզչությունից, բացառվի քաղաքական ու բարեգործական գործունեության միատեղումը»: Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ Հայաստանից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու պրակտիկան վերացնելու նպատակով անհրաժեշտ է վերացնել ստորագրված ընտրացուցակների գաղտնիության արգելքը:

«Նոր ժամանակներ»-ի վարչության անդամ Հրաչյա Սարգսյանն առաջարկեց սահմանել, որ ընտրություններին մասնակցելը ոչ թե իրավունք է, այլ պարտականություն, եւ քրեորեն հետապնդելի արարք է ընտրություններին չմասնակցելը:

Մի մեջբերում էլ «Թրանսփարենսիի» առաջարկներից, որոնք ներկայացրեց կազմակերպության փոխնախագահ Վարուժան Հոկտանյանը: Ըստ նրա՝ նախընտրական քարոզչության դիտարկման ընթացքում հօգուտ իշխանամետ թեկնածուների եւ կուսակցությունների «օգտագործվում էին պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գույքը, տրանսպորտային եւ այլ միջոցները»: Առաջարկվում է օրենսգրքում ամրագրել դրույթ, որը կարգելի նման միջոցների օգտագործումը:

Այս բոլոր առաջարկները փոխանցվելու են ԱԺ խմբակցություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել