Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԽԱԽՏՎԵԼ»

Հոկտեմբեր 25,2007 00:00

\"\"Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս պնդումը վիճարկում են հոկտեմբերի 23-ին ոստիկանությունում 8 ժամ անցկացրած գործիչները:

«Պայքար, պայքար մինչեւ վերջ». այս վանկարկումներով հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը, ժամը 03:20-ին Կենտրոնի ոստիկանությունից դուրս եկան «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը, «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, «Այլընտրանքի» անդամ Դավիթ Մաթեւոսյանը, «Հանրապետության» անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը եւ այլք:

Մինչ նրանց ազատ արձակվելը՝ ժամեր շարունակ ոստիկանության առջեւ մնացին ձերբակալվածների հարյուրավոր համախոհները: Արժանահիշատակ է, որ մինչեւ վերջ ոստիկանության առջեւ մնացին «Ժառանգության» 7 պատգամավորներից 4-ը: Նրանցից հատկապես երկուսը՝ Զարուհի Փոստանջյանը եւ Լարիսա Ալավերդյանը ոչ մի պահ հանգիստ չթողեցին ոստիկաններին: Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանն իր առջեւ բաժանմունքի դուռը երեք շարքով փակած ոստիկաններին կշտամբում էր, որ ծառայում են ոչ թե պետությանը, այլ առանձին անձանց. «Եվ ձեր սպայական պատիվը դրանից բացարձակապե՛ս չի շահում»:

ՀՀ մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Արմեն Հարությունյանը ոստիկանության բաժանմունքում էր: Երեկ, վկայակոչելով «ՆՏ»-ի հաղորդագրությունը՝ նշել էինք, թե Արմեն Հարությունյանը հայտարարել է, որ «կատարվել է մարդու իրավունքների խախտում, քանի որ ոստիկանությունը վերոհիշյալ անձանց ձերբակալելու համար բավարար հիմքեր չի ունեցել»: Սակայն Արմեն Հարությունյանն «Առավոտին» հայտնեց. «Ես նման որեւէ հայտարարություն չեմ արել: Ոստիկանության բաժանմունք իմ գնալու նպատակն էր, որ պահպանված լինեն այդ մարդկանց պրոցեսուալ իրավունքները, խախտումներ ու նաեւ ճնշումներ չլինեն նրանց նկատմամբ: Հարցական էր, թե ինչու են նրանք բերման ենթարկվել, նաեւ ուզում էի պարզություն մտցվի, որ վերանա առկա լարվածությունը: Պատճառը հիմնավոր էր. այնտեղ ծեծկռտուք էր եղել, ծեծված ոստիկաններ կային: Մյուս կողմից էլ վնասված մարդիկ կային՝ կապտուկներով էր Նիկոլ Փաշինյանը եւ էլի մի քանի հոգի: Բերման էին ենթարկել, որ բացատրություն վերցնեն: Ամեն կողմն իր մոտեցումն ուներ, մոտեցումներն իրարամերժ էին, բայց պրոցեսուալ իրավունքների տեսակետից չի եղել որեւէ ճնշում՝ ցուցմունք գրելուց եւ այլն»: Մեր ճշգրտող հարցին, թե կարծում է, որ բերման ենթարկվածների իրավունքներն իրո՞ք չեն խախտվել՝ Պաշտպանը պատասխանեց. «Այո, որեւէ ճնշում նրանց վրա չի եղել: Եվ այն փուլից, երբ ես եմ գնացել՝ փաստաբանները պետք է գային ու մասնակից լինեին արդեն: Ես նույնիսկ Շողերին ու Նիկոլ Փաշինյանին հարցրի՝ եթե փաստաբանների կարիք կա, ասեք, թե ովքեր են ձեր փաստաբանները: Եվ այդպիսի մեկը չկա, որ փաստաբան է ուզել, եւ նրան չեն տրամադրել: Որեւէ մեկն առանց փաստաբանի ցուցմունք չի գրել: Ասենք, շուրջ 40-45 րոպե սպասել են, որ Շողերի փաստաբանը գա, եւ նոր իրենից ցուցմունք են վերցրել: Մարդիկ կային՝ ընդհանրապես հրաժարվեցին ցուցմունք տալ. դա իրենց իրավունքն էր: Եվ մենք դրան էլ տեր կանգնեցինք, որ իրավունք ունեն ցուցմունք չտալ»:

Մեր խնդրանքով բերման ենթարկվածները տեսակետ հայտնեցին, թե արդյոք համարո՞ւմ են, որ չեն խախտվել իրենց իրավունքները: Եվ բոլորի կարծիքները համահունչ էին, թե իրենք փաստորեն գտնվել են ապօրինի կալանքի տակ: Նիկոլ Փաշինյանն իրենց հակափաստարկները ներկայացրեց համակարգված. «Փաստ N1. մենք 8 ժամից ավելի պահվել ենք Կենտրոնի ոստիկանությունում, ու մինչեւ վերջին պահը կազմված չի եղել բերման ենթարկելու մասին արձանագրություն: Այն փորձել են կազմել հետին թվով, ինչը մենք արձանագրել ենք ու հրաժարվել ստորագրել այդ արձանագրությունը: Փաստ N 2. Մեզ ենթարկել են խուզարկության, որի մասին չի կազմվել որեւէ արձանագրություն: Փաստ N 3. Բերման ենթարկված անձը կարող է այդ կարգավիճակում մնալ 3 ժամ: Մեզ պահել են 3 ժամից ավելի՝ բերման ենթարկվածի կարգավիճակով»:

Պետրոս Մակեյանը նույն փաստարկներին հավելեց. «Սկզբում չընձեռեցին փաստաբանի ծառայություններից օգտվելու հնարավորություն: Թույլ չտվեցին օգտվել նաեւ զանգ կատարելու հնարավորությունից: Այսինքն՝ այդ ամբողջ պրոցեդուրան իրականացվել է լիարժեք խախտումներով: Եվ այդ մասին ասել ենք Պաշտպանին: Իսկ եթե այժմ այլ բան է ներկայացնում՝ ստացվում է, որ նա ուղղակի խոսափո՞ղ է… »:

Դավիթ Մաթեւոսյանը պատմեց. «Ինքս եմ օմբուդսմենին ասել, որ 3-րդ ժամը լրանում է, բայց ես ոստիկանությունում եմ անհայտ կարգավիճակով՝ բերման արձանագրություն կազմված չէ, որի կապակցությամբ ահազանգել եմ հերթապահ մաս՝ ժամն արձանագրելով: Ինձնից բացատրություն չեն վերցրել ու որեւէ գործողություն չեն կատարել: Պաշտպան պիտի պահանջեի՝ թուղթ ու գրիչ ուզեցի, դա էլ չտվեցին: Ասացին՝ իրավունք չունենք»:

Միքայել Հայրապետյանն էլ պնդեց, թե իր օրինական իրավունքները խախտվել են՝ հավելելով, որ իրեն այդ 8 ժամվա ընթացքում ոչ միայն թույլ չեն տվել ծխել, այլ անգամ դեղ խմել. «Խնդրել եմ, ասել՝ գրպանիցս գումար տամ, մի հատիկ բերեք իմ դեղից կամ էլ թույլ տվեք՝ ընկերներս տան ձեզ, ներս բերեք: Բժշկի եւ բազում սպաների ներկայությամբ ասել եմ, բայց նույնիսկ այդ դեղը թույլ չեն տվել փոխանցել: Ինձ առաջարկեցին վալերիանկա խմել: Ես էլ ասացի՝ վալերիանկա դուք խմեք, քանի որ վախեցած եք: 4 ժամ գամված նստած եմ եղել աթոռին, թույլ չեն տվել նույնիսկ ոտքի կանգնել: Անգամ 1985-ին կագեբե-ում այդպես չէին վարվում, որտեղ ես 20 ժամ հարցաքննվել եմ»:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել կատարված հանցագործության մասին. «Եվ հայտարարել եմ, որ մենք, որպես քաղաքացիներ, օրենքի տառին համապատասխան իրացրել ենք մեր իրավունքները, բայց Երեւանի ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը՝ ի չարս գործադրելով իր պաշտոնեական դիրքը, կատարել է հանցագործություն: Եվ խնդրել եմ, որ Սաշիկ Աֆյանի նկատմամբ հարուցվի քրգործ եւ նրան ենթարկեն քրեական պատասխանատվության»:

Հ. Գ. Երեկ ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Սաշիկ Աֆյանը հիմա տարբեր պնդումներ է անում իրենց երկխոսության բովանդակության մասին, սակայն իրենք ունեն այդ զրույցի ձայնագրությունը եւ հրապարակելու են: Եվ դրանից հետո պարզ կլինի նաեւ այն, որ Աֆյանը ողջ ընթացքում պահանջել է հանձնել բարձրախոսը՝ մի քանի անգամ փորձելով խլել այն: Իսկ Մարդու իրավունքների պաշտպանն այս կապակցությամբ ասել է լրագրողներին, որ ոստիկանները «մեգաֆոնն ուզելու որեւէ իրավունք չունեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել