Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայհոյել են իշխանություններին»

Հոկտեմբեր 25,2007 00:00

Հոկտեմբերի 23-ի միջադեպի ոստիկանության վարկածը

Երեկ ԱԺ-ում ոստիկանապետի տեղակալ Արարատ Մահտեսյանը ակնհայտորեն մտադիր չէր պատասխանել լրագրողների հարցերին, սակայն «Առավոտի» հարցը՝ ինչո՞ւ եք ուժ գործադրել խաղաղ ցուցարարների վրա, ուղղակի ափերից հանեց պարոն Մահտեսյանին, եւ նա հակադարձեց՝ «իսկ դուք վստա՞հ եք, որ խաղաղ են եղել», եւ հայտարարեց, որ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության եւ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար: Ավելի ուշ պարոն Մահտեսյանը «Ա1+»-ին ասել էր. «Այս փուլում կալանքի անհրաժեշտություն չի առաջանա, բայց որ երեւույթը՝ հասարակական կարգի խախտումն ակնհայտ է, փաստ է. միգուցե նրանք հին ձեւերով են ուզում գործել, մարդկանց հունից հանել, այդ ձեւերը իրենք լավ գիտեն»: Ըստ Արարատ Մահտեսյանի՝ բախումը եղել է այսպես. «Հավաքվել են ու գոռգոռալով, փողոցները փակելով, ժողովրդի ուշադրությունը շեղելով, հանրահավաքի օրը հայտարարելով, թռուցիկները անթույլատրելի վայրերում փակցնելով՝ հասել են մինչեւ Շրջանային»: Փոխոստիկանապետը վստահեցնում է, որ ոստիկանները զգուշացրել են, «բայց իսկապես որեւէ միջոց չեն ձեռնարկել՝ հասկանալով, որ պրովոկացիայի են գնում, ասել են՝ վերջացրեք նման գործողությունները»: Արարատ Մահտեսյանի վարկածով. «Նրանք սկսել են ոստիկաններին խփել, վիրավորել, հայհոյել: 4 ոստիկան մարմնական վնասվածք է ստացել, սալջարդեր, անգամ ոստիկաններից մեկը ընկել է: Եվ ամենացավալին՝ Շողեր Մաթեւոսյանը հարբած է եղել, դուք պատկերացնո՞ւմ եք, կինը՝ հարբած: Շատ լկտի էր պահում իրեն եւ տղամարդու հայհոյանքներ էր տալիս: Ի՞նչ է, եթե քաղաքական գործիչ են՝ նրանց թո՞ւյլ է տրվում խուլիգանություն անել»: Պարոն Մահտեսյանը նաեւ զգուշացրեց. «Համանման երեւույթների դեմ մենք միշտ պայքարելու ենք, եւ որեւէ մեկը թույլ չի տա քաղաքական գործիչներին եւ լրագրողներին խուլիգանության դիմել»:

Երեկ տեղի ունեցած ասուլիսում Երեւանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը հայտարարեց, թե երթի մասնակիցները խախտել են հասարակական կարգը՝ խոչընդոտելով երթեւեկությունը: Պարոն Նազարյանի հիմնավորմամբ, երթի մասնակիցները շենքերի մուտքերում, երթուղային տաքսիների ու ավտոբուսների պատուհաններից ներս թռուցիկներ են գցել, ինչը, նրա խոսքերով, խուլիգանություն է: «Հիվանդագին ընդունելով իրենց կարգի հրավիրող ոստիկանների դիտողությունները՝ վերջիններս անհիմն վիճաբանել են նրանց հետ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով անցորդների, վարորդների եւ ոստիկանների նկատմամբ՝ շուրջ քսան րոպե զազրախոսել եւ հայհոյել են ոստիկանության աշխատակիցներին, ինչպես նաեւ հայհոյանքներ տեղացել իշխանության մարմինների հասցեին, ապա իրենց գործողություններով խոչընդոտելով ոստիկանների աշխատանքը, դիմադրություն են ցույց տվել եւ բռնություն գործադրել նրանց նկատմամբ»,- ասաց Նազարյանը: Ինչ վերաբերում է փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի այն հայտարարությանը, որ բերման ենթարկվածներից մի քանիսն են եղել հարբած վիճակում, Ներսես Նազարյանը բավականին վստահ նկատեց. «Մահտեսյանն այդպես չէր կարող ասել»:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Խուլիգանությանն ակտիվ մասնակցել եւ ոստիկաններին դիմադրություն են ցույց տվել Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, Տիգրան եւ Կարեն Մակեյանները եւ Շողեր Մաթեւոսյանը, որոնց գործողությունների հետեւանքով ոստիկանության չորս աշխատակիցներ մարմնական վնասվածքներով դիմել են բուժօգնության: Որպես կասկածյալ հարցաքննվել են Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, իսկ Տիգրան եւ Կարեն Մակեյանները եւ Շողեր Մաթեւոսյանը հրաժարվել են ցուցմունքներ տալուց: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել