Լրահոս
Օրվա լրահոսը

Քարտուղարուհիներին կրթում են

Նոյեմբեր 20,2007 00:00

Նրանք ոչ թե սուրճ եփելու համար են, այլ՝ աշխատելու

Մեր հասարակությունում գործավար-քարտուղարուհու կերպարը ասոցացվում է «շեֆի» համար սուրճ եփողի, մատուցողուհու եւ շատ դեպքերում՝ անգամ սիրուհու կերպարի հետ: Հենց իրենք՝ քարտուղարուհիներն էլ իրենց պարտականությունները լավ չեն պատկերացնում եւ հավատացած են, որ սուրճ մատուցելով, հեռախոսազանգերին պատասխանելով ու «շեֆի» համար «դոշ» տալով է սահմանափակվում իրենց աշխատանքը: Մինչդեռ քարտուղարուհին մի շարք կոնկրետ պարտականություններ ունի: Նա պետք է տվյալ ընկերության ուղնուծուծն ուսումնասիրած լինի, որպեսզի հստակ պատկերացնի, թե իրենց հիմնարկն իրենից ինչ է ներկայացնում: Պետք է բոլոր աշխատակիցների մասին տեղեկատվություն ունենա եւ իմանա նրանց կոորդինատները: «Չգիտեմ», «տեղյակ չեմ», «չեմ հիշում» կամ «չեմ կարող ասել» պատասխանները գործավարը երբեք չպետք է իր «շեֆին» ասի:

Դրա փոխարեն նա պետք է դիվանագիտական պատասխան տա, օրինակ, ասի՝ «հիմա կճշտեմ եւ կասեմ»: Մինչդեռ մեզ մոտ գործավար-քարտուղարուհիներից շատերը անգամ հեռախոսազանգերին պատասխանելու կուլտուրա չունեն՝ զանգահարողի խոսքը դեռ բերանում՝ նրանք լսափողը կախում են, իսկ խոսակցությունը երկարացնելու դեպքում խոսակցին պարզապես «շշպռում» են:

Որպեսզի գործավարներն իրենց բուն պարտականություններն իմանան, Ադմինիստրատիվ ասիստենտների կենտրոնը դասընթացներ է կազմակերպում: Կենտրոնի տնօրեն Աննա Բաբայանի խոսքերով, այսօր մեր երիտասարդներից շատերն անգամ չեն կարողանում կնոջը վայել ձեւով ոտքը ոտքին գցել կամ հեռախոսազանգերին հանգիստ տոնով պատասխանել, նրանք նույնիսկ գրագետ նամակ գրել չգիտեն. «Չնայած սրան, նրանք շատ են ցանկանում բարձրակարգ ընկերություններում աշխատանքի ընդունվել ու բարձր աշխատավարձ ստանալ: Եթե անգամ աշխատանքի են ընդունվում, չեն կարողանում այդ նորմերը պահպանել, ուստի վերածվում են սովորական սուրճ եփողի ու մատուցողի»:

Կենտրոնում վստահեցնում են, որ կպատրաստեն ու «շեֆերին» կհանձնեն արդեն պրոֆեսիոնալ ասիստենտ-գործավարներ: «Մենք մեր դասընթացը բաժանում ենք 3 մասի, առաջին հերթին սովորեցնում ենք օտար լեզու, հիմնականում՝ անգլերեն, սակայն եթե ցանկանում են մեկ այլ լեզու սովորել, մենք կարող ենք այդ լեզվի մասնագետ էլ հրավիրել: Հիմնականում մեզ մոտ այցելողները պետք է ունենան օտար լեզվի իմացության բազա, քանի որ մենք սովորեցնում ենք համաժամանակյա (սինխրոն) թարգմանություն: Այնուհետեւ սովորեցնում ենք համակարգչից օգտվել, ինտերնետում պետք եկող տվյալներն արագ գտնել, ճիշտ նամակ գրել: Քանի որ մենք աստիճանաբար ավելի հաճախ ենք ինտերնետի միջոցով հարցում անում կամ պատասխանում, ուստի պետք է հաշվի առնել, թե ում ենք գրում նամակը եւ օգտագործել ճիշտ բառեր: Պետք է հաշվի առնել նաեւ, թե ինչ հարցով ում կարելի է դիմել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ա. Բաբայանը: Ըստ նրա, իրենց մոտ պատրաստում են մասնագետ, որը պետք է ընկերությանը, այլ ոչ թե «շեֆին»: Կենտրոն հաճախելու մեկ ամսվա վճարը կազմում է 28 հազար դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել