Լրահոս
Օրվա լրահոսը

Բազեյանն էլ դարձավ ռամկավար

Դեկտեմբեր 06,2007 00:00

Դրանից բխող բոլոր հետեւանքներով

«Ազգային վերածնունդ» կուսակցության համագումարը երեկ միաձայն որոշեց լուծարվել եւ միավորվել ՀՌԱԿ-ին: Իր ելույթում Ալբերտ Բազեյանն ասաց, որ հիմնադրելով ԱՎԿ-ն, իրենք գերագնահատել էին սեփական հնարավորությունները. «Հանրությունն առանձնապես չոգեւորվեց մեզանով, եւ մարդկանց հոսքը դեպի կուսակցություն ինտենսիվ բնույթ չկրեց»: Արդյունքում՝ դեռ 2006-ի գարնանը Բազեյանի համար պարզ է դառնում, որ իրենց ունեցած «խիստ սահմանափակ» հնարավորություններով չեն կարող լուրջ դերակատարում ունենալ հանրապետության ներքաղաքական կյանքում, ավելին՝ ընդամենը գոյատեւման խնդիր են լուծում: Ապա հիմնավորելով միավորման անհրաժեշտությունը եւ ակնարկելով դրան ընդդիմացող Վաղարշակ Հարությունյանին ու նրա թիմակիցներին, ասաց, որ վերջիններս անընդունակ գտնվեցին գնահատել իրավիճակն այնպես, ինչպես կա. «բարձրանանք սարեր, գլորենք քարեր», ըստ Բազեյանի՝ այս ոճով են նրանք շարունակել գործել: Մինչդեռ «փաստն այն է, որ արդեն մեկ տարուց ավելի կուսակցությունը չունի անգամ մշտական գործող կենտրոնական գրասենյակ, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ոչ ոք մեզ հետ դաշինք չկազմեց, իսկ առանձին մասնակցելու հնարավորություններ չկային»: Նախագահի սեփական թեկնածու ներկայացնելու «ներկուսակցական ընդդիմադիրների» պահանջին Բազեյանը պատասխանում է՝ «Ա՛յ քեզ բան, կոսմոս էլ չթռնե՞նք»:

ԱՎԿ երեկվա համագումարում դահլիճը լեփ-լեցուն էր եւ աչք էր շոյում երիտասարդ «կուսակցականների» առատությունը: Չակերտավոր «կուսակցականների», որովհետեւ, ինչպես պարզվեց ներկաներից ոմանց հետ զրույցից, մի մասը «Ջազ-քոլեջի» ուսանողներ էին, որ դասախոսի պահանջով էին եկել, մյուսները՝ այս կամ այն կուսակցականի ծանոթ-ընկեր-բարեկամ են, «Դաշինք»-ականներ եւ այլն: Ավելի ուշ, ի պատասխան լրագրողների՝ այս առնչությամբ հարցերի, Ալբերտ Բազեյանն ասաց, որ իրենց համագումարն օրինական է, եւ ովքեր մանդատ են ստացել՝ նրանք պատվիրակներ են կուսակցության երիտասարդական թեւից: Այս հարցի առիթով լրագրողների համառությունը հունից հանեց պարոն Բազեյանին, եւ նա հեռացավ: «Շեֆին» պաշտպանելու մոլուցքով տարված մի երիտասարդ մոտեցավ Panorama. am-ի թղթակցին եւ սկսեց «հաշիվ մաքրել»: Լրագրողների եւ ԱՎԿ-ականների օգնությամբ միջադեպը հարթվեց, ինչից հետո ԱՎԿ-ականները փորձում էին համոզել, թե՝ «աղջիկներն (խոսքը ուսանողների մասին է- Ն. Գ.) ասացին՝ էնքան արագ էին հարցերը տալիս՝ շփոթվեցինք»:

Անդրադառնալով իր անցյալի եւ մամուլի հրապարակումներին, թե ինքը վերջերս նոր «Մերսեդես» մեքենա է ձեռք բերել, Ա. Բազեյանն ասաց. «Դա տասը տարվա հին, մաշված մեքենա էր, բանկում գրավ դրված: Այնպես որ, այդ «մերսեդեսների» պատմությունները… ես կխնդրեի ձեզանից՝ բոլորին մի վերցրեք եւ դրեք նույն ափսեի մեջ: Գնացեք բոլոր նախկին քաղաքապետերի տներն ու նրանց ապրելակերպը տեսեք, եկեք տեսեք, թե ինչ պայմաններում եմ ես ապրում: Կամ Վաղարշակ Հարությունյանը միայնակ ինչ պայմաններում է ապրում, ես՝ վեց հոգով, ինչ պայմաններում եմ ապրում»:

Առաջիկա նախագահական ընտրությունների առիթով էլ Ալբերտ Բազեյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին իրեն չի պատկերացնում, քանզի ղարաբաղյան հարցում հակասությունը դեռ 1997 թվականից է գալիս: Իսկ Սերժ Սարգսյանին սատարելու մասով էլ ասաց. «Մեր առաջին խնդիրներից մեկը Հայաստանում աջակցելն է օրինական ընտրությունների կազմակերպմանը»:

Համագումարի աշխատանքները ողջունեցին ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը եւ նորաթուխ ռամկավար Գնել Ղլեչյանը: Սամվել Բաբայանը, ինչպես ներկայացվեց, բացակայում էր հիվանդության պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել