Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց հստակ կողմնորոշման

Հունվար 09,2008 00:00

Տպավորությունս՝ «Հասարակագիտություն» առարկայի դասագիրքը ընթերցելուց հետո

VIII դասարանի «Հասարակագիտության» նոր դասագիրքը (հեղինակներ՝ Ս. Խաչատրյան, Ս. Պետրոսյան, Տ. Թովմասյան) տարօրինակ տպավորություն է թողնում: Նպատակաուղղված լինելով ազատական հասարակության արժեքների քարոզմանը, այն կարծես գրված լինի նման հասարակության հիմքերի մասին թյուր տեղեկացվածության պայմաններում, ինչը հակառակ արդյունքին է հանգեցնում: Այսպես, էջ 99-100-ում հեղինակները հակադրում են լիբերալիզմը՝ ազատականությունը, եւ ինդիվիդուալիզմը՝ անհատականությունը, հընթացս քննելով անարխիզմը՝ անիշխանությունը, եւ տոտալիտարիզմը՝ ամբողջատիրությունը: Նման շիլաշփոթը զարմացնում է: Եթե խոսքը գաղափարախոսական համակարգերի մասին է, ապա այդ դեպքում պետք է քննել ազատականությունը, սոցիալիզմը, պահպանողականությունը (կոնսերվատիզմ): Բայց կարեւորն այն է, որ անհատականությունը, որպես աշխարհայացքային համակարգ, ընկած է ազատականության հիմքում եւ կազմում է նրա էությունը, ինչը տեքստից չի երեւում: Երկրորդ՝ ողջ դասագրքով մեկ կարմիր գծով անցնում է Կանտի գաղափարը սուբյեկտի բարոյական ինքնավարության մասին: Էջ 67-ում կարդում ենք՝ «Մարդը, փաստորեն, ինքն իրեն ստեղծող վարպետն է, եւ կարող է իրեն ձեւավորել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում»: Նման դիրքորոշումը շատ վերացական է: Չի կարելի խոսել մարդու մասին ընդհանրապես: Մարդը կոնկրետ անհատն է, որը միշտ որոշակիանում է կոնկրետ հանրության կյանքով, նրա ավանդույթներով, սովորույթներով, կենցաղով: Ազատականության ժամանակակից գաղափարախոսները նշում են, որ այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ «բարոյականությունը», «արդարությունը», արտապատմական հիմնավորման կարիք չունեն եւ «անհատի բարոյական ինքնանկարագրի ձեւավորման ելակետը կոնկրետ պատմական ընկերակցությանը պատկանելու իր սեփական գիտակցումն է»:

Մի բան եւս: Եթե մշտապես կրկնենք (ինչպես դա արվում է դասագրքում), որ յուրաքանչյուր մարդ իր ճակատագրի տերն է, ապա նա գնալով էլ ավելի քիչ պատճառներ կունենա իր ուշադրությանն արժանի համարել այն ամենը, ինչը դիմակայում է իր «ես»-ում լրիվ ձուլվելուն եւ տարբերվում է այն ամենից, ինչից կարող է գլուխ հանել իր սեփական ուժերով: Բայց չէ՞ որ հենց նման պատճառների եւ դրանցից բխող արարքների առկայությունն էլ քաղաքացու բնորոշ գիծն է: Ինչպես նկատել է Տոկվիլը դեռեւս երկու դար առաջ՝ անհատականությունը քաղաքացու ոխերիմ թշնամին է:

Դասագրքի 54-55 էջերում պահանջվում է համեմատել եւ հակադրել երեք կուսակցությունների մասին պարբերությունները, որոնք կողմնորոշվում են տարբեր գաղափարախոսությունների վրա՝ ազատական-ժողովրդավարական, սոցիալիստական: Բայց ինչպե՞ս կարող է համեմատել եւ հակադրել աշակերտը, որը պատկերացում չունի այդ գաղափարախոսությունների մասին: Այս դասի նպատակը մտածողության բարձրակարգ հմտությունների զարգացումն է, եւ ինչպե՞ս պետք է դա իրականացվի: Այդպիսի հմտություններ զարգացնելու ընթացքում գիտելիքը նախ պետք է դառնա իմաստալից, հետո արդեն՝ քննադատական:

Էջ 77-ում հաստատվում է, որ գեղեցիկն ու բարին այն նպատակներն են, որոնց ձգտում է մարդը՝ կատարելագործվելու ընթացքում: Չափազանց սխալ է միանշանակորեն նման բան պնդելը: Քանի որ այժմ մարդը կատարելագործվելու մեջ առաջին հերթին տեսնում է միջավայրին է՛լ ավելի ներդաշնակվելու, է՛լ ավելի ազդեցիկ, մրցունակ դառնալու խնդիրը:

Խոսքն ընդմիջելով նշենք, ինչպես ցույց տրվեց վերեւում, որ հեղինակների դատողություններում իշխում են իրական կյանքից կտրվածությունը, արմատական, պարզունակ իդեալիզմը:

Որպես այս դիտողության հաստատում, մեջբերում անենք Դաս 23-ից (էջ 138), որտեղ հեղինակները քննելով այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հայրենասիրությունը, բարին, գեղեցիկը, պնդում են, որ «նմանատիպ արժեքների կրողը լինելը պարտադիր է եւ դրանց կարեւորումը չպետք է թողնել անհատի ընտրությանը»: Նման պնդումը ամբողջությամբ հակասում է ազատականության գաղափարներին, ինչը հեղինակները գովաբանում էին (էջ 100): Ազատականությունը ձգտում է ապահովել յուրաքանչյուր անհատի առավելագույն ազատությունը հասարակության մեջ, որտեղ համարյա կամ ընդհանրապես բացակայում է արժեքներին կամ նրա հիերարխիային վերաբերող համաձայնությունը: Ազատականները նման համաձայնության հեռանկարը համարում են որպես ազատության սպառնալիք: Նրանք ճիշտ են այն բանում, որ ժամանակակից պետության մեջ չի կարող գոյություն ունենալ արժեքներին վերաբերող համաձայնություն, եւ հասարակությունը չպետք է ձգտի այն ձեռք բերել: Նման համաձայնություն կարելի է ապահովել միայն հարկադրանքի կամ ոչ իրավական ճնշումների միջոցով: Եվ երբ հեղինակները պնդում են, թե վերոհիշյալ արժեքները (նկատի ունենալով նրանց հույժ կարեւորությունը հասարակության անվտանգության եւ առաջընթացի համար) չպետք է թողնել անհատի ընտրությանը, նրանք ակամա կրկնում են նախկինում եղած բոլոր տոտալիտար ռեժիմների հռետորիկան: Գրքում տեղ գտած նմանօրինակ բացթողումները կարող են ձախողել երեխաներին ժողովրդավարական արժեքներ ուսուցանելու գործը:

Հասկանալի է, որ հասարակագիտության դասագիրքը անհրաժեշտ էր: Բայց պարզ եւ ակնհայտ է նաեւ, որ դասագրքում տեղ գտած բովանդակային թերություններն ու բացթողումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031