Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՄ-ՈՒՄ ՆՈՐԻՑ ՓՈԽՎԵՑ

Հունվար 16,2008 00:00

\"\"Այս անգամ ոստիկանությունը բաբուխանյանական ՍԻՄ-ի կողմից էր

ՍԻՄ կուսակցության՝ երկու թեւերի բաժանված կողմնակիցների միջեւ կրքերը նորից բորբոքվել են: Երեկ ՍԻՄ-ի գրասենյակում նորից ծեծկռտուք էր՝ ՍԻՄ-ի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանի եւ կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանի միջեւ:

Բանն այն է, որ երեկ ՍԻՄ-ականները որոշել էին նիստ հրավիրել ու որոշել, թե որ թեկնածուին են պաշտպանելու նախագահական ընտրություններում: Նիստում պետք է քննարկվեին նաեւ կուսակցության հետ կապված մի շարք խնդիրներ: Սակայն վաղ առավոտից Հրանտ Խաչատրյանը փակվել էր գրասենյակում եւ ոչ ոքի ներս չէր թողնում, ինչը զայրացրել էր Հայկ Բաբուխանյանին: Վերջինս առավոտյան ժամը 11-ից փորձում էր որեւէ կերպ ներս մտնել՝ պահանջելով Հ. Խաչատրյանից դուռը բացել: Հ. Խաչատրյանին համոզելու համար, որ դուռը խաղաղ ճանապարհով բացի, գրասենյակ էին եկել Կենտրոն համայնքի ոստիկանության աշխատակիցները:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Բաբուխանյանը վստահեցրեց, որ իրենք վճռական են տրամադրված եւ սպասելու են այնքան, մինչեւ գասենյակի դուռը բացվի. «Այո, մեր նիստը կայանալու է, չենք գնալու եւ մնալու ենք այնքան, մինչեւ նիստը կայանա: Մենք այս գրասենյակում ունենք անձնական գույք, պարտականություններ, որոնք պետք է կատարենք: Մենք արդեն երկրորդ անգամ ենք գալիս, որ որոշենք, թե ինչ մարտավարություն պետք է վարենք նախընտրական շրջանում, բայց երկու անգամ էլ դուռը փակ է: Մեր կուսակցության մարզային կառույցներից շատերն արդեն քննարկել են, թե իրենք որ թեկնածուին են պաշտպանելու, սակայն որպես կուսակցություն՝ մենք միասին պետք է որոշենք, թե ում ենք պաշտպանելու»: Հիշեցնենք, որ Հ. Խաչատրյանն արդեն հայտարարել է, որ ՍԻՄ-ը պաշտպանում է ընդդիմադիր թեկնածու Վազգեն Մանուկյանին:

Գրասենյակի դռան առջեւ հավաքված ՍԻՄ-ի անդամները մեզ հետ զրույցում դժգոհում էին, որ Հրանտ Խաչատրյանն իրեն ու իր համախոհներից մի քանիսին կուսակցության բյուջեի հաշվին բարձր աշխատավարձ է նշանակել, իսկ իրենց ամենաշատը 40 հազար դրամ է տալիս: Հ. Բաբուխանյանի խոսքերով՝ ՍԻՄ-ի կանոնադրությամբ, կուսակցության բյուջեն պետք է տնօրինի ՍԻՄ-ի բարձրագույն մարմինը, որը Ներկայացուցիչների խորհուրդն է. «Այդ խորհուրդն այժմ հայտնվել է փողոցում: Այս բարձրագույն մարմինը նիստ է հրավիրում եւ որոշում, թե այդ գումարներն ինչպես պետք է ծախսվեն, այնինչ Հրանտ Խաչատրյանն այդ գումարներով իրեն ու իր եղբորն է բարձր աշխատավարձ նշանակում, յուրացնում է կուսակցության գումարները, իսկ մեր կուսակցության մարզային կառույցները մնում են առանց գումարի, որի հետեւանքով մի քանի այդպիսի գրասենյակ արդեն փակվել է»:

Հիշեցնենք, որ Հայկ Բաբուխանյանը իր կուսակցության գրասենյակ մտնելուց զրկվել է դեռ նախորդ տարվա փետրվարի 19-ից, երբ, ըստ նրա, ապօրինի կերպով իրենց դուրս են արել գրասենյակից. «Այս գրասենյակը մեր տունն է եւ համարվում է բոլորիս սեփականությունը: Եթե մենք եկել ենք ու տեսնում ենք, որ տան դուռը փակ է, իրավունք ունենք այն կոտրելու, սակայն ոստիկանության ներկայացուցիչները չեն ցանկանում, որ կոտրենք»: Գրասենյակի դռան առջեւ 3 ժամ Հ. Խաչատրյանի դեմ պայքարելուց հետո, տեսնելով, որ նա դուռը մտադիր չէ բացել, Փրկարար ծառայության աշխատակիցների միջամտությամբ գրասենյակի դուռը սղոցելուց հետո բացվեց, ու ներկաները մտան գրասենյակ: Հ. Բաբուխանյանը ներս մտնելուն պես փորձեց դատարկել սենյակներից մեկը՝ պատճառաբանելով, թե ցանկանում է նիստ անել: Դա ափերից հանեց Հրանտ Խաչատրյանին ու վերջինս կրկին բռունցքներով հարձակվեց Հայկ Բաբուխանյանի վրա: Ծեծկռտուքից հետո ՍԻՄ նախագահի երկու հավակնորդներին՝ Հրանտ Խաչատրյանին եւ Հայկ Բաբուխանյանին տարել են ոստիկանության Կենտրոն համայնքի բաժին: Նրանց բաժնից դուրս են թողել երեկոյան ժամը 19.00-ին:

Քաջ գիտակցում ենք. ինչպես էլ լուսաբանենք խնդիրը՝ երկու կողմն էլ դժգոհ կմնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել