Լրահոս
Օրվա լրահոսը

Որակի անկում՝ ավագ դպրոցում

Ապրիլ 03,2008 00:00

Երեկ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասուլիս էր հրավիրել, թեման կառավարության կողմից հաստատված ավագ դպրոցների ռազմավարական ծրագիրն էր: Ն. Հովհաննիսյանը փաստեց, որ այսօր իրականացվում է եռաստիճան ուսուցում. տարրական դպրոց՝ 1-4-րդ դասարան, հիմնական դպրոց՝ 5-9-րդ դասարան, որից հետո երեխան ստանում է հիմնական կրթության վկայական, այնուհետեւ՝ ավագ դպրոց. «Օրենքով հիմնական կրթությունը պարտադիր է, իսկ ավագ դպրոցը՝ ոչ, բայց վերջինս, որպես պետության քաղաքականություն, պարտադիր եմ համարում: Երեխաների 90 տոկոսից ավելին սովորում է ավագ դպրոցում, իսկ դա մեր երկրի համար մեծ ցուցանիշ է»: Վարչության պետի ձեւակերպմամբ, այսօր ավագ դպրոցում կան մի շարք հիմնախնդիրներ. «Ուսումնական պլանը ճկուն չէ, այսինքն՝ այնպիսին չէ, որ հիմնական դպրոց ավարտած երեխան կարողանա ավագ դպրոցում բավարար գիտելիքներ ստանալ: Ավագ դպրոցն այսօր դեռ չի կատարում իր առաքելությունը, չի կարողանում երեխային կողմնորոշել մասնագիտական կրթության առումով, շատերը նախընտրում են լրացուցիչ պարապել ու դրա պատճառով բացակայում են դասերից, հրաժարվում են սովորել մյուս առարկաները: Արդյունքում՝ ավագ դպրոցում որակի բացահայտ անկում է նկատվում»: Բանախոսը հավելեց, որ ավագ դպրոցներում աշխատող մանկավարժներն այլեւս պարտադիր ունենալու են որակավորում եւ համապատասխան պատրաստվածություն: Նա նաեւ չբացառեց, որ կլինեն ուսուցիչների տեղափոխություններ՝ մի դպրոցից մյուսը: Արդեն այս տարվա սեպտեմբերի 1-ից Հայաստանում կգործի 30 փորձնական ավագ դպրոց, որից 2-ը կլինի արհեստագործական: Վերջիններիս շրջանավարտները, բացի միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթից, կստանան համապատասխան որակավորում: «Ռազմավարական ծրագրի շրջանակներում նախատեսված է հետագայում Հայաստանում ստեղծել նմանատիպ եւս 200 դպրոց»,- ասաց տիկ. Հովհաննիսյանը: Նա կրկին շեշտեց, որ ավագ դպրոցում սովորելը պարտադիր չի լինելու. «Պարտադիր է միայն հիմնական դպրոցը՝ 1-9-րդ դասարանը: Ե՛վ հիմնական, ե՛ւ ավագ դպրոցները անվճար են: Ամեն ինչ անելու ենք, որ երեխաները ցանկություն ունենան շարունակել կրթությունը նաեւ ավագ դպրոցներում, որտեղ սովորելու համար քննություններ չեն հանձնելու»:«Առավոտը» Ն. Հովհաննիսյանին հարցրեց, թե ի՞նչ է մտածում այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը թաքցնում է Երեւանի դպրոցներից՝ մարզերի ու մայրաքաղաքի ծայրամասերի դպրոցներ տեղափոխված ավարտական դասարանների աշակերտների թիվն ու տվյալները: «Այդ տեղափոխությունները՝ ելնելով բնակավայրից, առողջության վիճակից, նաեւ դպրոցում առաջացած խոչընդոտներից, թույլատրվում են: Մինչեւ վերջին օրն էլ երեխային կարող են տեղափոխել: Չհրապարակելու, գաղտնի պահելու խնդիր չկա, ինչո՞ւ պիտի թաքցնեն, դա ամենեւին էլ գաղտնիք չէ»,- պատասխանեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը: Իսկ եթե, այնուամենայնիվ, տարբեր պատճառաբանություններով քաղաքապետարանի կրթության վարչությունը հրաժարվում է ոչ գաղտնի ինֆորմացիան հրապարակել, ուրեմն իրենց մոտ ինչ-որ բան այն չէ եւ իրոք թաքցնելու խնդիր ունեն, որովհետեւ հայտնի է, թե ինչ պայմաններով են կատարվում տեղափոխությունները եւ ինչու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել