Լրահոս
Օրվա լրահոսը

Բրայզան խուսափում է Սարգսյանին լեգիտիմ ճանաչելուց

Ապրիլ 10,2008 00:00

Մարտի 1-ի իրադարձությունները աննախադեպ էին, եւ դրամատիկ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում վերականգնվի վստահությունն առ այն, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ:

«Ազատություն» ռ/կ-ին տված բացառիկ հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան: «Կոնկրետ քայլերը ներառում են բոլոր ազատությունների ամբողջական վերականգնում. մամուլի ազատություն, խաղաղ ցույցեր եւ երթեր անցկացնելու իրավունք: Չափազանց կարեւոր է, որ ազատ արձակվեն այն անձինք, որոնց գործողությունները ոչ թե քրեական, այլ քաղաքական տարրեր են պարունակում, միեւնույն ժամանակ՝ հետաքննություն անցկացվի եւ դատապարտվեն ընտրական կեղծիքներ կատարած ու բռնություն կիրառած անձինք, անկախ նրանից՝ իշխանական ճամբարից են, թե ընդդիմության: Այդ իսկ պատճառով դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնումը այս երկրում առաջնահերթ խնդիր է»,- ասել է Բրայզան:

Հարցին՝ արդյոք իր մասնակցությունը ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնադրման արարողությանը վկայո՞ւմ է, որ ԱՄՆ-ը Սարգսյանին համարում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ, Մեթյու Բրայզան պատասխանել է, թե ինքն ընդամենը «ամերիկացի համեստ դիվանագետ է», ով պատասխանատու է այս տարածաշրջանի համար եւ ժամանել է՝ հաստատելու հաղորդակցման արդյունավետ ուղիներ, այն հույսով, որ կշարունակվի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ Ղարաբաղի եւ անվտանգության հարցերում Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը: Բրայզան հույս ունի նաեւ, որ Հայաստանում վերստին ընթացք կտրվի ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին: «Ես Միացյալ Նահանգների նախագահը չեմ, ոչ էլ արտգործնախարարը, ես փոխպետքարտուղարի օգնականն եմ, ով մեծապես անտարբեր չէ այս տարածաշրջանի ու այս երկրի նկատմամբ եւ հարաբերություններ հաստատելու եւ դրանց օժանդակելու պարտականություններ ունի»,- հավելել է Բրայզան: Նա կարեւորել է Հայաստանի բոլոր հիմնական ուժերի՝ ընտրված նախագահի, ապագա կառավարության, ընդդիմության ու նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ աշխատանքային հարաբերություններ ունենալը:

Հարցին, թե ե՞րբ է Ջորջ Բուշը շնորհավորելու Սերժ Սարգսյանին, ամերիկացի դիվանագետն այսպես է արձագանքել. «Ես չեմ կարող խոսել իմ նախագահի անունից: Կարծում եմ, Հայաստանում իրադարձությունների ընթացքի վերաբերյալ Վաշինգթոնից ամենաբարձր մակարդակով արձագանք կլինի: Եվ երբ Հայաստանի քաղաքացիները ցուցադրեն, որ իրենց գոհացնում է այն ուղին, որով շարժվում է պետությունը, իսկ իշխանությունները գործադրեն դրամատիկ քայլեր, կլինի նաեւ համապատասխան հայտարարություն՝ նախագահ Բուշից կամ պետքարտուղար Ռայսից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել