Լրահոս
Օրվա լրահոսը

Հին ընկերները հետապնդվում են

Ապրիլ 10,2008 00:00

Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության գլխավոր մասնագետ, քաղծառայող Անդրանիկ Գեւորգյանին սպառնում են աշխատանքից ազատել իր հին՝ ՀՀՇ-ական ընկերների հետ կապ ունենալու եւ ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու համար:

Այս մասին օրերս «Առավոտին» բողոքով դիմել էին Անդրանիկ Գեւորգյանի ընկերները՝ ՀՀՇ Գյումրու տարածքային կառույցի անդամները, տեղեկացնելով, որ արդեն մի քանի ամիս է՝ Շիրակի մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ՝ աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանի գլխավորությամբ, «անհիմն ու անօրինական ընկել են քաղծառայողի հետեւից»: Պատճառը, ըստ բողոքավորների, ոչ թե Անդրանիկ Գեւորգյանի աշխատանքի մեջ թերանալը կամ էլ քաղծառայության օրենքի պահանջներին չենթարկվելն է, այլ՝ «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման տղաների հետ ընկերությունը շարունակելը. «Մոռանում են, որ Անդրանիկ Գեւորգյանը ներկայումս ՀՀՇ-ի ակտիվիստներից չէ եւ ի տարբերություն մարզպետարանի շատ ու շատ պաշտոնյաների, այնքան օրինապաշտ է, որ 2002-ին ստանալով քաղծառայողի կարգավիճակ, հրաժարվեց ղեկավարել ՀՀՇ Գյումրիի տարածքային կառույցը: Նա, բնականաբար, հարգեց քաղծառայության մասին օրենքը ու անցավ ոչ ակտիվ քաղաքական գործունեության: Սակայն, չգիտես ինչու, մարզպետարանի որոշ չինովնիկների թվաց, թե այս քայլից հետո կարող են կառավարել Անդրանիկ Գեւորգյանի անձնական հարաբերությունները ու հրահանգել, թե աշխատանքից հետո, նույնիսկ հանգստի ժամին նա չշփվի իր հին ընկերների հետ»:

Անդրանիկ Գեւորգյանի նկատմամբ հալածանքների «շղթան» սկսվել է ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ դեռեւս անցած տարվա հուլիսին Շիրակի մարզ կատարած այցելությունից ու սեպտեմբերի 21-ին «Արմենիա Մարիոթում» ունեցած ելույթից հետո: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը մի քանի անգամ կանչել է քաղծառայող Անդրանիկ Գեւորգյանին ու նրա գլխին «Լեւոնից հեռու մնալու» թեմայով բարոյախրատական դասախոսություն կարդացել, որի ընթացքում հնչել են նաեւ սպառնալիքներ՝ «Հետ կանգնիր, այլապես պատասխանատու չեմ հետագա քայլերիս համար» արտահայտությամբ: Ըստ ՀՀՇ-ականների, Խաչատուր Պողոսյանը, ով, ըստ էության, պարտավոր է պաշտպանե՛լ եւ ոչ թե ոտնահարել քաղծառայողի շահերը, Անդրանիկ Գեւորգյանին «շշպռելու» պատասխանատու գործը հանձնարարել է իր երկու ենթականերին՝ առողջապահության եւ սոցիալական վարչության նորաթուխ պետ Սամվել Ղազարյանին եւ սոցիալական բաժնի պետ Աշոտ Հարությունյանին: Այսինքն՝ երկու այնպիսի քաղծառայողների, որոնք անձամբ «կարգի հրավիրվելու» կարիք ունեն. մարզի առողջապահությունը զարգանալու փոխարեն տեղում դոփում է, բավական է միայն նշել, որ դիաբետով հիվանդների մատից փուշ չեն հանում, ընդհակառակը՝ արագացնում են վերջիններիս մահը, քաղցկեղով տառապողներին պարզապես թալանում են… Իսկ սոցիալական բաժնի պետ Աշոտ Հարությունյանին թերեւս տեղին է հիշեցնել, որ հինգ ամիս առաջ սեւ, մութ ամպեր կախվել էին հենց իր գլխին, Շիրակի նորանշանակ մարզպետ Լիդա Նանյանը մտադիր էր նրան գործից ազատել, քանի որ վերջինս թերացել էր իր աշխատանքներում: Եվ եթե մարզպետը հետ կանգնեց իր ծրագրից, ապա այստեղ որոշակի դերակատարություն ունի նաեւ «Առավոտ» օրաթերթը, որը Լիդա Նանյանին հիշեցրեց Աշոտ Հարությունյանի քաղծառայող լինելու փաստը: ՀՀՇ Շիրակի մարզային կառույցի տեղեկացմամբ, վերոհիշյալ անձնավորությունը մոռանալով իր անցյալը, այժմ սկսել է «պահակություն անել իրենց ընկերոջը»՝ Անդրանիկ Գեւորգյանին, նրա ամեն քայլը աշխատակազմի ղեկավարին մանրամասն զեկուցելով: Անդրանիկ Գեւորգյանը երեկ զերծ մնաց մեկնաբանություններից, իսկ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը հավաստիացրեց, որ երբեք իրեն թույլ չի տվել նման վերաբերմունք ունենալ քաղծառայողի հանդեպ: Վերջինիս խոսքերով՝ «Զավեշտ է, որ որեւէ մարդ, ով ծանոթ է քաղծառայության օրենքին, իրեն թույլ է տալիս ասել, թե աշխատակազմի ղեկավարը կարող է ընկնել որեւիցե մեկի հետեւից: Ես ինձ համարում եմ այդ համակարգի ջատագովներից մեկը: Շատ կուզենայի, որ իմ մասին նման կարծիք ունենային շատերը»: Այդուհանդերձ՝ նշենք, որ այս պահին քաղծառայողը, ով որեւէ աշխատանքային նորմ չի խախտել, բարեխիղճ, իր ունակություններով աչքի ընկնող աշխատող է, քաղծառայության ատեստացիան փայլուն՝ բարձր առաջադիմությամբ հանձնել է, պաշտպանված չէ:

Ներկայումս առողջապահության վարչության պետը նրան ուղղակիորեն առաջարկում է անձամբ, սեփական դիմումի համաձայն հեռանալ, այլապես վերջը վատ կլինի: Միգուցե առողջապահության վարչության պետը չգիտի՞, որ ըստ «Քաղծառայության մասին» օրենքի 22 հոդվածի «ը» ենթակետի՝ սահմանված է քաղծառայողի իրավական պաշտպանությունը, քաղծառայողը պաշտպանվում է քաղաքական հետապնդումներից:

Հ. Գ. Կարծում ենք, որ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը գոնե այս անգամ ուշադրություն կդարձնի Շիրակի մարզպետարանում կատարվող խայտառակ փաստին եւ կապացուցի քաղծառայողի պաշտպանված լինելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել