Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՉԷ»

Ապրիլ 10,2008 00:00

Կարծում է բանաստեղծ, դրամատուրգ Վահան Վարդանյանը

Թատերական գործիչների միության վերջերս կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխությունից հետո չեն լռում խոսակցություններն այն մասին, որ «Տարվա լավագույն պիես» անվանակարգում այդպես էլ հաղթող չեղավ: Ներկայացված էին Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունին», Արմեն Սանթրոսյանի «Դալար շիվերը» եւ Երվանդ Մանարյանի «Էլի էն Հուռին» պիեսները: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, օրինակ, Կ. Խոդիկյանի պիեսի օգտին ձայն էր տվել ընդամենը մեկ թատերագետ: Ժյուրին, որի կազմում էր 7 թատերագետ եւ մեկ գրականագետ (այդ թվում՝ Մ. Յախոնտովա, Էմ. Մանուկյան, Ն. Ասատրյան, Զ. Արզումանյան, Ն. Սարգսյան եւ այլք), այդպես էլ չկարողացավ ընտրել մրցանակի արժանի մեկին: Մինչդեռ մշտապես թմբկահարվում է, որ թատրոնի հիմքը դրամատուրգիան է կամ թատրոնները պետք է հարստանան ազգային խաղացանկով եւ այլն: Արդյոք այս փաստը չի՞ խոսում հայ ժամանակակից դրամատուրգիայի ծանր վիճակի մասին:

«Առավոտը» հանդիպեց բանաստեղծ, դրամատուրգ, «Նարցիս» հանդեսի գլխավոր խմբագիր Վահան Վարդանյանի հետ, որը թատերական շրջանակներում հայտնի է իբրեւ մոդեռն դրամատուրգ:

– Մրցանակաբաշխությանը ներկայացված երեք պիեսներից ո՞րը կառանձնացնեիք եւ իրո՞ք այսօրվա հայ դրամատուրգիայի վիճակը ողբերգական է:

– Ներկայացված երեք դրամատուրգներից ծանոթ եմ միայն Կարինե Խոդիկյանի գործերին: Նա հայ դրամատուրգիայի այսօրվա երեւացող դեմքերից է: Ինչ վերաբերում է մյուս երկու հեղինակներին՝ Ա. Սանթրոսյանին եւ Ե. Մանարյանին, նրանց ճանաչում եմ իբրեւ դերասաններ: Պիեսների մասին չեմ կարող արտահայտվել, որովհետեւ ծանոթ չեմ: Դրամատուրգիայի այսօրվա վիճակի մասին էլ նշեմ, որ ամենեւին չեմ կարծում, թե դրամատուրգիան ընդամենը թատրոնի հարսնացուն է: Այն առանձին գրական ժանր է, եւ եթե դրամատուրգը այս կամ այն ստեղծագործությունը գրելու ընթացքում սկսեց չափչփել բեմի չափսերն ու առաջ մղեց բեմական խնդիրներ, հավաստիացնում եմ, վրիպելու է: Թատրոնի՛ խնդիրն է տվյալ երկը հարմարեցնել բեմին, բեմական մշակույթին՝ այսօրվա հասարակության պահանջներից ելնելով: Հասարակության խնդիրներ ասելով նկատի ունեմ, որ պարտադիր չէ ընտանիքում եղած խնդիրները հանդիսատեսը մեկ անգամ եւս տեսնի բեմում: Հանդիսատեսը բեմում պետք է հանդիպի բարձրագույն մատերիայի, գոյաբանական, էսթետիկ, բարոյական հարցադրումների: Արվեստի, այդ թվում՝ դրամատուրգիայի նպատակը մեզ «մարեցնելը» չէ, այլ հնարավորինս առօրյայից կտրելը: Այսօր կարեւոր շեշտադրումները վերացել են հայ գրքից, թատրոնից, ընդհանրապես՝ մշակույթից, աչքաթող արվել պետության ու իշխանավորների կողմից:

– Գրողական, թատերական միջավայրից լսել ենք, որ Ձեզ անվանում են մոդեռն դրամատուրգ, հեղինակ եք 5 դրամատիկական երկի, 2007թ.-ին Ձեր «Ալեքսանդր» դրամատուրգիական պոեմը ներկայացված էր պետական մրցանակի: Ինչո՞ւ մինչ օրս բեմադրված գործ չունեք:

– Այսօրվա թեզը, որ գրողը պիտի կանգնի իր ստեղծագործության թիկունքին, ինձ, մեղմ ասած, անբարո է թվում: Եթե իմ գործերն արժանի են բեմադրման, դա ոչ թե իմ, այլ թատրոնի խնդիրն է: Չեմ պատրաստվում աշակերտի պես տետրակը ձեռքիս ընկնել գեղարվեստական ղեկավարների ու բեմադրիչների դռները, չնայած առաջարկներ եղել են: Ինչ վերաբերում է իմ ստեղծագործությունների մոդեռն լինելուն, դա ճիշտ պիտակավորում չէ: Հավակնություններս ավելի հեռահար են եւ փակագծերը չեմ բացի՝ ժամանակից առաջ ընկնելով: Ամեն ինչ իր ընթացքն ունի եւ ժամանակից շուտ ծնվածը վիժվածք է… Որպես դրամատուրգ՝ գտնում եմ, որ դրամատուրգիայում ու թատրոնում առաջնային հարցն այսօր բառի, հայերենի խնդիրն է, քանի որ եւ բեմից, եւ իշխանավորների շուրթերից, էլ չխոսեմ TV-ների մասին, թլպատված, պակասավոր հայերեն է հնչում: Ցավով եմ ասում, բայց քանի դեռ չի լուծվել լեզվի խնդիրը, իրենց լուծումը չեն գտնի բազմաթիվ այլ հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել