Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՄ»

Ապրիլ 12,2008 00:00

\"\"Իր առաջին հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

– Պարոն Սարգսյան, փաստորեն, պետք է սկսենք միմյանց աչքերի մեջ նայելուց… Ասել էիք, որ ապագա վարչապետը չեք, հարցին՝ դառնալու դեպքում կկարողանա՞ք հանգիստ նայել մեր աչքերի մեջ, ասացիք՝ այո: Ե՞վ:

– Նայում եմ, չէ՞. այն ժամանակ, երբ ինձ ուղղեցիք այդ հարցը, նման որոշման մասին ես տեղեկություն չունեի:

– «Պարզ» է: Եվ այնուհանդերձ, ինչո՞ւ հատկապես Դո՛ւք:

– Կարող եմ ենթադրել, որ երբ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հայտարարեցին, որ մտնում ենք երկրորդ սերնդի բարեփոխումների փուլ, ինչի համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալների թիմ, նրանց ընտրությունը կանգ առավ հատկապես ինձ վրա՝ պայմանավորված բարեփոխումների գործում անհրաժեշտ փորձով ու գիտելիքներով, որոնք ես ձեռք էի բերել անցնող տարիների ընթացքում՝ Կենտրոնական բանկը ղեկավարելիս:

– Կենտրոնական բանկի «փորձին» եւ դոլար-դրամի «հմայքներին» դեռ կհասցնենք անդրադառնալ, այժմ տեսակետի մասին, որ Ձեր նշանակմամբ մեզանում երեւակվելու է արեւմտյան վեկտորը. այդպե՞ս է:

– Հարցը պետք է բաժանել մի քանի մասի. տնտեսական մոդելի ընտրության հարցում եվրոպական արժեհամակարգն ավելի ընդունելի է Հայաստանի համար. այսինքն՝ ֆինանսական, ձեռնարկությունների գործունեության կազմակերպման ոլորտներում խաղի հիմնական կանոնները պետք է համապատասխանեն եվրոինտեգրման չափորոշիչներին, օրենսդրությանը, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու մեր տնտեսական ներուժը: Ինչ վերաբերում է հայ ժողովրդի մշակութաբանական առանձնահատկությանը, ապա այն կարծիքին եմ, որ մեր առաքելությունն է կամուրջ դառնալ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ. Ի դեպ, այս մասին ունեմ մի մեծ հոդված, ուր մանրամասն շարադրել եմ այդ մոտեցումները, կարող եք ծանոթանալ:

– Առիթ եղել է. նույն այդ հոդվածում Դուք կարեւորում, առաջնային եք համարում մտածողության տեսակը. հիմա՝ ապագա կառավարությունը կազմավորելու եք մտածո՞ղ մարդկանցից, թե՞ արհեստավարժներից:

– Արդեն գիտեք, որ կառավարությունը ձեւավորվելու է կոալիցիոն սկզբունքով: Այսօրվանից ընթանում են քննարկումներ կառավարության ձեւավորման շուրջ, մի քանի օրից հանրությանը տեղյակ կպահենք, թե ինչպիսի կառավարություն ենք ձեւավորել: Կարծում եմ՝ ճիշտ չի լինի այսօր մեկնաբանություններ տալ:

– Ի դեպ, Դուք քաղաքակա՞ն վարչապետ եք, թե՞ «տնտեսական»:

– Ես պետական գործիչ եմ:

– Ձեր ուժեղ եւ միեւնույն ժամանակ թույլ կողմերի մեջ շեշտվում է նույն գերակայությունը՝ թիմ չունեք, որեւէ «մեկը» չունեք:

– Շատ լավ հարցադրում է. դրան այսօր ես անդրադարձա ԿԲ կոլեկտիվի հետ հրաժեշտին, ասացի, որ չեմ ընդունում թիմի այն ըմբռնումը, որին այսօր հաճախ ենք հանդիպում. դա ձեւակերպվում է մեկ բառով՝ անձնական նվիրվածություն: Երբեք այդպիսի թիմ չեմ ձեւավորել, չե՛մ ձեւավորելու: Փոխարենն ունեմ գործին նվիրված նվիրյալների մի մեծ խումբ Կենտրոնական բանկում: Առաջնորդվել եմ երկու սկզբունքով. մարդը պետք է լինի պարկեշտ, ունենա մասնագիտական բարձր կարողություններ՝ այդպիսիք պատճառ չունեն ճամբարից ճամբար թռչկոտելու, անձնական հարցեր լուծելու: Դրանք նպատակային մարդիկ են՝ իրենց գործում եւ կյանքում: Ես այդպիսի թիմի կողմնակից եմ:

– Իսկ հնարավո՞ր է դառնաք ՀՀԿ անդամ: Կարո՞ղ եմ Ձեր ասածից եզրակացնել, որ բացառվում է:

– Կարող եք. կուսակցական այս պահի դրությամբ չեմ դառնա:

– Դառնանք Ձեր՝ վերը նշված հոդվածին. գերակայություններից հաջորդն այնտեղ հանդուրժողականությունն ու ներողամտությունն են. այն ամենը, ինչ կատարվում է այս հայրենիքում, տեղավորվո՞ւմ է Ձեր հոդվածի եւ որդեգրումների շրջանակում:

– Ներողամտությունն անհրաժեշտ է առաջին հերթին իրեն՝ մարդուն, եթե մարդը ներողամիտ չէ, նշանակում է՝ իր մեջ չարություն է պտտում, ինչն էլ քայքայում է թե ներքին մարդուն, թե ֆիզիկական: Եվ եթե դու, ես այդ պահանջը որդեգրում ենք մեր նկատմամբ, ապա այն օգնում է ապրել ներողամիտ հասարակությունում:

– Ավելի կոնկրետ խոսենք: Այսօր մենք ունենք դե-ֆակտո վիճակ, երբ հարյուրավոր մտավորական տղերք մեկուսացված են՝ չգիտես ինչու, կամ՝ գիտես. նախ՝ ձեր վերաբերմունքը մարտի մեկի դեպքերին:

– Մարտի մեկի եւ երկուսի կեսգիշերի իրադարձությունները խոր ցավ պատճառեցին ինձ. արդյունքում ունեցանք մարդկային զոհեր. իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին: Այդ ամենը կրկնակի ցավոտ էր հայը հայի դեմ կանգնած լինելու պատճառով. մեզ մխիթարելու պատճառներ կլինեին, եթե հայը հայի վրա ձեռք չբարձրացներ, եւ այդ զոհերը լինեին արդար պայքարում, թշնամու հետ մարտում.… ներքաղաքական իրադարձություններն այլեւս երբեք ու երբեք նման զարգացումներ չպետք է ունենան մեզանում:

– Դուք, որպես այս երկրում առանցքային պաշտոն ունեցող անձ, ի՞նչ եք անելու, որ այդպես չլինի. հիմա ճիշտ ժամանակն է հիշելու Օգոստոս Շնորհալու միտքը, որը միշտ կրկնել եք. «Միասնություն՝ հիմնականում, ազատություն՝ երկրորդայնում, եւ սեր՝ ամենայնում». գիրը կենդանի է, գիրը ճակատագիր է բերում. կոնկրետ, շատ կոնկրետ, ի՞նչ եք անելու: Ասենք, վեր կենաք, գնաք, նստեք Տեր-Պետրոսյանի հետ խոսակցության… անկախ նրանից՝ նա Ձեզ կընդունի, թե՝ ոչ:

– Բայց եթե չի ընդունելու, ոնց գնամ երկխոսության:

– Դուք ապահովեք Ձեր կողմը. եթե չի ընդունի, ինչպես Աստվածաշունչն է ասում, դրանից հետո կարող եք թափ տալ ձեր ոտքերի փոշին:

– Բայց էդ քայլն արված է, չէ՞, մեր պետության նոր ղեկավարն իր ձեռքը մեկնել է, չէ՞, խիստ հրապարակային ձեւով, որեւէ ջրբաժանում նա չի դրել, չէ՞. ընդ որում, իր ձեռքը դեռ մեկնած է, եւ ձեր նշած քայլը՝ կատարված:

– Իսկ էդ մտավորական տղերքի ձերբակալությունը, որոնց մեծ մասի հետ նաեւ ճամփա եք անցել, ձեզ չի՞ ցավացնում:

– Իմ սիրտը ցավում էր թե այն ժամանակ, երբ իմ ընկերներ Դավիթ Վարդանյանին, Շավարշ Քոչարյանին, Արշակ Սադոյանին էին դաժանաբար ծեծի ենթարկում, ցավում է նաեւ այսօր: Այո, ինձ համար ցավալի է, որ իմ ընկերներն այսօր մեկուսացված են հասարակությունից:

– Ի՞նչ եք անելու դրա համար:

– Հասնելու եմ նրան, որ այդ հարցին արդարացի լուծում տրվի: Ար-դա-րա-ցի՛:

– Պարզ է… Անցնենք տնտեսական «բլոկին». այսպիսի տեղեկատվություն կա. Գագիկ Ծառուկյանին է ներկայացվել ցուցակ՝ իր բիզնես-ոլորտների ամբողջական «նկարագրով», եւ ասվել, որ պետք է բոլոր հարկերը պարտաճանաչ մուծի, նա ասել է՝ «հա՛», բայց իր հերթին էլ մի ցուցակ է ներկայացրել, որով պահանջել է, որ Միքայել Բաղդասարովն ու մնացածները եւս «նույնատիպ ռեժիմով» պետք է հարկային դաշտում լինեն. ձեր մոտեցումը:

– Ընդհանրապես, ժուռնալիստիկայում մի այսպիսի ոճ կա, որն, ի դեպ, շատ հաճախ է կիրառվում. թվում է, թե լրագրողը մի այնպիսի «անմեղ» հարց է տալիս՝ անուններ տալով, իսկ իրականում նպատակ ունի փչացնել մարդկային հարաբերություններ, ես դա չեմ ընդունում: Ինչ վերաբերում է հարկային դաշտին՝ մեր կառավարության որդեգրումը միակն է՝ բոլորը պետք է գործեն հավասար դաշտում:

– Շատ ենք լսել: Եվ այնուհանդերձ, մոնոպոլիաներից պրծնելո՞ւ ենք, թե՞ չէ:

– Այո՛, «պրծնելու» ենք, Ձեր օգնությամբ: Առանց ձեր՝ ազատ եւ արդար մամուլի, առանց հասարակական աջակցության հնարավոր չէ ստվերի դեմ պայքարել:

– Եվ վերջին երկու հարցը. Դուք ապահովվա՞ծ մարդ եք. այնպիսի հեքիաթներ են պատմում ձեր մերձծովյան-միջերկրական դղյակների մասին:

– Վերջին անգամն եմ այս հարցին պատասխանում. այո. ես ապահովված մարդ եմ, տասը տարի է, օրենքի պահանջի համաձայն, հայտարարագիր եմ ներկայացնում: Ասեմ կարճ՝ իմ կարողություններն ու ունեցվածքն ինձ բավարարում են, եւ ավելին ինձ պետք չէ: Եվ կառավարությունում աշխատելու ընթացքում նպատակ չունեմ անձնական հարցեր լուծել, քչով բավարարվող մարդ եմ, երբեք չեմ ունեցել կենցաղային մեծ պահանջներ ու հիմա էլ չունեմ:

– «Ա Պո՞լշա». իսկ դղյակնե՞րը:

– Ցավոք սրտի, Միջերկրական ծովի ափին դղյակ չունեմ, չունեմ այդպիսիք նաեւ որեւէ եվրոպական երկրում, եւ եթե կառուցեմ իմ առաջին «դղյակը, այն լինելու է Հայաստանում՝ իմ սիրած երկրում, իմ սիրած ընտանիքի հետ, ուր ապրել եմ ու ապրելու եմ:

 Հ. Գ. Զրույցը տեղի էր ունեցել ապրիլի 10-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել