Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ ԼՍԵԼԻ ԿԼԻՆԻ՞

Մայիս 20,2008 00:00

\"\"Երեկ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը՝ հանձին «Ժառանգության», հրապարակել են այն քայլերը, որոնք առաջարկում են իրականացնել ԵԽԽՎ 1609 բանաձեւի իրագործման նպատակով:

«Ժառանգությունը» երեկ տարածել է «Առաջնահերթ բարեփոխումների ամփոփ ծրագիր», որում ամփոփված են այն առաջարկները, որոնք ըստ կուսակցության՝ պիտի իրականացվեն ի կատարումն ԵԽԽՎ «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւում ամրագրված դրույթների: «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նաեւ մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը, որին ներկա է եղել ԵԽԽՎ 1609 բանաձեւի իրագործման համակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են բանաձեւի դրույթների իրականացման ուղղությամբ առաջարկվող գործողությունները եւ դրանց ժամանակացույցը:

Մեջբերենք, թե այս երկու փաթեթներում ինչպես են առաջարկում իրականացնել բանաձեւի հետեւյալ դրույթը. «Քաղաքական համակարգը պետք է պատշաճ տեղ եւ պատշաճ իրավունքներ ապահովի ընդդիմությանը»: «Ժառանգության» ծրագրում նշված է, թե հարկ է ԱԺ ներկայացնել «Ընդդիմության մասին» օրենքի նախագիծ, «ԱԺ կանոնակարգ» օրենքի բարեփոխումներ, որոնցում պետք է ներառվեն հետեւյալ դրույթները. «Ընդդիմությանը երաշխավորված եղանակով ընդգրկել ԱԺ 1 փոխնախագահի, ԱԺ 9 մշտական հանձնաժողովներից 4-ի նախագահների եւ 5-ի նախագահների տեղակալների պաշտոններում, ինչպես նաեւ՝ Վերահսկիչ պալատի նախագահի եւ խորհրդի կազմի կեսից ավելիի, ՀՀ գլխավոր կամ հատուկ նշանակության դատախազի, նրա առնվազն 1 տեղակալի, Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոններում»: Կուսակցության առաջարկած բարեփոխումների համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությանը պիտի վերապահվեն երաշխավորված իրավունքներ՝ խորհրդարանական լսումներ հրավիրելու ու անցկացնելու, «ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու, դրանք նախագահելու, դրանցում մեծամասնության կամ իշխանության ներկայացուցիչների թվաքանակին հավասար ներկայացվելու, խորհրդարանական բոլոր պատվիրակություններում ԱԺ ընդդիմության մասնակցությունն ապահովելու, նաեւ դրանցից կեսի ղեկավարումը ստանձնելու, խորհրդարանական ընդդիմության սահմանած օրակարգով արտահերթ նիստ եւ նստաշրջան հրավիրելու, յուրաքանչյուր երկրորդ քառօրյա նիստի օրակարգը ամբողջովին կազմելու, կամ յուրաքանչյուր քառօրյայի օրակարգում նվազագույնը 10 օրենքի կամ այլ նախագծի երաշխավորված ընդգրկումն ապահովելու, ՍԴ դիմելու» եւ այլն:

Սերժ Սարգսյանին աշխատանքային խմբի ներկայացրած առաջարկներն այս կապակցությամբ ավելի համեստ են: Դրանք են՝ ԱԺ հանձնաժողովների ղեկավար կազմում ընդդիմության ներառում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությանն առաջնայնություն տալու ամրագրում, ինչպես նաեւ՝ ընդդիմության ներկայացրած հրատապ հարցի շուրջ ԱԺ պարտադիր քննարկում կազմակերպելու երաշխավորում, եւ այս ամենն ամրագրվելու է օրենսդրորեն: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը ողջունել է այս մոտեցումները եւ վստահություն հայտնել, որ դրանց արդյունքում «ընդդիմության ձայնը կլինի ավելի լսելի»:

Հաղորդագրության մեջ ասված չէ, թե որոշակի ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել իշխանությունը բանաձեւի այն դրույթի առնչությամբ, որը վերաբերում է ՀՌԱՀ եւ ՀՀՌԸԽ անկախությունը քաղաքական շահերից երաշխավորելու, Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեության ընթացքում բազմակարծության ապահովման կապակցությամբ: Իսկ «Ժառանգության» առաջարկած ծրագրում որոշակիացված է՝ «ընդդիմության եւ իշխանության հավասար ներկայացվածություն ՀՌԱՀ-ում, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահ նշանակելու՝ ընդդիմության երաշխավորված իրավունքի ամրագրումը, ՀՀՌԸԽ նախագահի թեկնածության պարտադիր համաձայնեցումը ԱԺ ընդդիմության հետ»: Կուսակցությունը նաեւ հիշեցրել է ԵԽԽՎ բանաձեւերում ամրագրված՝ «Ա1+»-ին եւ «Նոյյան տապան»-ին եթեր վերադարձնելու պարտավորությունը: Նաեւ առաջարկել է Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով «առավել դիտելի եւ լսելի ժամերին խորհրդարանական ընդդիմության յուրաքանչյուր խմբակցությանը շաբաթական 1 ժամ եթերի տրամադրումը»:

Բանաձեւի այլ դրույթների շուրջ երկու կողմերի առաջարկներից առանձնացնենք, թե ինչպես են նրանք պատկերացնում երկխոսության իրականացումը: Սերժ Սարգսյանը նշել է. «Երկխոսությունը կարող է լինել Հանրային խորհրդի ստեղծմամբ, որն իր մեջ կներառի հանրության տարբեր շերտերի, խավերի ներկայացուցիչներ: Մենք պետք է կարողանանք գտնել ձեւը, որ այս խորհուրդը դառնա առաջարկների, գաղափարների գեներացման տեղ, որ այն չդառնա իշխանության քայլերին հավանություն տվող մի մարմին»: Իսկ «Ժառանգությունն» արդիական է համարում «Ժողովրդավարական բարեփոխումների իրականացման առաջարկությունների մշակման փորձագիտական-խորհրդատվական կենտրոնի» հիմնադրումը, որում կընդգրկվեն հասարակական հայտնի գործիչներ, Մարդու իրավունքների պաշտպանը, ոչ կառավարական կազմակերպությունների եւ գործարար ընկերակցությունների ներկայացուցիչներ: Այդ կենտրոնի «գործունեությունը կներառի հանրային քաղաքականության համալիր առաջարկների մշակումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել