Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը խոստումը չի կատարում

Մայիս 23,2008 00:00

Սուտ խոստումներ տալով՝ բնակչին խաբել են ու կենտրոնում ունեցած տարածքը ձեռքից առել

Իրացման գոտու հարյուրավոր բնակիչներ, որոնք չէին համաձայնում պետության առաջարկած չնչին փոխհատուցմանը, իրենց բնակարաններից ԴԱՀԿ-ի թեթեւ ձեռքով պարզապես դուրս շպրտվեցին: Նշենք, որ բնակարանները հոժարակամ չլքող բնակիչներին դատի էր տվել Երեւանի քաղաքապետարանը: Հօգուտ քաղաքապետարանի կայացրած վճիռների դեպքում, ԴԱՀԿ-ն մեկ օր անգամ չէր հապաղում իր առաքելությունը կատարելու համար: Սակայն այսօր, երբ պարտվողի դերում հայտնվել է քաղաքապետարանը, չգիտես ինչու, ԴԱՀԿ-ն թերանում է իր պարտականությունների մեջ:

Դեռեւս 2004-ին Երեւանի քաղաքապետարանի եւ Աբովյան 1/2 հասցեի բնակիչ Մանյա Հայրապետյանի միջեւ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի՝ Մ. Հայրապետյանը պարտավորվել է վերոնշյալ հասցեում գտնվող 8,2 քմ մակերեսով գործող խանութի տարածքը հանձնել քաղաքապետարանին, փոխարենը ստանալով 6600 դոլար եւ 10 քմ հողատարածք՝ Պուշկինի փողոցի շրջակայքում: Սակայն մինչ օրս քաղաքապետարանն իր պարտավորությունները չի կատարում: Մ. Հայրապետյանն իրեն պատկանող տարածքը հանձնելով քաղաքապետարանին, որոշ ժամանակ անց ստացել է պայմանագրով նախատեսված գումարը, սակայն խոստացված 10 քմ-ն Երեւանի քաղաքապետարանն այդպես էլ նրան չի տրամադրել: Մ. Հայրապետյանի ներկայացմամբ, ինքն այս խնդրի առնչությամբ բազմաթիվ անգամ դիմել է քաղաքապետ Երվանդ Զախարյանին, քանի որ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է հենց նրա հետ, սակայն վերջինս խնդրին ոչ մի լուծում չի տվել: Տեսնելով, որ «սայլը տեղից չի շարժվում», Մ. Հայրապետյանը 2006-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարան, որն էլ, հիմնավոր համարելով քաղաքացու բողոքը, վճիռը կայացրել է հօգուտ նրա: Համաձայն չլինելով վճռի հետ, քաղաքապետարանը դիմել է վերաքննիչ դատարան, որը եւս վճռել է, որ քաղաքապետը պարտավոր է կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունները: Մ. Հայրապետյանի հավաստմամբ, քաղաքապետարանի ներկայացուցիչներն իրեն առաջարկել են որոշակի գումարի դիմաց առուվաճառքի պայմանագիրն իրենց հանձնել, սակայն կինը հրաժարվել է: Քաղաքապետարանը տիկնոջը մեկ այլ առաջարկ էլ է արել՝ կենտրոնից դուրս հողատարածք՝ Մ. Հայրապետյանի նախընտրած վայրում: Սակայն երբ նա մատնանշել է հողատարածքի վայրը, քաղաքապետարանն այդ առաջարկն անընդունելի է համարել:

Թե ինչու ԴԱՀԿ-ն օրենքով սահմանված 2 ամսվա ընթացքում իր պարտականությունները չի արել եւ քաղաքապետարանին պարտավորեցրել կատարել դատարանի վճիռը, «Առավոտի» հետ զրույցում ԴԱՀԿ-ի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց. «Մեզանից ինչ հասնում է՝ մենք արել ենք: Մենք բազմիցս քաղաքապետարանին հարկադրել ենք օրենքի պահանջը կատարել»:

Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրերի իրականացման շրջանակներում փոխվել են նշված տարածքի կառուցապատման մակերեսները եւ ազատ տարածքներ չեն մնացել, ինչի պատճառով քննարկվող տարածքում Մ. Հայրապետյանին նոր հողամասի տրամադրումը քաղաքաշինական տեսակետից հնարավոր չէ: Ստացվում է, որ սխալ ճարտարապետական հաշվարկների ու փոխված ծրագրերի պատճառով տուժող են հանդիսանում հասարակ քաղաքացիները:

Քանի որ նմանատիպ տարածքները՝ օբյեկտի կամ բազմաբնակարան շենքերի համար հատկացնելիս քաղաքապետարանը հարյուր-հազարավոր դոլարներ է աշխատում, բնականաբար, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս «համեղ պատառը» եւս քաղաքային իշխանությունները ձեռքից բաց չէին թողնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել