Քանաքեռում քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի սպանությունից շուրջ հինգ տարի անց հրապարակվեց դատավճիռը։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Վլադիմիր և Հովհաննես Սիմոնյաններին և Արսեն Ալեքսանյանին դատապարտել է ազատազրկման՝ 8 տարի 6 ամիս ժամկետով։
Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է դատարանից։ Նշենք, որ մեղադրյալներից Հակոբ Սիմոնյանն արդարացվել է։ Արտուշ Սիմոնյանը, ով դեպքի ժամանակ ևս սպանվել է, մեղավոր է ճանաչվել։
Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման պատիժը գրեթեր արդարացում գնահատեց, նկատեց՝ այդ հանցանքի համար պատիժը սկսվում է 12 տարուց։ Հանրային մեղադրողը և տուժող կողմը միջնորդել էին մեղադրյալներին դատապարտել 19, 17, 15 տարվա ազատազրկման։
«Նման դատավճիռ չէինք լսել։ Դատախազն ուզում է 19 տարի, դատարանը տալիս է 8 տարի, այսինքն՝ 11 տարի ավելի քիչ, սա համարյա արդարացման վերդիկտ էր։ Խմբի կազմում սպանության համար 8 տարի, պատկերացնու՞մ եք»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ դատավճիռը ստանալուց և ծանոթանալուց հետո բողոք կներկայացնեն։
Հիշեցնենք, որ 2021թ նոյեմբերի 11-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետևանքով 4 անձ սպանվել է։ Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 45 պարկուճ և գնդակ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։
Կարդացեք նաև
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ (2003թ․) քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության և ապօրինի կերպով զենք պահելու համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



















































