Մարզերից Երևան եկող ուսանողների համար համալսարան ընդունվելը ճանապարհի միայն սկիզբն է։ Դրան հաջորդում է մեկ այլ հարց՝ ամեն օր ժամեր անցկացնել ճանապարհի՞ն, թե՞ հոգալ մայրաքաղաքում բնակվելու ծախսերը։
ԵՊՀ ուսանող Էրիկ Մանուկյանն Արմավիրից Երևան հասնելու համար մոտ երկու ժամ է ծախսում։ Նույնքան էլ տևում է վերադարձը։ Օրվա չորս ժամը՝ ճանապարհին, իսկ մնացած ժամանակում պետք է հասցնել դասերին, պատրաստվել հաջորդ օրվան ու հանգստանալ։
«Իմ ամենօրյա ճանապարհը բավական երկար և հոգնեցնող է։ Մոտավորապես 2 ժամ է տևում մեկ ուղղությամբ, այսինքն՝ միայն ճանապարհի վրա օրական մոտ 4 ժամ եմ ծախսում»,- ասում է Էրիկը։
Երկար ճանապարհը միայն հոգնածություն չի նշանակում։ Այն որոշում է նաև, թե ուսանողը որքան կարող է մնալ համալսարանում դասերից հետո, մասնակցել հանդիպումների, միջոցառումների կամ ակումբների աշխատանքին։ Տուն վերադարձող տրանսպորտի ժամերը հաշվի առնելը դառնում է օրվա պարտադիր մասը։
Կարդացեք նաև
Անվճար երթը դեռ բավարար չէ
Ճանապարհը նաև ֆինանսական բեռ է։ Էրիկի խոսքով՝ նախկինում մեկ ուղղությամբ երթն արժեր մոտ 500 դրամ։ Ամենօրյա երթևեկության դեպքում այդ գումարը գումարվում էր ընտանիքի՝ կրթությանն ուղղվող մյուս ծախսերին։
Նրա պատմելով՝ սեպտեմբերից ուսանողների համար ներդրված անվճար տրանսպորտը թեթևացրել է այդ բեռը։ Սակայն չլուծված են մնում երթուղիների հաճախականության և անհրաժեշտ ժամերին տրանսպորտի հասանելիության հարցերը։
«Անվճար տրանսպորտն արդեն լուծում է ծախսի խնդիրը, բայց եթե տրանսպորտը հասանելի չէ անհրաժեշտ ժամերին, ուսանողը շարունակում է սահմանափակված լինել»,- ասում է նա։
Էրիկի առաջարկը մարզերից Երևան և հակառակ ուղղությամբ ավելի հաճախակի, կանոնավոր ու նաև ուշ ժամերին աշխատող ուսանողական տրանսպորտն է։ Այդ դեպքում տուն վերադառնալու անհրաժեշտությունը ավելի քիչ կսահմանափակի դասերից հետո համալսարանում մնալու հնարավորությունը։
Ճանապարհի փոխարեն՝ բնակարանի վարձ
Երևանում բնակվելը կարող է կրճատել ամենօրյա ճանապարհը, բայց առաջացնում է այլ ծախսեր՝ բնակարանի վարձ, կոմունալ վճարներ, սնունդ։ Դրանց գումարվում է նաև ուսման վարձը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ մարզերից եկող ուսանողների այդ ծախսերը հաճախ հոգում են ծնողները։
«Ուսանողը չի վճարում, ուսման վարձն էլ է վճարում ծնողը, բնակարանի վարձն էլ է վճարում ծնողը, կոմունալներն էլ է հոգում ծնողը»,- ասում է Երեմյանը։
Այսպիսով, ընտանիքի առջև կանգնած ընտրությունը միայն բնակության վայրի մասին չէ։ Ամենօրյա երթևեկությունը պահանջում է ուսանողի ժամանակը, իսկ Երևանում բնակվելը՝ ընտանիքի լրացուցիչ միջոցները։
Ի՞նչ հնարավորություն է տալիս հանրակացարանը
Վարձով բնակարանին այլընտրանք կարող է լինել համալսարանի հանրակացարանը։
ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանի տրամադրած տվյալներով՝ համալսարանի հանրակացարանում բնակվում է շուրջ 228 ուսանող, իսկ յուրաքանչյուր ուսումնական տարի ստացվում է մինչև 100 դիմում։
Հանրակացարանը գտնվում է Երևանի Ծարավ Աղբյուրի 55Ա հասցեում։ Այնտեղ կան մեկից չորս անձի համար նախատեսված սենյակներ։ Ուսանողների բնակության միջին տևողությունը, ըստ ներկայացված տվյալների, 4–9 ամիս է։
Տեղ ստանալու համար ուսանողը պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի և տրամադրի ուսանողի կարգավիճակը հավաստող տեղեկանք։ Առաջարկվող սենյակին ու մասնաշենքին ծանոթանալուց հետո կնքվում է բնակության պայմանագիր։
Բնակվողների և դիմումների թվերը, սակայն, ինքնին չեն ցույց տալիս՝ որքանով է բավարարվում կացարանի կարիքը։ Դրա համար անհրաժեշտ են նաև հանրակացարանի ընդհանուր տեղերի, բնակության վճարի և չբավարարված դիմումների վերաբերյալ տվյալներ։
Երեմյանը կացարանի հարցը դիտարկում է բուհական ենթակառուցվածքների ընդհանուր խնդրի շրջանակում։ Նրա խոսքով՝ ուսանողը պետք է հնարավորություն ունենա սովորելու և ապրելու այնպիսի պայմաններում, որոնք թույլ կտան օրվա մեծ մասը տրամադրել ուսմանը։
Որպես երկարաժամկետ հնարավորություն՝ պատգամավորը մատնանշում է Ակադեմիական քաղաքի նախագիծը։ Նրա ներկայացմամբ՝ այնտեղ նախատեսվում է 3600 ուսանողի համար հանրակացարանային ենթակառուցվածք։ Դա, սակայն, ապագայի ծրագիր է, մինչդեռ այսօրվա ուսանողներն իրենց կացության հարցը լուծում են արդեն առկա հնարավորություններով։
Կրթության հասանելիությունը՝ դասասենյակից դուրս
Էրիկի պատմությունը ցույց է տալիս, որ կրթության հասանելիությունը միայն բուհ ընդունվելու կամ ուսման վարձը վճարելու հարց չէ։ Կարևոր է նաև՝ որքան ժամանակ ու միջոց է պահանջվում համալսարան հասնելու համար, և ինչ է ուսանողը կորցնում այդ ճանապարհին։
Տրանսպորտի ու կացարանի պայմաններն ազդում են ոչ միայն առօրյա հարմարավետության, այլև սովորելու, հանգստանալու և համալսարանական կյանքին մասնակցելու հնարավորությունների վրա։
Էրիկի համար խնդիրը շարունակում է չափվել օրական չորս ժամով։ Այդ ժամերի մի մասը կարող էր անցնել գրադարանում, համալսարանական հանդիպմանը կամ պարզապես հանգստանալով։ Առայժմ դրանք անցնում են Արմավիրից Երևան ու հետ տանող ճանապարհին։
Հոդվածը ստեղծվել է Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի շրջանակում՝ Bright Future նիդեռլանդական կազմակերպության և Promising Youth Հայաստանյան կազմակերպության անդամների կողմից։
Կարեն Կոլոսով, Հարություն Սարգսյան, Անի Ավանեսյան, Մարիամ Ասոյան, Անահիտ Ավագյան, Էրիկ Մանուկյան
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով





















































