Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՆԱԼԸ ՊԱՏԺԵԼԻ ԱՐԱՐՔ Է

Մայիս 24,2008 00:00

\"\"Մատենադարանի փոխտնօրեն, հայ միջնադարյան ձեռագրերի բացառիկ մասնագետ Արշակ Բանուչյանը հետապնդվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը լինելու համար:

2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Մատենադարանի արտաքին կապերի գծով փոխտնօրեն, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արշակ Բանուչյանը համարձակվել էր բարձրաձայն հայտնել իր քաղաքացիական դիրքորոշման եւ քաղաքական նախընտրությունների մասին եւ, կանգնելով ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին ու միանալով նրա գլխավորած շարժմանը, դարձել էր Վայքում նրա նախընտրական շտաբի համակարգողն ու վստահված անձը: Ա. Բանուչյանին ճանաչողները պնդում են, որ նա ազնվագույն մարդ է, հայրենասեր ու մտավորական՝ իր ուղնուծուծով: Այսօր այս մարդը կալանավորված է: Իրավապահները Ա. Բանուչյանի տուն են այցելել մարտի 24-ին՝ խուզարկություն կատարելու նպատակով, եւ արդյունքում որոշել են առգրավել նրա համակարգիչը, որում Մատենադարանին վերաբերող կարեւոր նյութեր եւ աշխատություններ են եղել: Ուստի՝ Ա. Բանուչյանն ինքն է սեփական կամքով որոշել եւ ոստիկանության աշխատակիցներին առաջարկել նրանց հետ դատախազություն գնալ՝ մտածելով, որ ավելի լավ կլինի, եթե իրավապահներն իր ներկայությամբ փորփրեն իր համակարգիչը, որպեսզի պատահաբար այդ կարեւոր նյութերը չվնասեն: Մարտի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 3-ի կողմերը, նա զանգել է տուն եւ տեղյակ պահել, որ իրեն չսպասեն՝ ինքը ձերբակալված է: Ա. Բանուչյանին բոլորիս արդեն քաջ հայտնի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին, 225/պրիմ հոդվածով. «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով», այդ «արարքներն անմիջականորեն կատարելը», եւ «որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ», եւ վերջին պահին ավելացվել է նաեւ մեղադրանք ՔՕ 154/2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այլ կերպ ասած՝ նա մեղադրվում է նաեւ «ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու»՝ անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալու մեջ:

Ա. Բանուչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանի մատուցմամբ, եթե նախաքննական մարմինը բավարար հիմքեր եւ ապացույցներ ունենար իր պաշտպանյալին մեղադրելու համար, նա վաղուց քրգործը դատարան ուղարկած կլիներ: «Այն, ինչում նրան մեղադրում են, բացարձակապես կապ չունի Բանուչյանի անձի հետ»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Ստ. Ոսկանյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը նրան առաջադրված մասնավորապես՝ ՔՕ 225-րդ հոդվածի հատկանիշներ պարունակող արարք ընդհանրապես չի կատարել, «ուստի՝ չեմ կարծում, որ դրա վերաբերյալ նրանք որեւէ ապացույց կարող են ներկայացնել»: Հենց այս պատճառով է, որ, ըստ պաշտպանի, վարույթն իրականացնող մարմինը նախաքննության ընթացքում շեշտը դրել է «ընտրակաշառք տալու» մեղադրանքի վրա, եւ քրգործի նախաքննությունը ձգձգում է հե՛նց այդ հիմքով: Անցած ամիսների ընթացքում Ա. Բանուչյանը առերես հարցաքննվել է Վայքի շտաբի պետ Աղասի Մկրտչյանի հետ, ում Բանուչյանը, իբր, ընտրակաշառքի գումար է տվել: Քննչական այդ գործողությունից հետո, պաշտպանի ասելով՝ «քննիչները փորձել են նրանից լրացուցիչ ցուցմունքներ վերցնել՝ կապված գումար բաժանելու հետ, որոնց վերաբերյալ Ա. Բանուչյանն ասել է, որ դրանց հետ ինքը որեւէ առնչություն եւ նման պարտականություն չի ունեցել»: Մյուս մեղադրանքի՝ ՔՕ 225-րդ հոդվածի առնչությամբ եւ դրա շուրջ Ա. Բանուչյանի հետ որեւէ քննչական գործողություն կամ հարցադրում անցած ամիսներին չի եղել:

Բայց մայիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ Ա. Բանուչյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը, եզրակացնելով, թե նրան «կալանքից գրավով ազատելը անթույլատրելի է»։ Պաշտպան Ստ. Ոսկանյանի գնահատմամբ, Բանուչյանի նկատմամբ խափանման միջոցը չփոխելու պատճառներից մեկն այն է, որ նախաքննական մարմինը դեռ հույս ունի, որ նրանից ինչ-ինչ ցուցմունքներ եւ իրեն հետաքրքրող անուններ կարող է կորզել, թեեւ ինչպես ինքը՝ պաշտպանը, այնպես էլ Ա. Բանուչյանը բազմիցս են հայտարարել, որ նա կալանավորված է եւ քրեորեն հետապնդվում է բացառապես իր քաղաքական հայացքների եւ Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցը լինելու համար:

Ստ. Ոսկանյանը երկուշաբթի օրը Ա. Բանուչյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշումը կվիճարկի Վերաքննիչ դատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել