Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերնետ՝ առանց համակարգչային սարքավորումների

Հունիս 04,2008 00:00

\"\"ՀՀ որոշ դպրոցների շրջանում կիրականացվի հեռահար ուսուցման, ինտերնետային համակարգերի ներդրման ծրագիրը, մինչդեռ շատ դպրոցներում դեռ չկան համակարգիչներ:

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ներկայացվեց «Beeline»-ի եւ «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Կրթություն առանց սահմանների» ծրագիրը: Այն ուղղված է դպրոցների հեռահար ուսուցման եւ արագ ինտերնետի համակարգերի տրամադրմանը: Ինչպես նշեց «Beeline»-ի ներկայացուցիչ Արմեն Սիմոնյանը, ուզում են աշակերտներին սովորեցնել արագ ինտերնետ երեւույթին: Դրա համար մինչեւ սեպտեմբերի 1-ը «Beeline»-ը դպրոցներին պիտի ապահովի «ADSL hi-line» ինտերնետ կապով՝ 1 տարի անվճար փաթեթով: Նկատենք, որ այս ծրագրի շրջանակներում նույն կազմակերպությունը 10 դպրոցի տրամադրելու է ընդամենը 2-ական համակարգիչ: «Beeline»-ի բուլղարացի նորանշանակ գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը հայտարարեց. «Դեռ ծրագրում 10 դպրոց է ընդգրկված, սակայն դառնալու է 60: Այսպիսի ծրագիր իրականացրել ենք նաեւ Բուլղարիայում: Արդյունքում՝ 2.5 տարվա ընթացքում գործընթացի մեջ ներգրավեցինք 3600 դպրոց: Կարծում եմ, որ շանսեր ունենք Հայաստանում էլ նման առաջընթաց գրանցել»: Լավատեսական այս նոտայից հետո պարոն Վելիչկովը չմոռացավ նշել նաեւ, որ հանրակրթական դպրոցներին ինտերնետային ծառայությունների մեջ ներգրավելու առումով ՀՀ-ն եվրոպական երկրների շարքում դեռ 124-րդն է:

«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանն էլ նշեց. «Այսօր, երբ «ԱրմենՏելը» մասնակցում է ծրագրին, մեր հնարավորությունները ընդլայնվում են: Եթե անգամ «Մայքրոսոֆթն» ունի այդ փաթեթները, անհնար է դրանք օգտագործել առանց հեռահաղորդակցության: Այդ դեպքում նույնիսկ անիմաստ է խոսել հեռահար ուսուցման մասին: Մեկ ամիս առաջ Սյունիքի մարզի 6 դպրոց եւ Ֆիզիկամաթեմատիկական դպրոցը կարողացանք միացնել իրար: Ցուցադրեցինք, որ հնարավորություն կա, օրինակ, ֆիզիկայի դասընթաց կազմակերպել Երեւանի դպրոցում, որին օնլայն կմասնակցեն 6 դպրոցների երեխաներ եւ ուսուցիչներ»:

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն անդրադարձավ, իր խոսքով, հաճելի փաստերի. «Մեր հավակնությունները համընկնում են, քանի որ պետությունն էլ է հայտարարել, որ մեր դպրոցները պիտի 2 տարվա ընթացքում ինտերակտիվ կապով միացած լինեն: Ժամանակի ընթացքում մեր բոլոր դպրոցները ավելի հաճելի վիճակում կլինեն: Դրանք կկապվեն իրար եւ գլոբալ աշխարհի հետ: Սրա համար կարեւոր է կապի որակը եւ բովանդակությունը: Սյունիքի 6 դպրոցները դեռ սառած վիճակում են: Պիտի բովանդակություն տարվի այնտեղ, որ այդ դասերը դառնան պարբերական»: Կապի եւ տրանսպորտի փոխնախարար Վրույր Առաքելյանը նկատեց. «Կապի, վիրտուալ ճանապարհների ստեղծման հարցում լուրջ խնդիրներ ունենք: Եթե գյուղական համայնքներում չունենանք արագագործ տիպի վիրտուալ ճանապարհ, մեր ունեցած բոլոր օպերացիոն համակարգերը արդյունք չեն տվել մեր նախընտրած ծրագրին»: Լրագրողներին հետաքրքրեց, թե ծրագիրն ի՞նչ արժե: Էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանը ժպտալով նշեց. «Սա այն դեպքն է, երբ ծրագիրը գին չունի»: Սպառիչ պատասխան չտրվեց նաեւ այն հարցին, թե երբ մեկ տարի անցնի եւ անվճար փաթեթի ժամանակն ավարտվի, դպրոցներն ինչպե՞ս պիտի վճարեն ինտերնետի գումարը:

«Առավոտը» Ն. Երիցյանից հետաքրքրվեց, թե կառավարությունում ի՞նչ են մտածում այն մասին, որ շատ դպրոցների դեռ հասանելի չեն անգամ համակարգիչները, էլ ինչ խոսք հեռահար ուսուցման կամ ինտերնետի մասին: Հիշատակեցինք նաեւ Համաշխարհային բանկի վարկային ծրագիրը, որի դեպքում դպրոցներին տրամադրվում են համակարգիչներ՝ այն պայմանով, որ գումարի 40%-ը վճարի դպրոցը: «Ինչ վերաբերում է 40%-ին, նախապես հաշվարկներ արվել են, այն էլ պրոֆեսիոնալների ձեռքով: Դպրոցները ի վիճակի են դա վճարել, այլ բան է, որ չեն ընկալում դրա անհրաժեշտությունն եւ օգտակարությունը, մտածելով՝ ամեն դեպքում չվճարել: Այս ջանքերը ուղղված են նրան, որ ինտերնետը մարդու համար անհրաժեշտություն դառնա: Եթե մշակույթ սերմանենք, փողը կա: Մնացածը ընտրության հարց է»,- ասաց Ն. Երիցյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30