Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլ՝ հերթափոխով

Հունիս 05,2008 00:00

Հացադուլավորներն օգնության են կանչում կաթողիկոսին

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի դատավարության վերսկսման նախօրեին Գյումրիի ԵԿՄ անդամները երեկվանից նորից հացադուլ հայտարարեցին: Ինչպես հայտնի է, բողոքի այս ձեւին նրանք դիմում են արդեն 4-րդ անգամ: Եվ քանի որ ազատամարտիկները առողջական խնդիրներ ունեն, 2-3-րդ կարգի հաշմանդամներ են, մարզի առողջապահության վարչությունն էլ վախենում է բողոքավորներին մոտ գնալ: Նրանք որոշել են հացադուլի նստել հերթափոխով. երեք օրը մեկ փոխել կազմը:

Երեկ Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ազատամարտիկները տեղեկացրին, որ նամակ են հղելու կաթողիկոսին, որ նա միջամտի ու աղոթի իրենց անմեղ ընկերների փրկության համար: Տեղեկացնենք, որ Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը միակն է մարզի պաշտոնյաներից, ով հացադուլավորների հետ մշտապես աղոթում է քաղբանտարկյալների ազատության համար: Արդյո՞ք կաթողիկոսը կընդառաջի հացադուլավորներին եւ, առհասարակ, ի՞նչ օգուտ կտա բողոքի ընտրված ձեւը: «Լավ օրից չէ, որ հացադուլի ենք նստում: Մեր տղաներից չկա մեկը, որ առողջ լինի, բայց ինչ արած, պայքարելու ենք մինչեւ վերջ: Մենք այս քայլին ենք դիմում հանուն գաղափարի, այստեղ չարի համար պայքար չկա: Վերջին հաշվով իշխանություններն էլ պիտի գիտակցեն, որ մարդու առողջ ապրելու իրավունքը ամրագրված է սահմանադրորեն եւ սա ամենաթողության վերջին աստիճանն է: Այսօր ազատամարտիկը, վիրավոր թոշակառու լինելով, ավելի շատ վիրավորված է հոգեպես: Եթե մենք վաղվա օրը կորցրինք, չգիտենք մեր ապագան ինչ է լինելու, կլինի անհայտությունը»,- ասացին ազատամարտիկները՝ վստահ լինելով, որ Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդի օգնությամբ կաթողիկոսը իրենց ձայնը կլսի: «Մեզ պետք է մեր ընկերների ազատությունը, այս միջնորդությունը մեզ պետք է միայն նրանց արդարացնելու համար, ուրիշ միջնորդություն պետք չէ, ու հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի մեզ խղճալ: Եթե մարդուն անմեղ տեղը դատում են, մեկ-երկու գործ տվողի զրպարտանքով կալանավորում են, ուրեմն նրանք պատանդի կարգավիճակում են»,- հուզվեցին ազատամարտիկները՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են նստել հավերժ հացադուլի, քանի դեռ իշխանությունները չեն ընդունել այն պարզ ճշմարտությունը, որ պետությունը հզոր է ամուր ընտանիքներով եւ որ դրանք չի կարելի քայքայել ընտանիքի հայրերին բանտ նետելով:

Մինչ ազատամարտիկները ասուլիս էին տալիս «Ասպարեզում», Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մարտին Սարոյանը հրապարակում էր նրանց ընկերոջ՝ Արտակ Հովսեփյանի դատավճիռը:Հիշեցնենք, որ նրան մեղադրում էին անօրինական զինամթերք պահելու համար: Նրան կալանավորել էին մարտի 12-ին, երբ խուզարկության արդյունքում Անի-Պեմզայի ոստիկանները նրա տնից հայտնաբերել էին 20 փամփուշտ: Եվ քանի որ այս դատավարությունը ԵԱՀԿ դիտորդների հատուկ ուշադրության կենտրոնում էր, դատարանը որոշեց Ա.Հովսեփյանին ազատազրկման դատապարտել 6 ամիս ժակետով: Ազատամարտիկը վերջին խոսքում ասաց, որ սա քաղաքական հալածանք է իր նկատմամբ, քանի որ մինչ նախագահական ընտրությունները ոչ մեկը չէր հիշում իր զինամթերք ունենալու մասին: Մոռացել էին նաեւ այն, որ ժամանակին Արցախին զենք էր մատակարարվում հենց իր անձնական ծանոթությունների շնորհիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30