Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկների սիրտը կախ է

Հունիս 06,2008 00:00

Այսուհետեւ նրանց գրպանը «մաղարիչի» փոխարեն սերտիֆիկատ են դնելու

Հուլիսի 1-ից գործածության մեջ են մտնելու անվճար ծննդօգնության հավաստագրերը: Արդեն 22 շաբաթական հղի կանայք կարող են դա ստանալ իրենց հաշվառման վայրերից: Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Որպեսզի բժիշկներն ու բուժքույրերը հղիներին «չնեղեն» գումար ուզելով, նախարարությունը որոշել է անձամբ նրանց սերտիֆիկատ տրամադրել: Այսուհետեւ հղի կինը կլորիկ «մաղարիչի» փոխարեն բժշկին այդ սերտիֆիկատն է տալու: Բուժհիմնարկն էլ հղիների համար նախատեսված 124 հազար գումարը ստանալու է առողջապահության նախարարությունից:

Նկատենք, որ անվճար ծննդօգնության հավաստագրի համակարգի ներդրումը այնքան էլ բժիշկների սրտովը չէ, քանի որ դա, մեղմ ասած, խփում է նրանց գրպաններին: Եթե նախկինում բժիշկները՝ իրենց «լեւի» գումար վերցնելը պատճառաբանում էին պետպատվերով չնչին գումար ստանալով, ապա այսօր նախարարությունը բուժհիմնարկներին տալու է հենց իրենց սահմանած գումարը: Եվ ինչպես հավաստիացրեց Հ. Քուշկյանը, բժիշկներն այսուհետեւ բողոքելու տեղ չեն ունենալու:

«Առավոտի» հարցին, թե ի՞նչ երաշխիք, որ բժիշկներն այլեւս «մաղարիչ» չեն ուզի, պարոն Քուշկյանը պատասխանեց. «Երաշխիքը մեր ֆինանսավորման կտրուկ բարձրացումն է։ Մենք բավականին մեծ գումար ենք տալիս բուժհիմնարկներին: Սրանով փորձում ենք մեր համակարգը ստվերից հանել: Իհարկե, վրիպումներ կամ անհամաձայնություններ կլինեն, բայց մենք վերահսկելու ենք այդ ամբողջ պրոցեսը, մեր աշխատողները գրեթե ամեն օր լինելու են այդ հիմնարկներում, վերահսկողական գործառույթը կատարվելու է»: Նկատենք, որ առայժմ ծննդօգնությանն առնչվող բուժաշխատողները բավականաչափ տեղեկացված չեն նախարարության նոր ծրագրի մասին: Շատ հղի կանայք, որոնք դիմել են մայրաքաղաքի որոշ բուժհիմնարկներ՝ սերտիֆիկատի մասին տեղեկատվություն ստանալու, «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին, որ իրենց որեւէ հստակ բան չեն կարողացել բացատրել՝ ասելով, որ իրենք նման համակարգով չեն աշխատում: Այս առնչությամբ նախարարն ասաց, որ հարցեր ունենալու դեպքում թող միանգամից զանգեն նախարարությունում գործող «ուղիղ կապ»՝ 52 88 72 հեռախոսահամարով:

Նախարարը վստահեցրեց, որ մարզերի հղի կանայք նույնպես կարող են այդ սերտիֆիկատով մայրաքաղաքի ցանկացած ծննդատանը ծննդաբերել:

Երեկ նախարարն ամփոփեց նաեւ իր գերատեսչության աշխատանքները: Մասնավորապես նշեց, որ մեծ ուշադրություն են դարձնելու մարզերի բուժհիմնարկների վերազինմանն ու բարեկարգմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել