Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՍԿԱՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՆ ՍԿՍՎԵՑ

Հունիս 10,2008 00:00

Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց արագ շախմատի «Շախմատային հսկաներ. Երեւան 2008» անվանումը կրող միջազգային անդրանիկ մրցաշարը:

\"\"Երեւան են ժամանել գրոսմայստերներ Մայքլ Ադամսը (Անգլիա), Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը (բոլորն էլ՝ Հայաստան), Բու Քսյանջին (Չինաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա) եւ Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան):

Նախորդ օրը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը կայացավ մրցաշարի պաշտոնական բացման արարողությունը եւ վիճակահանությունը: Մինչ այդ, բոլոր մասնակիցները եւ հյուրերը ծաղիկներ դրեցին Տիգրան Պետրոսյանի արձանին: \"\"Շախմատիստներին ողջունեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ շախմատի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում գնալով ընդլայնվում եւ խորանում է: Եվ դա պայմանավորված է մի կողմից՝ այն բարի ավանդույթներով, որոնց հիմքը դրել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, մյուս կողմից՝ այն շարունակությամբ, որ ապահովեց մեր հավաքականը՝ նվաճելով համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը: Վարչապետը բոլոր մասնակիցներին մաղթեց ստեղծագործական նվաճումներ եւ համոզմունք հայտնեց, որ երեւանյան այս մրցաշարում կբացահայտվեն հնագույն խաղի նորանոր գաղտնիքներ:

Մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը մեկ անգամ էլ հիշեցրեց մրցաշարի խաղակարգը, որով զույգերը միմյանց հետ խաղալու են երկուական պարտիա՝ սպիտակ ու սեւ խաղաքարերով հաջորդաբար: Ամեն մի պարտիայում մասնակիցներին տրվում է 25 րոպե ժամանակ, գումարած 10 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար: Այնուհետեւ անցկացվեց վիճակահանությունը, որի արդյունքով առաջին տուրում զույգեր կազմեցին Սարգսյանը եւ Ադամսը, Մորոզեւիչը եւ Գելֆանդը, Քսյանջին եւ Լեկոն, Արոնյանը եւ Հակոբյանը:

Վիճակահանության ավարտից հետո գրոսմայստերների մասնակցությամբ կազմակերպվեց մամուլի ճեպազրույց, որի ժամանակ գրոսմայստերները խոսեցին երեւանյան մրցաշարի եւ դրանից իրենց ակնկալիքների մասին:

Լեւոն Արոնյան. «Վերջին մեկ շաբաթում ուսումնամարզական հավաքի եմ եղել Ծաղկաձորում: Վերականգնել եմ մարզավիճակս, որ վերջին շրջանում մի պահ կորցրել էի: Տեսնենք, թե ինչպես կստացվի: Հուսով եմ, որ նախորդ մրցաշարի ձախողումը չի կրկնվի»:

Բորիս Գելֆանդ. «Ինձ պատմել են, որ Երեւանում անցկացվող շրջանաձեւ մրցաշարերում ամեն մի տուրին ներկա են լինում հազարավոր շախմատասերներ: Կարծում եմ, որ այս մեկն էլ նշանակալի կլինի, քանի որ նման դեպքերում միշտ չէ, որ շախմատիստներին այդքան շատ ուշադրության են արժանացնում: Հույս ունեմ, որ իմ խաղով կկարողանամ ուրախացնել մարզասերներին»:

Ալեքսանդր Մորոզեւիչ. «Սա իմ առաջին այցելությունն է Երեւան: Առայժմ այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ինձ հայրս շատ է պատմել Հայաստանում կազմակերպվող շախմատային մրցաշարերի մասին, որոնց ինքը ժամանակին մասնակցել է: Այնպես որ, ես բավականին լավ զգացողություններով եմ եկել: Հուսով եմ, որ մրցաշարը դուր կգա բոլորին եւ կդառնա ավանդական: Ինչ վերաբերում է ակնկալիքներիս, առանձնապես այդպիսիք չունեմ, քանի որ արագ շախմատ ամենից վատ եմ խաղում եւ վիճակագրությամբ սա ինձ համար ամենաանհաջող դիսցիպլինն է, ու իմ այսօրվա մրցակիցները դրան քաջածանոթ են: Բայց կաշխատեմ նրանց չհիասթափեցնել»:

Մայքլ Ադամս. «Շատ բարդ մրցաշար է սպասվում, որում, սակայն, ես կարեւոր դերակատարություն եմ ուզում ունենալ, որպեսզի հայ շախմատասերն ինձնից չհիասթափվի»:

Վլադիմիր Հակոբյան. «Այս մրցաշարը մեծ իրադարձություն է Հայաստանի շախմատային կյանքում: Կանխագուշակություններ դժվար է անել: Բայց մի բան պարզ է՝ առջեւում մեզ սպասվում է հետաքրքիր եւ լարված պայքար»:

Պետեր Լեկո. «Ուրախ եմ, որ Երեւանում այսպիսի մրցաշար է կազմակերպվում, որին մասնակցում են հանրահայտ շախմատիստներ: Դա հայ շախմատասերների համար մեծ տոն է: Կարծում եմ, որ վերջնական արդյունքն էական չէ՝ բոլորս էլ խաղալու ենք հաղթելու համար: Արագ շախմատը մեծ շոու է, շախմատային փառատոն, որի ընթացքում մասնակիցները ներդնելու են իրենց ողջ կարողությունները: Կլինեն հաջողված պարտիաներ, նաեւ ձախողումներ: Դա արագ շախմատին բնորոշ է: Բայց այդ ամենը միայն կբազմապատկի շախմատի հմայքը»:

Գաբրիել Սարգսյան. «Խոսելու հերթը վերջինն ինձ հասավ ու դժվար է նոր բան ավելացնել: Իսկապես, ուրախալի է Երեւանում նման մրցաշարի անցկացումը: Հայ շախմատիստները կաշխատեն այստեղ լավ խաղալ: Իհարկե, Լեւոնը հաղթելու մեծ հնարավորություններ ունի: Ինձ համար շատ դժվար կլինի, որովհետեւ դեռ երբեք միեւնույն մրցաշարում այսքան ուժեղ շախմատիստների հետ չեմ հանդիպել: Բայց կաշխատեմ լավ խաղ ցուցադրել»:

Բու Քսյանջին խնդրել էր ձեռնպահ մնալ որեւէ բան ասելուց: Սակայն լրագրողների առաջարկով բոլորը հոտնկայս հարգեցին նրա հայրենիքում վերջերս տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել