Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԿԳԱ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԸ

Հունիս 11,2008 00:00

\"\"Որպես կանոն՝ հանցագործություններն անպատիժ չեն մնում

Բոլորն էլ մի օր ստիպված են լինում իրենց արարքների համար պատասխաններ տալ: Սա վերաբերում է բացարձակապես բոլորին՝ անկախ զբաղեցրած հասարակական դիրքից ու ժամանակից, անկախ ունեցած հնարավորություններից ու այն պատճառաբանություններից, որոնցով մեղադրվողը փորձելու է արդարացնել կամ կոծկել իր արարքը: Դատարանը՝ իսկական, անշահախնդիր, արդարամիտ դատարանը, վաղ թե ուշ բոլորին է ծանուցագիր ուղարկելու: Մարդկությունն իր պատմության ողջ ընթացքում ականատես է լինում այս պարզ ճշմարտությանը: Բայց բոլորը չէ, որ կարողանում են սրանից համապատասխան դասեր քաղել: Մարդու մի տեսակ կա, որը, չգիտես ինչու, հավատում է, թե ինքը յուրահատուկ է, եւ գործող ընդհանուր կանոններն իրեն չեն վերաբերում ու հատուցման պահն իրեն շրջանցելու է: Եվ սեփական անպատժելիության վստահությամբ ծավալում են իրենց հանցավոր գործունեությունը՝ շրջապատի կյանքը վերածելով մղձավանջի: Այդպիսին են եղել պոլպոտները, մաոները, պինոչետները, այսօր Եվրոպական դատարանի առաջ կանգնած եւ հետախուզվող բազմաթիվ մեր ժամանակակիցներ՝ սկսած բալկաններից մինչեւ Աֆրիկա, որոնց մասին լսում ենք ամենօրյա լուրերով:

Եվ երբ, համաձայն այս պարզ ճշմարտության, կգա հատուցման պահը, մեր այսօրվա ու երեկվա ամենաբարձրագույն իշխանավորներին նույնպես հաշիվ կներկայացվի եւ խոսքն առաջին հերթին

– կոռումպացված հասարակություն ստեղծելու մասին չի լինելու,

– ոստիկանական երկիր ստեղծելու մասին չի լինելու,

– կրիմինալին իշխանություն դարձնելու մասին չի լինելու,

– Հայաստանը ֆորպոստ դարձնելու մասին չի լինելու,

– նույնիսկ կեղծված ընտրությունները չեն լինելու,

որովհետեւ այս թվարկվածներից ու չթվարկվածներից յուրաքանչյուրը, ճիշտ է՝ ծանր, բայց ուղղելի հանցանքներ են եւ նրանց կատարած մեկ այլ արարքի նկատմամբ երկրորդ պլան են մղվելու: Խոսքն առաջին հերթին խաղաղ ցուցարարների նկատմամբ ռազմական միջոցներ կիրառելու, սառնասրտորեն կրակելու ու ցույցի մասնակից եւ ոչ մասնակից անմեղ մարդկանց սպանելու մասին է լինելու: Յուրաքանչյուր, վերը թվարկած ու չթվարկած, մեղադրանքների համար մի արդարացում կամ մի բացատրություն գուցե գտնվի: Որեւէ ճարպիկ փաստաբան, տարբեր հիմնավորումներով, գուցե նույնիսկ արդարացման դատավճիռ պահանջի, բայց ի՞նչ արդարացում է գտնվելու անմեղ, վտանգից անտեղյակ ու անպաշտպան մարդկանց սպանելու մեղադրանքով:

Այդ ո՞ր իրավունքով էին հրաման արձակում զինված ուժերին՝ ցրել խաղաղ հանրահավաքները, եթե նույնիսկ դրանք արտոնված չէին: Եթե նույնիսկ, ինչ-որ հիվանդ ուղեղի հորինած պատճառաբանություններով փորձեն արդարացնել խաղաղ հանրահավաք-նստացույցերի ցրումը, հանրահավաքների՝ որոնց ընթացքում բռնության ոչ մի կոչ չի հնչել, որոնց ընթացքում խոսվել է միայն կեղծված ընտրություններից, իշխանական բուրգի կոռումպացվածությունից, օրենքի շրջանակներում գործելու պատրաստակամությունից, հանրահավաքների՝ որոնց ընթացքում մարդիկ իրենց հաղթանակով ոգեւորված երգել ու պարել են, ապա ինչպե՞ս ու ինչո՞վ են արդարացնելու մարտի 1-ի ոճրագործությունը:

Արյունը ջրով չի լվացվում ու չի մոռացվում, ինչքան էլ տարբեր կարգի ու տրամաչափի գործիչներ ու չգործիչներ փորձեն իրենց յուրահատուկ ցինիզմով չտեսնելու տալ կամ արդեն լվացված ու անցած համարել մեր քաղաքի մայթերին հեղված արյունը: Ինչպե՞ս են արդարանալու իր բնակարանի պատշգամբից հանրահավաքին հետաքրքրությունից դրդված հետեւողի գնդակահարության, փողոցով անցնող հանրահավաքին չառնչվող քաղաքացու ու թեկուզ հանրահավաքի մասնակից՝ ընտրությամբ իշխանություն փոխելու գաղափարին հավատացող երիտասարդի սպանության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել