Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՄԱՆ «ԳԱԼՈՉԿԱ»

Հունիս 17,2008 00:00

\"\"Խորհրդարանի արտահերթ նստաշրջանում երեկ այսպես գնահատեցին ընդդիմադիրները «ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի առաջարկությունների կատարման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Կոալիցիան ներկայացնող պատգամավորներ Հրանուշ Հակոբյանի, Կարեն Կարապետյանի, Հրայր Կարապետյանի, Դավիթ Հարությունյանի, Հեղինե Բիշարյանի եւ Ավետ Ադոնցի հեղինակած հայտարարության նախագիծը յուրօրինակ հաշվետվություն է, որում ամփոփված են այն քայլերը, որոնք արվել են ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարման ուղղությամբ՝ լսումներ, զանազան աշխատանքային խմբեր, օրենսդրական փոփոխություններ:

Նախագծում նշված է, թե ԱԺ-ն հայտարարում է. «Բանաձեւի առաջարկությունները համահունչ են ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ ստորագրած քաղաքական կոալիցիայի համաձայնագրի դրույթներին»: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւում առաջարկված էր. «Այն անձինք, ովքեր կալանավորվել են առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով, կամ նրանք, ովքեր անձնապես չեն կատարել որեւէ բռնի գործողություն կամ դրա հետ կապված լուրջ հանցանքներ, պետք է անհապաղ ազատ արձակվեն»: Ստացվում է, որ կոալիցիայի համաձայնագրում նախ ընդունված էր, թե կան քաղաքական շարժառիթներով կալանավորվածներ, եւ հետո էլ, որ նրանք պետք է «անհապաղ ազատ արձակվեն»:

Բանաձեւի այս դրույթի կապակցությամբ հայտարարության հիմնական զեկուցող Հրանուշ Հակոբյանը մեջբերեց դատախազության տվյալները. «Մարտի 1-2-ից հետո 115 կալանավորվածներից 72-ն արդեն ազատության մեջ են (մեր կողմից հավելենք, որ հիմնականում ազատության մեջ են հայտնվել հենց բռնի գործողություն կամ խանութների թալան կատարած անձինք՝ դատապարտվելով պայմանական ազատազրկման.- Ա. Ի.), 64-ն ընդունել են իրենց մեղքը, 3-ն արդարացվել են, 27 անձի խափանման միջոցը փոխվել է եւ նրանք ազատ են արձակվել»: 24 մեղադրյալի նկատմամբ քննությունը դեռ շարունակվում է: Հայտարարության մեջ նաեւ տեղ է գտել դատախազության պնդումը, թե չկան քաղաքական շարժառիթներով կալանավորվածներ։ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը Հրանուշ Հակոբյանին հարց ուղղեց՝ եթե բոլոր գործերի վարույթը չի ավարտվել, «ինչպե՞ս կարող ենք միանգամից առաջ ընկած ասենք, որ այդ շարժառիթներով ակնհայտորեն չկան ձերբակալվածներ»: Ի պատասխան տիկին Հակոբյանն ասաց. «Այս պահին քրգործի արդյունքներն այսպիսին են: Եթե վաղը կապացուցվի այլ բան, ուրեմն, կհայտարարվի այլ բան»:

ԵԽԽՎ բանաձեւի 8.3 կետի համաձայն՝ «Պետք է երաշխավորել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անկախությունը քաղաքական շահերից»: Եվ այս դրույթի կատարման առնչությամբ ԱԺ հայտարարության նախագծում մասնավորապես նշված է, թե «հունիսի վերջին CFI (ֆրանսիական միջազգային ալիք) հեռուստաընկերության փորձագետների ուժերով կանցկացվեն Հ1-ի աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ։ Ողջունելի է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի նախաձեռնած «Աջակցություն Հանրային հեռուստաընկերության զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, ըստ որի՝ «BBC World Service Trust»-ի փորձագիտական խումբը կգնահատի ոլորտի իրավիճակը, խնդիրները եւ կմշակի բարեփոխումների երկարաժամկետ ծրագիր»:

Երկխոսություն սկսելու բանաձեւի դրույթների որպես կատարում՝ այս հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «ՀՀ նախագահը դիմել է նախագահական ընտրություններին մասնակցած բոլոր թեկնածուներին եւ նրանց սատարած քաղաքական ուժերին՝ քաղաքական երկխոսության եւ համագործակցության առաջարկով: Արդյունքում՝ մինչ այդ ընդդիմադիր դաշտում գործող եւ նախագահական ընտրություններում 3-րդ տեղը զբաղեցրած Արթուր Բաղդասարյանը եւ նրա գլխավորած ՕԵԿ-ը ընդունել են համագործակցության առաջարկը»: Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանն այս առաջարկը ընդունել էր մինչեւ բանաձեւը՝ մարտի 1-ի նախօրեին: Մինչդեռ բանաձեւում հենց հայկական պատվիրակության առաջարկով էր տեղ գտել՝ «Այնուհանդերձ, դեռեւս անհրաժեշտություն կա երկխոսություն հաստատել կոալիցիայի եւ «Ժառանգություն» կուսակցության միջեւ, ինչպես նաեւ արտախորհրդարանական կուսակցությունների հետ՝ Հայաստանում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ելույթում հետաքրքրվեց, թե ինչու այժմ հայտարարության մեջ չեն նշել, որ չեն էլ փորձել երկխոսել «Ժառանգության» եւ առավել եւս՝ արտախորհրդարանական ընդդիմության հետ, ու իրենց խմբակցության «մեկնած ձեռքը օդում մնաց»: Կետ առ կետ անդրադառնալով բանաձեւին՝ նա ցույց տվեց, որ այն իրականում չի կատարվել: «Ժառանգության» պատգամավորների նմանատիպ ելույթներին ի պատասխան՝ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը, պարզվեց, մասնակցություն է ունեցել այս հայտարարության մշակմանը, նրանց գործունեությունը ելույթում որակեց իբրեւ «քաղաքական դիվերսիա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30