Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԱՆԻԿԸ ԿՍՏԱՆԱ ԱՍՏԾՈ «ԴԱԲՐՈՆ»

Հունիս 17,2008 00:00

\"\"Գյումրու «աստվածավախ» քաղաքապետը չի պատրաստվում իր աթոռը զիջել «սատանաներին»

Գյումրեցիների այն կարծիքը, որ Վարդան Ղուկասյանը առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար այլեւս իշխանությունների «դաբրոն» չունի, այնքան էլ անհիմն չէ. նախ, նա հրավիրված չէր Սերժ Սարգսյանի ինագուրացիային, ապա՝ Գյումրիում օրերս անցկացված կառավարության արտագնա նիստի ժամանակ նրա հանդեպ «յուրահատուկ» վերաբերմունք կար: Շիրակի մարզի մյուս քաղաքապետերն ու Ազգային ժողովի պատգամավորները դեռ բերանները չբացած՝ վարչապետը բավարարում էր նրանց խնդրանքները: Բացառություն էր միայն Գյումրու քաղաքապետը, որին մերժեցին հանրապետական բյուջեից Գյումրիի քաղաքապետարանի նոր շենքի համար հատկացնել խոստացված ամբողջ գումարը: Վ. Ղուկասյանին հասկացրին, որ ինքը թող իր գլխի ճարը տեսնի՝ նստավա՞յր է ուզում՝ թող սեփական միջոցներով կառուցի: Կառավարության «չոր» վերաբերմունքը քաղաքապետի հանդեպ սրանով չավարտվեց, նրա մյուս հարցերին էլ խիստ պաշտոնական՝ կարճ-կոնկրետ ու սահմանափակող պատասխաններ նետվեցին: Այսպիսով, ժամանակին կառավարությունում իր «հեղինակավոր» խոսքն առաջ տանող ու այդ նույն կառավարության որոշումներն արհամարհող քաղաքապետին (բավական է միայն հիշենք այն փաստը, որ 2004թ. Ղուկասյանը, խախտելով կառավարության որոշումը, չէր համաձայնում բնակբաշխման գործընթացը զիջել Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանին) մեկ անգամ եւս հուշեցին իր գլխի գալիքը:

Վարդան Ղուկասյանը չընկճվեց եւ օրերս «Շիրակ» հեռուստատեսությամբ հայտարարեց, որ իր թեկնածությունն անպայման առաջադրելու է՝ նույնիսկ «դաբրո» չստանալու դեպքում: «Ուղղակի ես զարմանում են նմանատիպ մարդկանց խելքի ու մտքի վրա, որ, ասենք, մշտական սրանք աշխատել են «դաբրո» ստանալու կապակցությամբ: Երբ «դաբրո» պետք է ստանաս, պետք է շուն լինես, ոչ թե մարդ, շո՛ւն. շան պես պետք է ծառայես, մարդկային խիղճը պետք է վերանա քո միջից, մարդկային ոչ մի բան քո մեջ չպիտի լինի, որպեսզի դու կամակատար դառնաս, իսկ ես էդպես չեմ ապրել ու թույլ չեմ տալիս, որ որեւիցե մեկը իմ նկատմամբ մտածի ու ինձ «դաբրո» տա: Ես մշտական՝ 96 թվականից մինչեւ էսօր ոչ մեկից «դաբրո» չեմ խնդրել ու չեմ ստացել: Իմ «դաբրոն» Աստված է եւ ժողովուրդը, ես ձեզ էլ խորհուրդ կտամ (նկատի ուներ իր մրցակիցներին- Ն. Ա.), որ իմ ճանապարհով ապրեք, ծառայեք ժողովրդին եւ Աստծուն, որպեսզի էնպիսի ուժ ստանաք, որ ձեր տերը Աստված լինի, որ կարողանաք նմանատիպ մարդկանց պատասխանել, ինչպես Դավիթ մարգարեն էր ասում՝ «Եթե Աստվածն մեծ է, ո՞վ կարող է զիս մենամարտել»,- քարոզեց Գյումրու քաղաքապետը: Իսկ թե կոնկրետ ու՞մ նկատի ուներ նա, դժվար չէ կռահել: Տեղեկացնենք, որ քաղաքապետի պաշտոնի հավակնորդները շատ են՝ շրջանառվում են ՕԵԿ-ին դավաճանած ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի, Գյումրու ավագանու անդամ, դաշնակցության շարքերից հեռացված Կարապետ Ներսիսյանի, ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի անունները, որի տղան՝ Ռուստամը, օրը ցերեկով մենամարտեց քաղաքապետի որդու՝ «քաջ» Սպարտակի հետ ու երկուսն էլ, Աղվան Հովսեփյանի «բարի» կամքի շնորհիվ, առանց համապատասխան պատիժ կրելու, հեշտ-հանգիստ բանտից ազատվեցին:

Բայց քաղաքապետը թվարկվածներից եւ ոչ մեկին որպես լուրջ հակառակորդ չի ընդունում: Նրա ելույթն ուղղված էր «ամենավտանգավոր» մրցակցին՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, որի հետ, Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն, Սերժ Սարգսյանը, նախքան նախագահական ընտրությունները, պայման էր կապել՝ «Ձայն բեր՝ քաղաքապետի պաշտոնի համար «դաբրո» տամ»: Այս լուրերը ծանր է տարել Գյումրու՝ «զոռով» հանրապետական դարձած քաղաքապետը, մանավանդ, երբ տեսել է Մարտուն Գրիգորյանի՝ Ազգային ժողով մտնելու համար կատարած խելակորույս ծախսերը: Չի բացառվում, որ քաղաքապետ Ղուկասյանը, այս ամենից հիասթափված, մտածի նաեւ օտար երկրներում, հատկապես՝ Ֆրանսիայում բույն դնելու մասին, որտեղ, ասում են, նույնիսկ բիզնես ունի: Ի դեպ, կիրակի օրը քաղաքապետը մոտ տասը հոգուց բաղկացած պատվիրակությամբ՝ իր ամենամոտ ընկերներով ու հարազատներով, մեկնեց Հռոմ, որից հետո կհյուրընկալվի նաեւ Ֆրանսիայում: Թեեւ գյումրեցիները ենթադրում են, որ քաղաքապետը Ֆրանսիայում իր տեղն է ամրապնդում, շատերն էլ ասում են, թե մեկնել է բուժվելու (առեղծվածային մահափորձից հետո լուրջ վնասվածքներ է ստացել), սակայն քաղաքապետարանի մեր աղբյուրները հավաստիացնում են, որ նա Եվրոպա է մեկնել որպես հավատացյալ՝ հրավեր ստանալով Հռոմի կաթոլիկներից: Վ. Ղուկասյանը, ըստ նույն աղբյուրների, Եվրոպայում կմնա մոտ տասն օր, երեք օր՝ Հռոմում, մեկ շաբաթ՝ Ֆրանսիայում: Ինչպես կատակում են գյումրեցիները՝ քաղաքապետն իրոք գնացել է Աստծո «դաբրոն» ստանալու…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30