Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված բարիտոնը հայրենիքում է

Հունիս 18,2008 00:00

\"\"Կանադահայ օպերային երգիչ, Opera Belcanto-ի գեղարվեստական ղեկավար Դավիթ Վարժապետյանը ծրագրել է կապեր հաստատել Ազգային օպերային թատրոնի հետ:

«Առավոտը» մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի հուշատախտակի բացման արարողության ժամանակ, որ կայացավ հունիսի 15-ին, հանդիպեց կանադահայ օպերային երգիչ Դավիթ Վարժապետյանին: Երգչի վերջին ելույթը Հայաստանում եղել է 1990-ականների սկզբներին՝ Լեոնկավալոյի «Պայացներում»:

1965-66թթ. Գ. Գասպարյանի լիբանանյան շրջագայության ժամանակ ճակատագրական է եղել նրա հանդիպումը երգչուհու հետ, ում անմիջական խորհրդով էլ Դ. Վարժապետյանը տեղափոխվել է Հայաստան եւ ընդունվել Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գ. Գասպարյանի դասարանը: Մեր զրուցակիցը խոստովանեց, որ իր կյանքի ամենագեղեցիկ ու լեցուն օրերը անցկացրել է հայրենիքում. «Դեռեւս 1970թ., երրորդ կուրսում ուսանելիս՝ Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում ունեցա առաջին մենահամերգս, որի առիթով «Հայրենիքի ձայն» թերթում անվանի գրող Հրանտ Մաթեւոսյանի գնահատականը անչափ ոգեւորիչ էր եւ կարեւոր դեր խաղաց իմ հետագա գործունեության համար: Կարծում եմ, որ հայրենիքը, մասնավորապես՝ օպերային թատրոնը, պետք է պատրաստակամ լինեն Սփյուռքի որեւէ տաղանդավոր երաժշտի խրախուսելու, ինչու չէ՝ առաջինը ներկայացնելու գործում: Օրինակ, շուտով ես կուզեմ Հայաստանում ներկայացնել ուսանողուհուս՝ կոլորատուրային սոպրանո Անի Բաբայանին, որին լսելիս, վստահ եմ, մասնագետները զուգահեռներ կանցկացնեն Գոհարի հետ: Նշեմ, որ ունենք սփյուռքահայ հիանալի ձայներ, այդ թվում՝ ուսանողներ, որոնք կատարելագործվում են Տորոնտոյի համալսարանում ու կոնսերվատորիայում, որտեղ ես հանդես եմ գալիս նաեւ հայ երաժշտական արվեստի պատմությանը վերաբերող դասախոսություններով»:

Պարոն Վարժապետյանը, պատմելով, որ ինքը Երեւանի կոնսերվատորիայից հետո մեկնել է Իտալիա, կատարելագործվել աշխարհահռչակ բարիտոն Ջինո Բեքիի ղեկավարությամբ, նշեց, որ 1973-ին մեկնել է Կանադա, ընդունվել Տորոնտոյի «Canadian Opera company», որպես մեներգիչ հանդես եկել բարիտոնի համար գրված օպերային երաժշտական գրականության հանրահայտ գործերում՝ «Տրավիատա», «Ֆաուստ», «Բորիս Գոդունով», «Չիո Չիո Սան», «Պայացներ» եւ այլն:

Հայրենիք այս այցի առիթը ՀՀ մշակույթի նախարարության կողմից երգչին Ոսկե մեդալի շնորհումն է՝ նրա 35 տարվա բեմական գործունեության համար: Երգիչը հայտնեց նաեւ, որ արդեն երեք տարի հանդիսանում է Տորոնտոյի մերձակայքում գտնվող Opera Belcanto-ի գեղարվեստական ղեկավարը եւ օրերս պատրաստվում է բանակցել Ազգային օպերային թատրոնի ղեկավարության հետ՝ համատեղ ձեռնարկների համար:

Երբ հետաքրքրվեցինք, թե տարիների ընդմիջումից հետո, այս օրերին մեր օպերային թատրոնում որեւէ գործ դիտե՞լ է, Դ. Վարժապետյանը հայտնեց, որ ներկա է գտնվել Վերդիի «Տրավիատայի» ներկայացմանը, սակայն ձեռնպահ մնաց մեկնաբանությունից, նշելով, որ օպերային թատրոնը պետք է իր լուրջ բյուջեն ունենա եւ իր գեղարվեստական ղեկավարը, նաեւ պետք է գործի պետական հոգածության ներքո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել