Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԿՈՒՄ ԿԱՆԽՎԵՑ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄԸ

Հունիս 20,2008 00:00

\"\"Դժգոհողներին կառավարության ներսում չընդունեցին, իսկ դրսում որոշ նախարարներ ընդամենը լսեցին նրանց
Երեկ կառավարության հերթական նիստի ժամանակ վաղ առավոտից մուտքի մոտ էին հավաքվել 2002-2008թթ. ընթացքում բանակում սպանված զինվորների շուրջ 10 ծնող, Դալմայի այգիների, Հյուսիսային պողոտայի եւ այլ իրացված տարածքների՝ ամբողջական փոխհատուցում չստացած բնակիչներ: Վերջիններս պահանջում էին, որ վարչապետն անձամբ ընդունի իրենց եւ լուծում տա իրենց խնդիրներին: Մարդկանց դժգոհությունը հասավ այն աստիճանի, որ Դալմայի այգիների հողօգտագործող Սամվել Մանուկյանը բենզին լցրեց վրան եւ ցանկանում էր հրկիզվել, որը կանխվեց ոստիկանների եւ այնտեղ հավաքվածների միջամտությամբ: Ինքնահրկիզվել ցանկացող Ս. Մանուկյանին ոստիկանները բռնությամբ ցանկանում էին բերման ենթարկել, սակայն այնտեղ գտնվող մարդիկ շրջապատեցին ոստիկանության մեքենան եւ թույլ չտվեցին նրան տանել, իսկ երբ եկավ կառավարության ներկայացուցիչը, Ս. Մանուկյանին ազատ արձակեցին: «Թաղապետարանն իր խոստումը չկատարեց, ես իմ խոստումը կատարում եմ: Բաց նամակով էլ դիմեցի երկրի նախագահին, որ իր խոստումը կատարի: Այսքան կեղծիքներ ինչպե՞ս հանդուրժենք»,- ասաց Ս. Մանուկյանը, որը եղել է հողօգտագործող: Ս. Մանուկյանը պահանջում է վերանայել հողօգտագործման պայմանագիրը եւ տալ ամբողջական փոխհատուցում: Իրացված գոտու բնակիչները հայտարարեցին, որ եթե կառավարությունն իրենց պայմանագրերը չվերանայի ու պահանջները չկատարի, արդեն խմբերով կինքնահրկիզվեն: «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը «Առավոտին» հայտնեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ նախագահին, վարչապետին, իր խոսքերով՝ «թալանչի» քաղաքապետարանին ուղղված իրենց բոլոր դիմումները մնացել են անպատասխան՝ «Բավական է խաբեն, թող վերանայեն մեր պայմանագրերը»:
Տարբեր հանգամանքներում պաշտպանության նախարարության զորամասերում սպանված զինծառայողների ծնողներն էլ պահանջում էին ձեւավորել հատուկ հանձնաժողով, որը կկատարի օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն: Ըստ որդեկորույս ծնողների, ՀՀ զինդատախազության կողմից անցկացվել է կեղծ, հանցավոր նախաքննություն՝ կատարված դիտավորյալ սպանությունները ներկայացվել են որպես անզգույշ սպանություն, ինքնասպանություն եւ սպանություն՝ հակառակորդի կողմից: Ի դեպ, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եկավ կառավարություն, անձամբ մոտեցավ սեւազգեստ ծնողներին՝ ասելով, որ ինքը պատրաստ է նրանց բոլոր հարցերին պատասխանել համապատասխան տեղում: Քիչ անց Տարածքային կառավարման վարչության պետ Խաչիկ Վարդանյանը հայտնեց, որ դատախազը պատրաստ է լսել բոլոր ծնողներին: Վերջիններս հրաժարվեցին՝ պատճառաբանելով. «Դատախազին գրած երկու մեշոկ դիմումներն անպատասխան են մնացել»: Որդեկորույս ծնողները ցանկանում էին, որ իրենց անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը լսի: Ծնողների հետ զրուցեցին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը զայրացած ծնողներին փորձեց հանգստացնել. «Վերջին հանդիպման ժամանակ, ինձնից ինչ կախված էր, արել եմ: Ես դիմել եմ դատախազություն, քննչական վարչության պետին եմ հանձնարարել, դիմել եմ նաեւ դատարան, ուր պետք է զբաղվեն այդ հարցերով»: Նախարարը եւս պատրաստակամություն հայտնեց առանձին լսել բոլոր ծնողների դժգոհությունները: Սակայն թե ինչո՞ւ է դիմել կամ ո՞ւմ դեմ է դիմել դատարան, պաշտպանության նախարարը չհստակեցրեց:
Կառավարության բակում էին նաեւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ բազմաթիվ համախոհներով, որոնք պահանջում էին ազատել «Ժամանակ Երեւան» օրաթերթի հիմնադիր-խմբագիր Արման Բաբաջանյանին, ազատամարտիկներ Վարդան Մալխասյանին, Վահան Արոյանին եւ մյուս քաղբանտարկյալներին: Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով հունիսի 20-ի հանրահավաքին, ասաց. «Անպայման գնալու եմ հանրահավաքին: Կարծում եմ՝ մարտի 1-ի կրկնության հավանականությունը շատ քիչ է, քանի որ այն իրենք չեն մարսելու: Թեեւ ոչ մի բան չի կարելի բացառել: Գտնվում ենք մի այնպիսի ռեժիմում, ուր բանականությունը բացակայում է»:
«Առավոտի» հարցին, թե կառավարության նիստին ներկաները ինչպե՞ս արձագանքեցին վերոնշյալ հուզումներին, նիստին ներկա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ոչ մի արձագանք չկար: Կառավարությունն իր հերթական հարցերն արագ-արագ քննեց, շուրջ 51 հարց, արագ որոշեցին եւ վերջացավ- գնաց: Ներքեւից հնչող ձայները շատ պարզ լսվում էին, բայց ոչ մի արձագանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել