Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել են «պարզություն մտցնելու»

Հունիս 25,2008 00:00

Այս առաքելությամբ «մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովում է աշխատելու «Ազգային միաբանությունը»:

ԱԺ «մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին երեկ հրաժարվեց մասնակցել անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ պատճառաբանելով, որ որոշ լրատվամիջոցներ շահարկում են գլխավոր դատախազի եւ իր բարեկամությունը: Երեկ, «Առավոտի» հարցերին պատասխանելով, պարոն Խաչատրյանը չուզեց այլ մանրամասներ հայտնել այդ կապակցությամբ: Թե անկախներից ով կփոխարինի Լ. Խաչատրյանին՝ պարզ կդառնա աշնանը:

Հանձնաժողովի երեկվա նիստը մարդաշատ էր եւ տեւեց սովորականից երկար, քննարկվում էր կանոնակարգը: Երեկվանից նիստերին մասնակցում են նաեւ որոշ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ: Եթե գործն այսպես ընթանա, ապա ՀՀԿ խմբակցության քարտուղար, ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին «թեժ» ամառ է սպասում, քանի որ որոշվել է աշխատել առանց հանգստի: Երեկ Ս. Նիկոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջարկում է հանձնաժողովում իր ներկայացուցչից բացի, ունենալ նաեւ իր կողմից ընտրված փորձագետ. «Նա կարող է ներկայացնել իր փորձագետին, որին կընդունենք աշխատանքի, կարծում եմ՝ սա կարող է բերել հանձնաժողովի հավասարակշռված եւ արդար մոտեցմանը: Եթե հանձնաժողովին միանան նաեւ միջազգային փորձագետներ, եւ հրապարակայնությունը, որով աշխատելու ենք, դրանով այն անվստահության մթնոլորտը, որ փորձում են ստեղծել հանձնաժողովի շուրջ, այլեւս չի լինի: Հնչեցրի՞ն անվստահություն, ուզեցի՞ն Գեւորիկին ուղարկել, դրա դիմաց մենք առաջարկում ենք՝ ուղարկեք նաեւ փորձագետ»:

Արտախորհրդարանական ուժերից «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Սարգիս Մուրադխանյանը երեկ առաջին անգամն էր մասնակցում հանձնաժողովի նիստին, նրան մի քանի հարց ուղղեցինք:

– Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:

– Նախ, որոշեցի մասնակցել, որովհետեւ, ընդհանրապես, մեր երկրում էնքա՜ն բաներ կան, էնքա՜ն հարցեր կան, որ դեռ պարզություն պետք է մտցվի: Եվ, իհարկե, ես էլ կյանքից եւ քաղաքականությունից հեռու կանգնած մարդ չեմ, ուզեցի իմ համեստ ներդրումն անել այս գործին, ընդհանրապես՝ ժողովրդի մեջ պարզություն մտցնելու նպատակով:

– Հունիսի 20-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը, հավանաբար, կատակով առաջարկեց այս հանձնաժողովում որպես իր ներկայացուցիչ ընդգրկել ՀՀՇ-ի Գեւորիկին, նրա մասնակցությունը ե՞ւս կօգնի պարզություն մտցնել:

– Լեւոն Տեր-Պետրոսյանը, փորձելով անլրջության մթնոլորտ ստեղծել այս ժամանակավոր հանձնաժողովի շուրջ, անցած միտինգին շեշտեց Գեւորիկին: Իմ կարծիքով, սա ցինիկություն է, հիվանդ մարդուն բերել եւ խաղաքարտ դարձնել, փորձել օգտագործել նրան քաղաքականության մեջ, սա մարդկային չէ: Սակայն, խնդրում եմ, լսեք, առերես է սա թվում միամիտ երեւույթ, սա շատ հեռուն գնացող նպատակ ունի: Տեր-Պետրոսյանը էս գլխից փորձում է հեղինակազրկել ժամանակավոր հանձնաժողովը, մտածելով, որ, հնարավոր է, ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքի արդյունքում լինեն եզրակացություններ, որոնք իրեն ձեռնտու չլինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել