Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԲԳՎ-ԻՑ ԿՊՐԾՆԵՆ

Հունիս 25,2008 00:00

Երեկ Գյումրի էր ժամանել քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը: Դատելով լրագրողների հետ ճեպազրույցից՝ Վ. Վարդանյանն այս անգամ էլ էր անպատրաստ եկել Գյումրի: Վերջինս լրագրողների հարցերին տալիս էր վերացական պատասխաններ: «Առավոտը» նախարարից հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչպե՞ս է լուծելու վթարային, փլուզվող շենքերի բնակիչների հարցերը:

Նշենք, որ նախորդ օրը Գյումրիում արձանագրվել էր փլուզման եւս մի դեպք. Օզանյանի տան կտուրը փլվել էր բնակիչների գլխին: Մեր հարցին նախարարը պատասխանեց. «Հայսեյսմիկշին» գիտահետազոտական ինստիտուտի կողմից Գյումրիում արդեն ուսումնասիրություններ են կատարվում շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ, եւ դրա արդյունքում արդեն կունենանք կոնկրետ տվյալներ, որոնց հիման վրա կկազմվի նոր ծրագիր: Կուսումնասիրենք, որից հետո կոնկրետ հայտարարություն կարվի: Բայց որ խնդիրը կառավարության եւ նախագահի ուշադրության կենտրոնում է՝ փաստ է»: Նախարարի պատասխանից ստացվում է, որ փլուզվող շենքերի բնակիչները պետք է Աստծո հետ պայման կապեն, որ փլուզվելու դեպքում գոնե կենդանի մնան, որպեսզի օգտվեն կառավարության «բարիքներից»: Նախարարը, ամենայն հավանականությամբ, տեղյակ չէ, որ այս 20 տարիների ընթացքում կառավարությունը զբաղված է հանձնաժողովներ կազմելով ու լուծարելով: Ընդամենը 2 տարի առաջ նմանատիպ հանձնաժողով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր Գյումրի ուղարկել, որի անդամները, գյումրեցիների խոսքերով, «1-2 շենք մտնելուց հետո Խաչատուր Աբովյանի բախտին արժանացան»:

Իսկ Շիրակացու փողոցում կառուցվող «Իդեալ» խանութի պատի փլուզվելու ու հարակից տնակի ընտանիքի երեք անդամների մահվան պատճառը դառնալու առնչությամբ էլ Վ. Վարդանյանն ասաց, որ նախարարությունը վերահսկողության առումով լուրջ բացթողումներ ունի ու հույս հայտնեց, որ մեղավորները կպատժվեն: Լրագրողներից մեկի հարցից, թե որտե՞ղ պետք է ապրեն այն տնակների բնակիչները, որոնց տարածքը քաղաքապետարանը վաճառում է ու նրանց վտարում՝ նախարարը խիստ զարմացավ: Վերջինս խնդրեց կոնկրետ փաստեր ներկայացնել, որպեսզի ուսումնասիրեն: Երեկ նախարարի հայտնած միակ բարի լուրն այն էր, որ 2010-ից Գյումիրում այլեւս ԲԳՎ ծրագիր չի գործի, այլ՝ շենքեր կկառուցվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30