Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎԸ ԴԱՐՁԱՎ ԱՎԵԼԻ ԱՆԱՏԱՄ

Հունիս 26,2008 00:00

\"\"ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության առաջարկով՝ բանաձեւում վերանայվեցին «Ա1+»-ին արտոնագիր տրամադրելու եւ համաներում հայտարարելու մասին դրույթները:

Երեւանի ժամանակով երեկ, ժամը 21.25-ին, սկսվեց «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը» 11656 բանաձեւի նախագծի քննարկումը, որը տեւեց 1 ժամ: Պատճառն այն էր, որ նախատեսվածից ավելի տեւեց դրան նախորդող «Եվրոպայում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւի քննարկումը, որի տեքստում ուղղումներ անելու բազմաթիվ առաջարկներ էին ներկայացված:

Մեր բանաձեւի վերաբերյալ առաջարկված ուղղումները 27-ն էին, որոնցից 23-ը ներկայացրել էին Հայաստանի պատվիրակության անդամները՝ բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի: Մյուս առաջարկները ներկայացրել էին համազեկուցողները, մեկն էլ՝ մեր երկրում նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած շվեդ պատվիրակ Մարիետա դը Փուլբախ-Լունդինը եւ ԵԽԽՎ եւս 5 պատվիրակներ: Նրանք առաջարկում էին բանաձեւի կատարման հարցին անդրադառնալ ոչ թե 2009-ի հունվարին, այլ այս տարվա աշնանը կայանալիք նստաշրջանում: Սակայն երեկ նախ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում մերժվեց այդ առաջարկը, հետո էլ՝ լիագումար նիստում՝ ընդամենը 4 կողմ ձայն ստանալով: Փոխարենը Մոնիտորինգի հանձնաժողովը կայացրեց մեկ այլ որոշում, ըստ որի՝ Մարդու իրավունքների հանձնակատարը սեպտեմբերին պիտի զեկույց ներկայացնի բանտարկյալների վերաբերյալ:

Լիագումար նիստում հնչած ելույթներին, որոնց հետեւել ենք ԵԽ online հեռարձակման միջոցով՝ ավելի հանգամանալից կանդրադառնանք վաղվա համարում: Իսկ մինչ այդ՝ ընդամենը մի քանի մանրամասներ երեկվա քննարկման մասին: Այն անցնում էր գրեթե դատարկ դահլիճում, եւ քվեարկությունների մասնակիցների թիվն էլ առավելագույնը 26-ն էր: Բանաձեւի օգտին քվեարկեցին 24 հոգի, որեւէ մեկը դեմ չէր:

10 րոպեի ընթացքում ներկայացնելով իրենց բանաձեւը՝ համազեկուցող Ջոն Պրեսկոտը մի պահ սկսեց թափահարել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի զեկույցը եւ դրվատելով այն՝ մեջբերումներ արեց: Հաշվի առնելով այն քննադատությունը, որին արժանացավ Պաշտպանը մեր արդարադատության նախարարի եւ գլխավոր դատախազի կողմից՝ ուշագրավ է, որ Ջոն Պրեսկոտը հարկ համարեց իր հարգանքն ընդգծել Արմեն Հարությունյանի հանդեպ:

Ելույթների համար ժամանակը խիստ սահմանափակ էր: Եվ հռետորների գերակշիռ մեծամասնությունը մարդիկ էին, որոնք միշտ ելույթ են ունենում Հայաստանին առնչվող քննարկումների ժամանակ ու, որպես կանոն, պաշտպանում մեր երկիրը: Դրանցից մեկը Ռուսաստանի պատվիրակության անդամ Իգոր Չեռնիշենկոն է, որին անգամ իր հայրենակից պատգամավորներն են կեսկատակ անվանում «ՀՀ պատվիրակության անդամ»: Իգոր Չեռնիշենկոն ելույթ էր ունենում եվրոպական դեմոկրատների խմբի անունից (ի դեպ, Ավետ Ադոնցն էլ ելույթ ունեցավ «Եվրոպական լիբերալների ու դեմոկրատների միություն» խմբի անունից): Իգոր Չեռնիշենկոն հայտնեց, որ գիշերն է եկել Մոսկվայից՝ մինչ այդ մասնակցել էր ՌԴ Պետդումայի ղեկավարության հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը, եւ պատմեց. «Հանդիպման 30 րոպեից 10 րոպեի ընթացքում նա խոսում էր այն մասին, թե որքա՜ն կարեւոր է երկրի համար իրականացնել ԵԽԽՎ բանաձեւով Հայաստանին առաջադրված պահանջները: Եվ սա նույնպես վկայում է այս խնդիրներին շատ-շատ լուրջ մոտեցման մասին»: Ռուս պատվիրակն այնքան երկար պատմեց ՀՀ-ում կատարված օրենսդրական փոփոխությունների, ընդդիմությանն ընձեռված իրավունքների մասին եւ այլն, որ նրա ելույթն ընդհատելու համար նախագահողը ստիպված էր 4 անգամ զանգ հնչեցնել: Սակայն դրանք անտեսելով՝ Իգոր Չեռնիշենկոն շարունակում էր. «Այս գործընթացներն ընթանում են ընդամենը 3 ամիս: Բայց անգամ փոքրիկ բալիկն է լույս աշխարհ գալիս 9 ամսից: Ինձ թվում է, որ գործընթացի սկիզբը մեզ հիմք է տալիս խոսել դրական որոշումների մասին»: Եվրոպական միացյալ ձախ խմբի անունից համահունչ ելույթ ունեցավ նորվեգացի պատվիրակ Բյորն Յակոբսենը, թե երկու անգամ այցելել է Հայաստան ու տեսել մարդկանց, որոնք խանդավառված էին ժողովրդավարություն կառուցելու գաղափարով: Եվ էլի արտահայտվեց բանաձեւի կատարման համար լրացուցիչ ժամանակ տրամադրելու օգտին: Սոցիալիստների խմբի անունից էլ ելույթ ունեցավ ֆրանսիացի պատվիրակ Ռընե Ռուքեն, որը հայտարարեց, թե նախագահ Սերժ Սարգսյանին պետք է հաջողություն մաղթել, որ Հայաստանը շարունակի զարգանալ:

Սակայն դառնանք առավել էական հարցին, թե ինչ փոփոխություններ արվեցին բանաձեւում: ՀՀ պատվիրակության արած բոլոր առաջարկները, բացառությամբ այն ուղղումների, որոնցից իրենք հրաժարվեցին՝ ընդունվեցին: Մի օրինակ ներկայացնենք, թե ինչպիսի ուղղումներից հրաժարվեցին մեր պատվիրակները: Բանաձեւի նախագծի 4.2 կետում հետեւյալ նախադասությունը՝ «Պնդում ենք, որ ՀՀ իշխանություններն այժմ պիտի թույլատրեն ընդդիմության կազմակերպած հանրահավաքները՝ առանց անհարկի սահմանափակումներ գործադրելու», մեր պատվիրակներն առաջարկել էին փոխել ու դրա փոխարեն գրել. «Հայաստանի իշխանությունները պիտի երաշխավորեն, թե որեւէ անհարկի սահմանափակում չի գործադրվի այն հավաքների նկատմամբ, որոնք ընդդիմությունը կանցկացնի ցույցեր անցկացնելու օրենքին համապատասխան»:

Մեր պատվիրակության առաջարկած եւ ընդունված առավել էական փոփոխություններից մեկը վերաբերում է մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Բանաձեւի նախագծում պարունակվող առաջարկը, թե այդ հանձնաժողովը պիտի աշխատի փոխհամաձայնության սկզբունքով՝ վերջնական տարբերակում ստացել է այս տեսքը, թե հանձնաժողովը «պետք է ձգտի հնարավորինս փոխհամաձայնությամբ որոշումներ ընդունել»:

Բանաձեւի նախագծի հետեւյալ դրույթը՝ «Քրեական օրենսգրքի 300-րդ եւ 225-րդ հոդվածներով մեղադրվողների դեմ հարուցված գործերը պետք է կարճվեն՝ եթե չկան խիստ հիմնավոր ապացույցներ, որ նրանք անձամբ կատարել են բռնություններ կամ այլ լուրջ քրեական հանցագործություններ», մեր պատվիրակների առաջարկով այժմ վերանայվել է այսպես, թե այդ հոդվածներով հարուցված գործերը պետք է կարճվեն, եթե չկան հստակ ապացույցներ, որ մեղադրյալներն իրենք են կատարել բռնություն կամ «դրանք կազմակերպել են, հրահրել կամ աջակցել դրանց կատարմանը»:

Հայ պատվիրակների առաջարկով՝ բանաձեւում ավելացվել է նոր կետ, որում ափսոսանք է արտահայտված, թե չնայած 1609 բանաձեւի պահանջին՝ «ոչ բոլոր ընդդիմադիր ուժերն են ճանաչել ՍԴ որոշումը»: Բանաձեւի նախագծից դուրս բերվեց այն դրույթը, թե մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորվածներին բանտում պահելը կլինի այն վիճահարույց կետը, որը կշարունակի լարված պահել ընդդիմության եւ իշխանության հարաբերությունները եւ խոչընդոտել երկխոսությանը:

Ու թերեւս ամենակարեւոր փոփոխությունները. ՀՀ պատվիրակության առաջարկած ուղղումներով՝ խմբագրվեցին այն դրույթները, որոնցով Վեհաժողովն առաջարկում էր, որ ԱԺ-ն ընդունի համաներման մասին օրենք կամ էլ ՀՀ նախագահը ներում հայտարարի, ու նաեւ, որ իշխանությունները պիտի առանց հետագա ձգձգումների «Ա1+»-ին տրամադրեն հեռարձակման արտոնագիր: Դրանց փոխարեն բանաձեւում տեղ են գտել հետեւյալ դրույթները, թե Վեհաժողովն առաջարկում է, որ ՀՀ նախագահը դիտարկի համաներման մասին օրենքով ԱԺ-ին դիմելու կամ ներում հայտարարելու հարցը: Իսկ «Ա1+»-ի կապակցությամբ նշված է. «Վեհաժողովը հիշեցնում է, որ Հայաստանում էլեկտրոնային ԶԼՄ-ների բազմակարծության պահանջ կա», եւ կոչ է արված «անցկացնել բաց, արդար եւ թափանցիկ հեռարձակման արտոնագրման գործընթաց»:

Հավելենք, ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «ԱրմԻնֆո»-ին ասել է, թե «Ա1+»-ին հեռարձակման արտոնագիր տրամադրելու պահանջը կոռեկտ չէր, քանի որ ազատ հաճախականություններ չկան: Սակայն նաեւ բացահայտել էր. «Այդ հարցը գտնվում է քաղաքական կոալիցիայի օրակարգում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30