Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակացարանը՝ համակենտրոնացման ճամբար

Օգոստոս 09,2008 00:00

Իրենց կենցաղային պայմաններն այսպես են բնորոշում Սիսակյան թիվ 3 վթարային շենքի բնակիչները:

«Եթե անգամ 3 բալանոց երկրաշարժ լինի՝ մեր շենքը կփլվի: 20 տարուց ավելի է՝ ապրում ենք վթարային շենքում՝ կեղտի ու ջրերի մեջ: Պատշգամբների կողքերից քարերն արդեն պոկվում-թափվում են: Ամեն օր ահը սրտներումս սպասում ենք, որ մնալու ենք փլատակների տակ: Մարդավարի ապրելու ոչ մի պայման չկա»,- «Առավոտին» դժգոհեցին Աջափնյակ համայնքի Սիսակյան 3 հասցեում գտնվող վթարային հանրակացարանի բնակիչները: Այս շենքը նախկինում եղել է «Մետաքս» գործարանի հանրակացարանը, եւ բնակիչների մեծ մասը հենց այդ գործարանում են աշխատել: Այստեղ են բնակվում նաեւ Ադրբեջանից գաղթած փախստական ընտանիքներ: Շենքը 4-րդ կարգի վթարային է եւ ընդգրկված է վթարային շենքերի փոխհատուցման ծրագրում: Մեզ հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ քաղաքային իշխանություններն իրենց վստահեցրել են, որ այս տարվա 2-րդ եռամսյակում վթարայինի բնակիչները բնակարանամուտ կտոնեն: Ոմանք նույնիսկ ճամպրուկներն էին հավաքել, սակայն նշված ժամկետն էլ եկավ- անցավ, բայց մարդիկ դեռ հանրակացարանում են:

Բնակիչները զուգարանից կամ խմելու ջրի ծորակից օգտվելու համար ստիպված են լինում ժամերով սպասել՝ 20-30 ընտանիք ընդամենը մեկ զուգարանից եւ մեկ ծորակից է օգտվում: Իսկ կոյուղագծերն այնքան մաշված են, որ զուգարանների եւ գրեթե բոլոր սենյակների տանիքները կաթում են: Եթե վերեւի հարկի հարեւանը լոգանք է ընդունում կամ լվացք անում, ապա տակի հարեւանին կամ պետք է զգուշացնի, որ միաժամանակ չմտնեն բաղնիք, կամ էլ կեղտաջրերը թափվում են հարեւանի գլխին: Հանրակացարանի բնակիչների վստահեցմամբ՝ բազմիցս դիմել են թաղապետարան եւ ԺԷԿ, որպեսզի գոնե շենքի բաղնիք-զուգարանի հատվածը վերանորոգվի, սակայն նրանց մերժել են՝ պատճառաբանելով, թե շենքը վթարային է եւ անհնար ու անիմաստ է ինչ-որ աշխատանք անել:

Սեդա Գասպարյանի ընտանիքը 9 հոգով բնակվում է շենքի առաջին հարկի մի փոքրիկ սենյակում. «Այնքան խոնավ է, որ պատերը քիչ-քիչ փլվում են, վերեւի հարկի ջրերը մեր տուն են լցվում: Խեղճ թոռանս ձմեռը հյուր էին բերել մեզ մոտ, խոնավությունից մրսեց, հիվանդացավ ու մահացավ: Անգամ կենդանիները չեն կարող էստեղ ապրել, մարդիկ ո՞նց դիմանան: Էրեխեքս իրար վրա են քնում»:

Մեր այցելության պահին բնակիչներն անգամ չէին կարողանում խոհանոցից օգտվել՝ ոմանք գազօջախներն ու լվացքի մեքենաները տեղադրել էին միջանցքում, քանի որ սենյակներում հազիվ 1-2 մահճակալ են տեղավորել: «Ոնց որ գոմում ապրենք, գոմում էլ սենց պայմաններ չեն լինում: Մեր կենցաղային պայմանները խոլերայի բուն են, ու այստեղ երեխաներ են մեծանում: Ամբողջ կյանքներս աշխատել ենք էս երկրի համար, իսկ «Մետաքսից» բնակարան ստանալու մեր հերթը չհասավ, կարգերը փոխվեցին, ու հիմա ոնց որ սեփական հայրենիքում ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում ապրենք: Ժողովրդին միայն ընտրությունների ժամանակ են հիշում, գալիս են մեծ-մեծ խոսում, իզուր հույսեր տալիս ու ձայն հավաքում, բայց պարզվում է՝ օդի մեջ խոսակցություններ են միայն»,- բողոքեցին բնակիչները:

Վթարային շենքից ազատվելու համար բնակիչները բազմիցս դիմել են թաղապետարան, որտեղից էլ նրանց հորդորել են դիմել քաղաքապետարան, իսկ այնտեղից պատասխանել են. «Զզվացրիք ու ձանձրացրիք, գնացեք, որ մի բան լինի՝ կասենք»: Բնակիչների վստահեցմամբ՝ իրենցից թաղապետարանն արդեն որոշ փաստաթղթեր է հավաքել, որպեսզի պարզի, թե որ բնակարանում քանի անձ է բնակվում. «Գոնե կոնկրետ իմանանք, թե ինչքան ենք սպասելու, թե չէ էսօր-էգուց անելով՝ մեզ խաբում են»:

«Առավոտի» հարցին, թե Սիսակյան 3 շենքի բնակիչներն ի վերջո ե՞րբ են նոր բնակարաններ ստանալու, քաղաքապետարանից պատասխանեցին, որ մեր հարցը պետք է ուղղենք ոչ թե իրենց, այլ՝ Աջափնյակի թաղապետարանին: Այստեղից էլ պարզաբանեցին, որ վթարային շենքերի փոխհատուցման ծրագրի ղեկավարը քաղաքապետ Երվանդ Զախարյանն է եւ հենց քաղաքապետարանն էլ պետք է դրանով զբաղվի: Մեր պնդումներից հետո քաղաքապետարանի լրատվական ծառայությունից պատասխանեցին. «Սիսակյան 3 շենքն իսկապես 4-րդ կարգի վթարային է եւ ներառված է վթարային շենքերի փոխհատուցման ծրագրում, որը կավարտվի 2011 թվականին»: Իսկ թե կոնկրետ ե՞րբ Սիսակյան 3 շենքի բնակիչները նոր բնակարաններ կստանան՝ քաղաքապետարանում տեղյակ չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել