Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԻ՞Չ ԽՈՍԵՆՔ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԱՍԻՆ

Նոյեմբեր 08,2008 00:00

ՀՀՇ վարչության անդամ, տնտեսագետ Հովհաննես Իգիթյանը ըմբռնումով է մոտենում վարչապետ Տիգրան Սարգսյանի այս խորհրդին:

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը որպես տնտեսական փորձագետ Եվրոպայում պարբերաբար մասնակցում է տարբեր համաժողովների՝ օրերս Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովում եւ Եվրոպական խորհրդարանում, եւ ինչպես մեզ հայտնեց. «Հիմնական թեմաները վերաբերում էին համաշխարհային զարգացող ճգնաժամի առնչությամբ Եվրոպական հանձնաժողովի հնարավոր մարտավարությանը: Այդ ճգնաժամը, որը սկսվել է Ամերիկայից՝ արդեն զգալիորեն արտահայտվում է Եվրոպայում: Այն երկրներում էլ, որտեղ Եվրոպան ունի իր տնտեսական ու քաղաքական շահերը՝ նկատվում է բավական բարդ ֆինանսատնտեսական իրավիճակ: Բրյուսելում ներկա էին եւս 30 երկրներից փորձագետներ, որոնք ներկայացրեցին իրենց պետություններում ֆինանսատնտեսական իրավիճակի նրբերանգները, այդ թվում՝ վիճակը Ռուսաստանում, Ղազախստանում եւ այլն: Հայաստանի մասին խոսք չկա, քանի որ մեր երկրի վերաբերյալ շատ դժվար է կիրառել այն չափորոշիչները, որոնցով բնորոշվում է ֆինանսական ճգնաժամի խորությունը: Քանի որ նախ Հայաստանը կտրված է միջազգային տնտեսական անցուդարձից, բացի այդ՝ մեր երկրում շատ բաներ պայմանավորված են անհատներով: Եվ նույնիսկ բանկային համակարգն է այս կամ այն ձեւով առնչվում անհատներին կամ, ասենք, դոլար-դրամ կամ եվրո-դրամ հարաբերակցությունը, որը փոխվում է արհեստականորեն»:

Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ ինքը բավական խորացել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի խնդիրների եւ դրանց հնարավոր լուծումների մեջ: Եվ այդ պատճառով հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում վարչապետ Տիգրան Սարգսյանի այն խորհրդին, որը նա տվեց հոկտեմբերի 22-ին ԱԺ-կառավարություն հանդիպման ժամանակ՝ ի պատասխան այն հարցի, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամն ազդեցություն ունեցե՞լ է մեր երկրի վրա, գնահատվե՞լ են հնարավոր ռիսկերը եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ: «Ճգնաժամն այսօր պայմանավորված է ֆինանսական շուկայի մասնակիցների՝ միմյանց նկատմամբ անվստահությամբ եւ բացասական սպասումներով,- ասաց պրն Սարգսյանը եւ որպես մասնագետների առաջարկ՝ փոխանցեց:- Հնարավորինս քիչ խոսել ճգնաժամի կամ այն աղետի մասին, որ մեզ սպասվում է, որովհետեւ տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների մոտ ձեւավորվում են բացասական սպասումներ, եւ նրանք փոխում են իրենց սպառման վարքագիծը: Դա խորացնում է ճգնաժամը»: Հովհաննես Իգիթյանը մեր հարցին, թե այս առաջարկը տեղի՞ն է համարում՝ պատասխանեց. «Ես հասկանում եմ, թե ինչու նա այդպես ասաց: Քանի որ իրոք՝ աշխարհում կան տարածաշրջաններ, որտեղ գոյություն չունեն ճգնաժամ սկսելու տրամաբանական չափանիշները, բայց դրանք գոյություն ունեն անուղղակի ձեւով ու պայմանավորված են այդ խուճապով, որը սկսվում է այս կամ այն քաղաքական գործչի՝ թեկուզ հանգստացնելու նպատակ ունեցող կոչերով: Ընդ որում՝ այստեղ որպես օրինակ կարելի է նշել նաեւ Ռուսաստանը, որտեղ մարդիկ սկսեցին իրենց ավանդները վերցնել եւ ռուբլին փոխարինել արտարժույթով այն ժամանակ, երբ կառավարությունը հայտարարեց, թե առիթ չկա նման բան անելու: Եվ ես իրոք հասկանում եմ, թե ինչու դա արեց Տիգրան Սարգսյանը: Բայց էլի եմ կրկնում. անեն թե չանեն՝ Հայաստանն ունենալով շատ խիստ անձնավորված ու կոռումպացված ներքին շուկա՝ չի կարող ուղղակի ձեւով արձագանքել, այսինքն՝ մաս կազմել առկա միջազգային ճգնաժամին: Բայց անուղղակի արձագանքներ կլինեն, քանի որ այստեղ՝ Եվրոպայում ու հատկապես Ամերիկայում ճգնաժամն առաջին հերթին պայմանավորված է վարկավորման սխալ, սնանկ քաղաքականությամբ եւ որոշ դեպքերում՝ ծառայությունների գերարտադրանքով: Սակայն Եվրոպայում հուսադրող է, որ սպառողների ընդհանուր վճարունակությունը չի ընկել, եւ այդ պատճառով Եվրոպայի ընդհանուր եւ Եվրոպական հանձնաժողովի քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է պաշտպանելու ֆինանսական ինստիտուտները: Իսկ Հայաստանում պարզ է, որ ֆինանսական ինստիտուտները պրոբլեմ կունենան, բայց քանի որ հայ սպառողների եկամուտը պայմանավորված է նաեւ դրսից եկած օգնություններով ու տրանսֆերտներով, ու մեր երկրում արհեստականորեն իջեցվում է եվրոյի եւ դոլարի կուրսը, որոնք ամեն տեղ բարձրանում են՝ ինձ թվում է, որ դա կազդի վճարունակության վրա»: Նա այս հարցը գնահատեց իբրեւ քաղաքական՝ «Քանի որ, պարզ ասած, եթե ընտանիքներին ուղարկում էին 1000 եվրո, որը ժամանակին 700 հազար դրամ էր, իսկ հիմա ուղարկած նույնքան գումարն ընդամենը 390 հազար դրամ է՝ պատկերացրեք, որ մեր սպառողները դարձել են 38 տոկոսով ավելի անվճարունակ: Եվ ի վերջո՝ այս ամենն իրոք հանգեցնելու է պրոբլեմների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930