Լրահոս
Օրվա լրահոսը

Հղումների թվով 70-ից ներքեւ ենք-2

Նոյեմբեր 15,2008 00:00

Գիտական խնդիրները պետք է բխեն երկրի շահերից

 

Գիտնականների վարկանիշը գնահատալիս ընդունված է առանձնացնել մի խումբ, որը կոչվում է Highly cited researcher՝ բարձր հղումներ ունեցող հետազոտող, այսպես կարելի է թարգմանել: Այս խմբում «հավաքված» են գիտնականներ, որոնց աշխատանքների վրա կա 10000-ից ավելի հղում: Բաժանումը, իհարկե, հարաբերական է, վերջիվերջո՝ 8000-ն էլ վատ թիվ չէ: Հիմա ԱՄՆ-ում կա 4033 գիտնական, ովքեր մտնում են այս խմբի մեջ եւ սրանց ճնշող մեծամասնությունն էլ դեռ ակտիվ աշխատում է: Ես չգիտեմ, թե նրանցից քանիսն են ականավոր ու հանճարեղ, բայց հաստատ մեծամասնությունը տաղանդավոր է: Նման գիտական ներուժի գինը դժվար է գերագնահատել: Իհարկե, այս կադրերի մի մասը հավաքվել է ամբողջ աշխարհից, մեկ առ մեկ կամ խմբերով: Բայց ջոկվել եւ հավաքվել է՝ օտար երկրում պայմաններ ստեղծելով նրանց բոլոր ընդունակությունները լիովին բացահայտելու համար: Հիմա ականավոր հայ գիտնականները ինձ կսկսեն մեղադրել ամերիկամետության մեջ: Ես ի՞նչ անեմ, որ Հայաստանում նման մարդ չկա ու չի երեւում, թե ոնց կարող է որեւէ մեկը դառնալ այդպիսին: Մամուլում կարող եք գտնել, թե մինչեւ 400 հղում ունեցող հայ գիտնականները ոնց են իրար քիթ բերան-ջարդում՝ ականավոր կամ նշանավոր գիտնական կոչելով իրենք իրենց: Ենթադրենք, մի 10 տարի հետո այդ թիվը մեծանա եւ դառնա 1000, միեւնույն է՝ դա շատ հեռու է Highly cited researcher կոչվելուց: Մի հայազգի գիտնական գտա՝ Գեւորգ Աղաջանյան, հոգեբույժ, ծնված 1932թ.՝ Լիբանանում: Աշխատում է ԱՄՆ-ում, հղումների թիվը 31069՝ մոտավորապես այնքան, ինչքան ամբողջ Հայաստանի գիտնականների հղումները վերջին տարիներին: Կենսագրությունից հասկացա, որ եթե Հայաստանում եղել է, ապա միայն զբոսաշրջիկի կարգավիճակով՝ ոչ մի գիտական կոնտակտ: Նրա մասին կարող եք տեղեկություններ ստանալ https://

www.med.yale.edu/pharm/aghajan. html կայքից:

Հարցն ուրիշ ձեւով է պետք դնել՝ ե՞րբ Հայաստանում պետք է զբաղվեն այնպիսի գիտական խնդիրներով եւ տան այնպիսի որակյալ լուծումներ, որ հղումների թիվը մեծանա: Եվ քանի որ հղումների թիվը բնութագրում է հիմնականում դրված խնդրի արդիականությունն ու լուծման որակը, ապա այդ դեպքում նոր կարող ենք «ուռա» գոռալ: Որովհետեւ միայն այդկերպ պարզ կլինի, որ Հայաստանում թե՛ խնդիր դնող կա, թե՛ լուծող: Առաջինն անելն անհամեմատ ավելի դժվար է, եւ ամեն ինչ սկսվում է հենց դրանից:

Աղյուսակում բերված են 2007 թ. նոյեմբերի 31-ին դասակարգված 20 լավագույն երկրները՝ գիտության բոլոր բնագավառներում: Հաշվարկի ժամանակաշրջանը՝ 01.01.1997թ.՝ մինչեւ 31.08.07 թ., վերցված են 146 երկրների տվյալներ՝ «ISI Web of Knowledge» կայքից (հեղինակ՝ «Essential Science Indicators»): Տեղերը բաշխված են ըստ հղումների ընդհանուր թվի: Տեղը ցույց տվող սյունակում փակագծի մեջ նշված է տվյալ երկրի զբաղեցրած տեղն՝ ըստ հոդվածների ընդհանուր թվի (տես՝ Ս. Գեւորգյանի «Հղումների թվով 70-ից ներքեւ ենք» հոդվածը «Առավոտում»՝ 6.11.2008): Վերջին սյունակում նշված է տվյալ երկրում աշխատող 10000-ից ավելի հղումներ ունեցող գիտնականների քանակը: Ինչպես տեսնում եք՝ մենք նորից չկանք, նորից վերջին տեղերում ենք: Իհարկե, կասեք՝ մեր փողն է քիչ, շրջափակում է ու էլի ինչ-որ բառեր…

Նախորդ հոդվածում բերված ցուցակի համեմատությամբ, այստեղ հայտնվել են նոր երկրներ, որոնք հոդվածների թվով այնքան էլ առաջատար չեն, բայց հղումներով՝ այո: Այս երկրների անվան դիմաց առաջին սյունակում փակագծի մեջ դրված է «-»: Ուշադրություն դարձրեք այն փաստի վրա, որ այս երկրները ամենամեծերից չեն աշխարհում եւ նրանց նյութական միջոցներն էլ ԱՄՆ-ի նման «անսահմանափակ» չեն: Փաստենք միայն, որ ընդհանուր հղումների թիվը հնարավոր է մեծ լինի՝ հոդվածների որակի հաշվին:

Հետաքրքրական է վերջին սյունակի տվյալների պարզագույն վերլուծությունը: Առաջին հարցը, որ ծագում է՝ այն է, թե գիտության ո՞ր բնագավառներում են աշխատում մեծ հղումների թիվ ունեցող գիտնականները: Պարզվում է, որ ներքին կառուցվածքը, ինչը բնութագրում է տվյալ երկրում գիտության գերակայությունների մասին, խիստ կախված է նյութական հնարավորություններից: Օրինակ, ԱՄՆ-ի 4033 գիտնականից 312-ը ֆիզիկոս է, 294-ը՝ կենսաբան, 339-ը՝ կոմպյուտերի մասնագետ, 351-ը՝ տիեզերքի մասնագետ, 253-ը՝ ճարտարագետ, 325-ը՝ տնտեսագետ: Այսինքն՝ երբ հնարավորություն ունես ֆինանսավորել գիտության բոլոր ուղղությունները, ճիշտ գործող համակարգի մեջ բոլոր ուղղություններով էլ լավ արդյունք կարելի է ստանալ: Պատկերն այլ է Բելգիայի պարագայում: Սահմանափակ նյութական հնարավորությունների դեպքում 38 մեծ հղում ունեցող գիտնականից ֆիզիկոս է 1-ը, մաթեմատիկոս՝ 1-ը, ճարտարագետ՝ 1-ը, տնտեսագետ՝ 1-ը: Մնացած բոլորը զբաղվում են կենսա-բժշկական գիտություններով (life sciences՝ ինչպես ընդունված է անվանել): Այսինքն՝ լավ արդյունք ստանալու համար ոչ մեծ երկրները, որոնք հնարավորություն չունեն զբաղվել ամեն ինչով, պետք է ունենան սեփական մոտեցումները: Դրվող գիտական խնդիրները այս դեպքում կոնկրետ թվով են եւ պետք է առաջին հերթին կախված լինեն տվյալ երկրի շահերից:

Բայց սրա մասին ավելի մանրամասն, երբ երկրների զբաղեցրած տեղերը սկսեն դասավորել ըստ մեկ հոդվածին ընկնող հղումների թվի, համեմատենք այդ երկրի համախառն արտադրանքի հետ: Հուսով եմ, այս ձեւով կարող ենք մոտենալ դրված հիմնական խնդրին՝ օգուտ տալ մարդկանց, ովքեր այսօր որոշում են Հայաստանի գիտության բախտը:

ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930