Հոկտեմբերի 26-ին ԱԵԳՄՄ-ի գրասենյակում կայացավ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2026 թ. 2-րդ (28-րդ) համարի շնորհանդեսը, որին ներկա էին նոր համարի հոդվածագիրները: Պարբերականի գլխավոր խմբագիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոդվածագիրներին արժեքավոր հետազոտություններ իրականացնելու և դրանց արդյունքները Պարբերականին վստահելու համար: Նա նաև նշել է, որ նման հանդիպումները նպատակ ունեն ձևավորել մասնագիտական համագործակցություն (գիտական նեթվորքինգ) հենց հոդվածագիրների միջև: Իրենց հերթին հոդվածագիրները կիսվել են տպավորություններով՝ կապված Պարբերականի խմբագրակազմի արհեստավարժ աշխատանքի և արդյունավետ համագործակցության հետ: Պարբերականի 28-րդ համարում տպագրվել է 30 հեղինակի 26 հոդված: Հեղինակներից 2-ը գիտությունների դոկտոր է, 11-ը՝ գիտությունների թեկնածու, իսկ 17-ը՝ ասպիրանտ և հայցորդ: Հոդվածներից 24-ը հայերեն է, 1-ը՝ ռուսերեն, 1-ը՝ անգլերեն: Ընթացիկ համարում տպագրված հոդվածներն ընդգրկում են իրավագիտության, պատմության, քաղաքագիտության, գրականագիտության, լեզվաբանության, արվեստի և տնտեսագիտության բնագավառները:
Նոր համարի տպագրությանն աջակցել է «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը:
Նշենք, որ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲԿԳԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում և РИНЦ (Российский Индекс Научного Цитирования) միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում:
«Առավոտ» օրաթերթ
29.10.2026



















































