Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտություն և բիզնես» համաժողովը մեկտեղեց գիտական կարողություններն ու բիզնեսի տեխնոլոգիական կարիքները

Նոյեմբեր 06,2026 15:34 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևան, 6 նոյեմբերի 2026 թ. — «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց «Գիտություն և բիզնես» համաժողովը՝ «Գիտության շաբաթ․ Հայաստան 2026»-ի շրջանակում։ «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած միջոցառումը մեկտեղեց գիտական կառույցների, ընկերությունների և ներդրումային համայնքի ներկայացուցիչներին՝ ծանոթանալու Հայաստանում առկա գիտական ու տեխնոլոգիական կարողություններին և քննարկելու համագործակցության հնարավորությունները։

Համաժողովը հարթակ ստեղծեց բիզնեսի խնդիրներն ու գիտական լուծումները կապող անմիջական քննարկումների համար։ Ներկայացումները, ցուցադրական տաղավարներն ու մասնագիտական հանդիպումները հնարավորություն տվեցին կողմերին ճանաչելու միմյանց աշխատանքը, ներկայացնելու իրենց կարիքները և դիտարկելու համատեղ հետազոտությունների, փորձարկումների ու տեխնոլոգիաների կիրառման ուղղությունները։

Հետազոտություններն ու մշակումները՝ որպես ռազմավարական ներդրում

Համաժողովի պանելային քննարկման թեման էր «Հետազոտություններն ու մշակումները՝ որպես ռազմավարական ներդրում․ բիզնեսի զարգացում և Հայաստանի ազգային խնդիրներ»։

Քննարկմանը մասնակցեցին՝

  • Գևորգ Սաֆարյան՝ Earlyone և Lime Tech ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն,
  • Նարե Գևորգյան՝ Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի՝ AICA-ի գործադիր տնօրեն,
  • Դավիթ Աբովյան՝ Art-Group ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն,
  • Գրիգոր Հովհաննիսյան՝ Formula VC-ի գլխավոր գործընկեր։

Քննարկումը վարեց Հրանտ Խաչատրյանը՝ ԵՊՀ մեքենայական ուսուցման գիտական խմբի ղեկավար, «Երևանէն»-ի տնօրեն։

Պանելի առանցքում հետազոտությունների և մշակումների (ՀևՄ) դերն էր բիզնեսի զարգացման և Հայաստանի ազգային խնդիրների լուծման գործում։ Գիտություն–բիզնես համագործակցությունը դիտարկվեց երկարաժամկետ ներդրումների, տեխնոլոգիաների զարգացման և Հայաստանում նոր ավելացված արժեք ստեղծելու տեսանկյունից։

Պանելային քննարկման ընթացքում ձևավորվեց գիտությունն ու բիզնեսը կապող որոնման հարթակ ստեղծելու գաղափարը։ Հարթակը գրանցվողների նշած բանալի բառերի հիման վրա ավտոմատ կերպով կառաջարկի համագործակցության հնարավոր գործընկերների։ Եթե գրանցման պահին համապատասխան գործընկեր չլինի, օգտատերը ծանուցում կստանա, երբ հարթակում գրանցվի իր հետաքրքրություններին կամ կարիքներին համապատասխան նոր մասնակից։

Գիտական կարողություններից՝ գործնական կիրառություններ

Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան գիտական կառույցների և տեխնոլոգիական ընկերությունների մի շարք բանախոսներ։ Ներկայացումներն ընդգրկեցին նյութագիտությունը, ճարտարագիտական տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիան, բժշկական լուծումները, շրջակա միջավայրի ուսումնասիրությունները և միջազգային գիտական համագործակցության հնարավորությունները։

Ներկայացումների ընդհանուր շեշտադրումն այն էր, թե ինչպես կարող են Հայաստանում առկա գիտելիքը, հետազոտական փորձը, սարքավորումներն ու մշակումները կիրառվել արտադրական և տեխնոլոգիական խնդիրների լուծման համար՝ նպաստելով նոր կամ բարելավված արտադրանքի ու ծառայությունների ստեղծմանը։

Համագործակցության շուրջ անմիջական քննարկումներ

Տաղավարներում, ընդմիջումների և անհատական ու փոքր խմբերով հանդիպումների ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան գիտական թիմերի հետ քննարկելու իրենց խնդիրները, իսկ հետազոտողները՝ ներկայացնելու իրենց մեթոդների և մշակումների կիրառման հնարավորությունները։

Այս ձևաչափը թույլ տվեց քննարկել, թե որ խնդիրներն են պահանջում հետազոտություն կամ նոր տեխնոլոգիա, ինչ կարողություններ կան Հայաստանում դրանց լուծմանը նպաստելու համար, և ինչից կարող է սկսվել համատեղ աշխատանքը։ Նպատակը կապերի ձևավորումն էր, որոնք կարող են շարունակվել համատեղ հետազոտությունների, փորձարկումների և տեխնոլոգիաների փոխանցման միջոցով։

Համաժողովը կազմակերպել է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ Գիտության շաբաթվա շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Earlyone ընկերության աջակցությամբ։

«Գիտուժ» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30