Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէի ուզենա, որ լիներ մարտի 1-ը»

Դեկտեմբեր 26,2008 00:00

Անցնող տարին ամփոփելով՝ ասում է ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը

– Ձեր կարծիքով՝ որո՞նք են այն կարեւոր իրադարձությունները, որ տեղի ունեցան անցնող տարում:

– Կարեւոր իրադարձությունները շատ էին, սակայն, կարծում եմ, կարեւորներից էր հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլի սկզբնավորումը: Ես չեմ ասում զարգացումը (ինչպես շատերն են ասում), որովհետեւ տարիներ շարունակ երկու երկրների միջեւ որեւէ հարաբերություն գրեթե չի եղել: Հայ-թուրքական հարաբերությունների նոր վիճակը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց: Բնական եմ համարում, որ կարող էր եւ է հայ-թուրքական հարաբերությունները քաղաքական ուժերի համար դառնալ վերլուծման նյութ, սակայն չեմ կարող հասկանալ քաղաքական այն գործիչներին կամ քաղաքական ուժերին, որոնք շահարկում են թեման եւ խանգարում այն դրական գործընթացները, որոնք կարող են շահեկան լինել մեր երկրի համար: Երկու երկրների հարաբերությունների հիմքում չի կարող դրվել նախապայմանների սկզբունքը, իմ կարծիքով՝ այդ դեպքում ի սկզբանե ձախողման կմատնվեն ենթադրվող այն գործընթացները, որոնցով պայմանավորված է Հայաստանի եւ Թուրքիայի բնականոն երկխոսությունը:

Դաշնակցության համար որեւէ նախապայման չի կարող ընդունելի լինել, որը կարող է կանգնեցնել կամ դանդաղեցնել Հայոց ցեղասպանության` բավական երկար ճանապարհ անցած գործընթացը: Կոալիցիայի մեջ մտնելու համաձայնագրի պայմաններից մեկը նաեւ այս կարեւոր խնդիրն է: Իսկ վերջին իրադարձություններին, նկատի ունեմ թուրք մտավորականության կողմից կազմակերպված ստորագրահավաքը՝ ի նպաստ Հայ Դատի, ես անձամբ խիստ վերապահումով եմ մոտենում, որովհետեւ համոզված եմ՝ այստեղ էլ գործում է թուրքական դիվանագիտությունը: Իսկ Թուրքիան չի փոխվել:

– Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում որեւէ առաջընթաց տեսնո՞ւմ եք;

– Արցախի հարցը մեզ համար ազգային գերխնդիրներից մեկն է, գուցե եւ գլխավորը, որովհետեւ Արցախը մեր ներկան է, իսկ ներկայով պայմանավորված է մեր ժողովրդի ապագան: Մեզ համար մի բան վերջնական համոզում է, որ Արցախի խնդրի հետ կապված որեւէ քննարկում՝ առանց Արցախի մասնակցության, մատնված է ձախողման: Իմ կարծիքով, հասարակության մեջ անպատասխան հարցերը պայմանավորված են նրանով, որ կաղում է մեր քարոզչական մեքենան, մենք կարծես չենք կարողանում դեպքերին համաքայլ գնալ: Կատարված իրադարձություններին սկսում ենք արձագանքել հետին ժամանակով: Մեզանում անընդհատ խոսվում է փոխզիջումների մասին, սակայն Ադրբեջանը ոչ միայն չի խոսում այդ մասին, այլեւ՝ ընդհակառակը՝ սպառնում է ուժային ճանապարհով խնդիրն իր օգտին լուծել: Սա արտառոց է բանակցությունների տրամաբանության առումով: Մի բան հստակ է՝ եթե անխուսափելի են փոխզիջումները, ապա դրանք պետք է լինեն հավասարաչափ ու համարժեք: Իսկ գլխավորն այն է, որ պետք է հաշվի նստել Սահմանադրությամբ ու հանրաքվեներով ամրագրված այն սկզբունքների հետ, որոնք ճշտել է ԼՂՀ-ն:

– Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը Նոր տարուց առաջ, ի վերջո, հասարակության մի մասը Նոր տարին ուրախ չի դիմավորելու, շատերի հայրերը եւ որդիները դեռ անազատության մեջ են:

– Այս օրերին, երբ ինձ խնդրում են ամ փոփել անցնող տարին, ես միշտ ասում եմ՝ երբեւէ չէի ուզենա, որ լիներ մարտի 1-ը, որովհետեւ եւ ներքաղաքական, եւ արտաքին իրավիճակը դրանով խաթարվեց, եւ արտաքին աշխարհում մեր վարկը բավականին ընկավ: Այսօր այդ տրամադրությունը դեռ առկա է, եւ մենք չենք կարողանում մեր հասարակական կարծիքը հավուր պատշաճի ընկալել, մեր ժողովրդի իրական կարծիքը ո՛չ մեր լրատվամիջոցներում կա եւ ո՛չ էլ մթնոլորտում: Մենք խոսում ենք միայն պաշտպանվելու դիրքերից, երբեմն նաեւ՝ արդարանալու, առանց մեր ժողովրդի հետ երկխոսության: Կա ժողովուրդ, որն ապրում է մեկ այլ տրամադրության մեջ, որը մենք պարտավոր ենք հասկանալ եւ գործնական քայլեր անել այդ մթնոլորտը փոխելու համար: Միայն նման քայլերով կարող ենք մեր ժողովրդի տրամադրությունը փոխել:

– Իսկ արվո՞ւմ են այդ գործնական քայլերը:

– Եթե նկատի ունեք մարտի 1-ի դեպքերից հետո ստեղծված իրավիճակը, ապա բավական քայլեր արվել են, բոլորն են դա տեսնում, ուրիշ բան, որ դա դեռեւս բավարար չէ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը մեր պատկերացրածի չափ դարձնելու համար: Կարծում եմ, առաջիկայում եւս լուրջ քայլեր կարվեն այս ուղղությամբ՝ ԵԽԽՎ նստաշրջանից առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել