Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԼԵԶՈՒՆ ԿԵՆՍԱՆՅՈՒԹՆ Է ՀԱՅ ՀՈԳԻԻՆ

Հունվար 29,2009 00:00

\"\"Հայացք Սփյուռքից՝ արեւելահայերենին եւ արեւմտահայերենին

Տեսանելի է, որ արեւելահայերեն գրականության մեջ զգալի չափով օտար բառեր կը գործածվեն, որոնք եթե ոչ ամբողջությամբ, սակայն մեծ մասամբ ռուսերեն են: Պարզ է, որ խորհրդային շրջանին, Միության ամբողջ տարածքին կեդրոնական լեզուն ռուսերեն ըլլալուն, մանավանդ՝ բոլոր դպրոցներեն ներս անոր պարտադիր ուսուցման հետեւանքով, ռուսերեն բառերը մուտք գործեցին հայրենաբնակ ժողովրդին թե գրական եւ թե խոսակցական լեզվին մեջ:

Այս երեւույթը կբացատրվի անով, որ փոքրամասնություններ կամա թե ակամա կազդվին մեծամասնության պատկանող լեզուներեն: Տարբեր չէ նաեւ արեւմտահայերենի պարագան սփյուռքահայության մոտ, ի մասնավորի արեւմտյան երկիրներեն ներս, ուր ոչ միայն տեղական լեզուներեն բառեր կը խառնվին մեր խոսակցական հայերենին մեջ, այլ կընթանանք դեպի լեզվափոխություն: Սխալած չենք ըլլար, եթե ըսենք, որ արեւմտահայերենը կապրի իր նահանջի տարիները:

Թեեւ շատերուն համար նորություն մը չէ այն, ինչ որ կը ներկայացնեմ այստեղ, սակայն որպեսզի մեր այս մտքերը ոմանց համար հոռետեսություն չնկատվին, հոս կուզեմ տալ արեւմտահայերենի նահանջին հակիրճ պատկերը, որ կերկարի երեք սերունդներու վրա:

Առաջին սերունդ. Արեւելյան երկիրներեն, թե հայրենիքեն եկած նոր ընտանիքներ, որոնք ոչ միայն հայախոս են, այլ ուղղակի հայկականությամբ սնված անհատներ, որոնք տակավին կատարյալ հայու զգացումներով հայերեն կը խոսին թե իրենց ընտանիքներեն ներս, թե իրենց բարեկամներով եւ թե հավաքատեղիներու մեջ: Կը կարդան նաեւ հայերեն թերթեր ու կը գրեն հայերեն նամակներ: Սակայն կարճ ժամանակ ետք, կը գիտակցին, որ առանց տեղական լեզվի իմացության՝ կարելի չէ ապրիլ: Որով կըսկսին տեղական լեզուն սորվելու աշխատանքին: Ահա այս կետին կըսկսի օտար բառերու մուտքը իրենց հայերեն խոսակցության մեջ: Հետզհետե կը դադրին նաեւ հայերեն թերթ կարդալե:

Նոր սերունդը արդեն իսկ շատ հեռու է հայերեն թերթ կարդալե: Այսօր ցավով կը կարդանք բոլոր հայկական թերթերու մեջ հնչող նույն ահազանգը, թե տարեցտարի կը նվազի հայերեն թերթ կարդացողներուն թիվը:

Անհերքելի ճշմարտություն է նաեւ, որ այն հայկական թերթերը, որոնք տակավին կը շարունակեն իրենց գոյությունը, արդյունք են միմիայն հայ գրի ու գրականության նվիրյալ անձերու անգնահատելի զոհողության եւ սակավաթիվ հայ լեզվի պաշտպան անհատներու նյութական քաջալերանքին: Ահավասիկ արեւմտահայերենի նահանջին առաջին սերունդին պատկերը:

Երկրորդ սերունդ. Այս հայախոս ընտանիքներու նորածին մանուկներուն մոտն իսկ, արդեն օտար լեզվին ծիլերը կըսկսին արձակիլ։ Հեռատեսիլին օրական 24 ժամ տրվող մանկական ֆիլմերի ցուցադրութենեն։ Մանուկներ, տակավին մանկապարտեզ հաճախել չըսկսած, արդեն իսկ անգլերենով կրնան հասկնալ ու հասկցնել իրենց միտքը. մինչեւ իսկ այն ընտանիքներուն մանուկները, որոնցուն մեջ հայերեն խոսքը պարտադիր օրենք եղած ըլլա։

Ապա, երբ կըսկսին դպրոց հաճախել, դժբախտաբար, բոլոր քաղաքներու մեջ հայկական դպրոցներու չգոյության պատճառավ կհաճախեն պետական դպրոցներ, ուր կխոսին տեղական՝ իմա անգլերեն լեզվով։

Հասակ առնող նոր սերունդի տղաք ու աղջիկներ իրենց ընտանիքեն ներս հազիվ սորված խոսակցական հայերենով երբ կը դժվարանան իրենց միտքը կարենալ արտահայտելու, կը հարկադրվին դիմել անգլերենի օգնության, որպեսզի կարելի ըլլա ամբողջացնել իրենց ըսել ուզածը։

Սակայն ուշադրություն. երբ լավ դիտենք զիրենք, պիտի տեսնենք, որ այդ անգլերենախառն հայերենը կը խոսին միայն անոնց հետ, որոնք անգլերեն չեն գիտեր եւ կամ քիչ կը հասկնան։ Իսկ իրարու հետ՝ զուտ անգլերեն։

Երրորդ սերունդ. Այս ընթացքին շարունակությունը արդեն մեզի հստակորեն ցույց կուտա երրորդ սերունդին ավելի մռայլ դեմքը։ Երբ հայախոս եւ հայկականությամբ սնված ու մեծցած առաջին սերունդին զավակները կը դառնան՝ առանց կարենալ գրել- կարդալու միայն անգլերենախառն հայերեն խոսողներ, ի վերջո իրենք եւս իրենց կարգին, պիտի կարենա՞ն իրենց զավակներուն սորվեցնել… իրենց չգիտցած հայերենը։

* * *

Արեւելահայերենի կացությունը հիմնովին կը տարբերի արեւմտահայերենի կացութենեն։ Արեւելահայերենը, ըլլալով մեր պետական լեզուն, հայրենիքի ամբողջ տարածքին գործածվող միակ լեզուն է։ Բոլոր դպրոցականներ, մանկապարտեզեն մինչեւ համալսարան, հայերենով է, որ կուսանին։ Բոլոր ընտանիքներեն ներս հայերեն կը խոսվի։ Պետական պաշտոնաթերթերեն մինչեւ վաճառատուներն ու արհեստանոցները ամեն տեղ, հայերենն է միակ խոսակցական լեզուն։

Արեւմտահայերենի դժբախտության դիմաց սա բարեբախտությունն է արեւելահայերենին, քանի որ ան կը վայելի հոգածությունը մեր հայրենի իշխանություններուն։ Ան ենթակա չէ այլեւս որեւէ լեզվից ազդվելու վտանգին, ինչպես էր անցեալին։ Այո, եթե երբեւէ սովետական շրջանին որոշ չափով ազդված է ռուսերենեն, սակայն այսօր անկախության այս շրջանին, կարեւոր է մտածել զայն զտելու եւ մաքրելու վրայեն օտար բառերը։ Թեեւ ընդունելի է, որ այդքան ալ դյուրին գործ չէ արմատացած այդ օտար բառերու գործածութենեն ձերբազատվիլը, սակայն կը հավատանք, որ հետեւողական աշխատանքով կարելի է հաջողցնել զայն ժամանակի ընթացքին։

Արեւելահայ գրականության մեջ գործածվող օտար բառերու առատությունը պատճառ կը դառնա, որ արեւմտահայ ընթերցողը դժվար կարենա հասկնալ իր կարդացած որեւէ հոդվածը կամ լրատվությունը։

Որպես օրինակ, հոս կը ներկայացնեմ կարճ մը նախադասություններ, որոնց մեջ գործածված են օտար բառեր (օտար բառերը շեղատառ են)։ Կարդացեք զանոնք։ Եթե երբեք ծանոթ չեք այդ բառերուն նշանակություններուն, արդյոք պիտի կարենա՞ք հասկնալ այդ նախադասություններուն իմաստը։

– Կան հոդվածներ, որոնք ի վերջո իրենց մեջ մոտիվացիայի իմաստով քաղաքական երանգավորում ունեն։

– Թեեւ Սարգսյանի մոտեցումները մի քիչ տարբերվում են նրա առաջարկածից, բայց կոնցեպտուալ չեն։

– Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ PR նոր ակցիա է սկսել։

– Սա հանրության հավաքական ուժի եւ կամքի ֆենոմեն է:

– Երկրում ստեղծված անտագոնիստական մթնոլորտը, ըստ նրա, ձեւավորվել է բացառապես Քոչարյանի քաղաքականության պատճառով:

– Լեւոնական ուժերն արդեն օբյեկտիվորեն չեն կարող հավակնել:

– Կարեւոր չէ, թե դա ինչպես է տեղի ունենում. տեղի է ունենում մի կուսակցության ընդարձակվելու, ծավալվելու միջոցով, թե կոնսոլիդացիոն պրոցեսներ են գնալու:

Նկատելով, որ բոլոր օտար բառերը իրենց նախադասություններով միասին ներկայացնելը խիստ ձանձրացուցիչ պիտի ըլլա, կը ներկայացնեմ անոնցմե փունջ մը միայն, որոնք անկասկած արեւելահայերենի մեջ գործածվող օտար բառերուն ամբողջությունը չեն: Անոնք միայն մեկ ամսվա ընթացքին «Ա1+»-ով եւ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներեն քաղված բառեր են, որոնք նոթագրած եմ՝ ցույց տալու համար օտար բառերու առատությունը արեւելահայերենին մեջ:

Ահավասիկ.

Ամբիցիա, աբսուրդ, ագրեսիվ, ավտորիտար, ակցիա, անախրոնիզմ, ատեստացիա, բեսպրեդել, բլոգոսֆերա, բարիկադ, գլոբալիզացիա, գրոսմայստեր, դեֆիցիտ, դիվիզիա, դեստաբիլիզացիա, դեպարտամենտ, էլեմենտ, էկզոտիկ, էնտուզիազմ, ինագուրացիա, իներցիոն, իմիտացիա, իմունիտետ, լակեյ, լեքսիկոն, կոսմոպոլիտիզմ, կարիերա, կոռուպցիա, կոնսենսուս, կոնվենցիա, կատալիզատոր, կոմպրոմիս, կոնստատացիա, կոնստրուկտիվ, կոալիցիա, կորպորատիվ, մոնոպոլիստ, մակրոտնտեսական, մոբիլիզացիա, մենտալիտետ, միգրացիա, մոնիտորինգ, պրովոկացիա, պրոցես, պրեֆեկտուրա, պրագմատիկ, պետդեպարտամենտ, պարադոքս, պոտենցիալ, պրակտիկա, պրոտեկտորատ, պիկետ, սցենար, սպեկտր, սխեմա, սոցիոլոգիա, սպեցիֆիկա, սապոգ, սանկցիա, տրոլեյբուս, տերմին, ռեսուրս, ռեպրեսիա, ռեւանշ, ռեցիդիվիստ, օպերացիա, օպտիմիզմ, օկուպացիա, ֆասադ, ֆունկցիա, ֆոբիա, ֆարս եւ այլն:

Արդյոք չունի՞նք այդ բառերուն նշանակությունը ունեցող հայերեն բառեր: Դժբախտաբար, ծանոթ չենք այդ բոլոր բառերուն նշանակություններուն՝ կարենալ ըսելու, թե նույնիմաստ հայերեն բառեր կան, թե ոչ: Նման գործ մը կարենալ հաջողցնելու համար վստահաբար պետք է դիմել բառարանի օգնության եւ կամ հայերենի եւ ռուսերենի մասնագետ անհատներու: Սակայն մենք կարգ մը ռուսերեն գիտցող հայաստանցի բարեկամներու միջոցով կրցանք ճշտել որոշ բառերու հայերենները, որոնք անկասկած կարելի է գործածել այդ օտար բառերու փոխարեն: Օրինակ. կուլտուրա-մշակույթ, կոլեկտիվ-ամենքով, խմբովին, օբյեկտիվ-հիմնավոր, փաստացի, սուբյեկտիվ-անհիմն, օմբուդսմեն-իրավապաշտպան, լեգիտիմ-օրինական, իմպիչմենտ-պաշտոնանկություն, սանկցիա-պատժամիջոց, ինֆանտիլ-մանկամիտ, չինովնիկ-պաշտոնյա:

Եթե ունինք այդ օտար բառերուն նշանակությունը ունեցող բառեր մեր անզուգական լեզվին՝ հայերենին մեջ, ուրեմն ինչ պատճառ ունինք անտեսելու զանոնք եւ նախապատվություն տալու օտար բառերու գործածության: Սա, այսպես ասած՝ «դուրսեն դիտող» արեւմտահայի տեսություն է: Եվ ինչպես ժողովրդային ասացվածքը կըսե, թե «դուրսեն դիտողը հաճախ շատ ավելի լավ կը նշմարի թերությունները, քան այդ թերություններուն մեջ ապրողները», նույն այս տեսության հիման վրա համարձակությունը ունեցանք գրելու այս տողերը:

Հայ լեզուն կենսանյութն (vitamin) ու սնուցիչն է հայ հոգիին: Առանց այդ կենսանյութին հայ հոգին դատապարտված է տկարանալու եւ ապա… անհետանալու: Օրինակներ շատ կան մեր ամերիկահայ կյանքին մեջ, որ կը տեսնին 3-րդ եւ 4-րդ սերունդի զավակները (առանց հաշվելու տակավին կիսահայ օտար ամուսնություններե սերածները, որոնք շատ հեռու են հայություն, հայրենիք, ազգային ոգի, ազգային գիտակցություն եւ այլ հասկացություններեն): Պատճառը ուրիշ բան չէ, եթե ոչ հայ լեզվի բացակայությունը, քանի որ հայ աղբյուրեն չէ, որ կը խմեն իրենց ջուրը…

Ոմանք կառարկեն, ըսելով, թե լեզուն չէ, այլ հոգին է կարեւորը: Երբ որեւէ մեկը հոգիով հայ է, ինչ տարբերություն՝ հայերեն կը խոսի, թե անգլերեն: Եվ օրինակ կը բերին Վիլյամ Սարոյանի, Փիթեր Բալաքյանի եւ ուրիշներու նման պատվական հայեր, որոնք թեեւ հայերեն չեն գիտեր, բայց գիտակից հայեր են: Ամենեւին առարկություն չունենալով հանդերձ, որ այդ բացառիկ գրող մտավորականները «գիտակից հայեր» են, կարելի՞ է ընդունիլ, որ բոլոր անգլախոս հայերը նույն գիտակցության տեր մարդիկ են: Ցավ ի սիրտ կարելի է ըսել, որ յուրաքանչյուր անգլախոս ու գիտակից հայու մը դիմաց, հարյուրավոր՝ հակառակ պատկերը պարզող հայեր կարելի է հաշվել, որոնց ներկայության ի տես, տակավին կարծել, թե լեզուն չէ կարեւորը, պարզապես ինքնախաբեություն է:

Արեւմտահայերենը լուրջ վտանգի ենթակա է: Տարեցտարի, ավազախրումի նման, կամաց-կամաց կը խրվի դեպի խորը: Այս վտանգին ի տես, ակնկալելի է, որ հայրենի իշխանությունները միջոցներ ձեռք առնեն սփյուռքահայ մտավորականության հետ միասին եւ զարկ տան դպրոցներու զարգացման եւ հատկապես արեւմտահայերեն ուսուցանող ուսուցիչներու պատրաստման աշխատանքին, որպեսզի կարելի ըլլա առաջքը առնել վաղահաս վտանգին: Իսկ արեւելահայերենի պարագային կը խորհիմ՝ անդրադառնալ պետք է, թե օտար բառեր կը գործածվին արեւելահայերենի մեջ, հայերեն բառերու փոխարեն: Վստահաբար, այդ օտար բառերու գործածությունը այնքան սովորական դարձած է հայրենաբնակ մեր ժողովուրդին համար, որ երբ կը կիրարկեն զանոնք, չեն անդրադառնար թե օտար բառեր են, որ կը գործածեն:

Մեր այս ցուցմունքը կուզենք նկատողության հանձնել Հայաստանի կրթական նախարարության եւ Գրողներու միության, որ իրատեսությամբ քննարկեն արեւելահայերենի ներկա վիճակը եւ որոշեն պարտն ու պատշաճը կատարել:

Հուսով ենք, որ հայրենի իշխանություններն ու Գրողներու միությունը նկատի կառնեն մեր այս համեստ ցուցմունքները, գնահատելով անոնց կարեւորությունն ու այժմեականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել