Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՍՈՒՐԴ ՎԻՃԱԿ՝ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Հունվար 29,2009 00:00

Ժամանակն է, որ ԱԺ-ն եւ ստեղծագործական միությունները «խելք խելքի» տան

Ստեղծագործական որոշ միություններում վաղուց կռիվ է ընկել: Չէ, խնդիրը կամ կռվի բուն պատճառը Գիքորին քաղաք տանելու հարցը չէ, այլ շատ ավելի կարեւոր մի բան, որն էլ առիթ է տվել միությունների տրոհման, երկպառակությունների ու նույնաբովանդակ տարբեր կառույցների ստեղծման: Արդյունքում, այսօր ափաչափ Հայաստանում Գրողների, Թատերական գործիչների, Կոմպոզիտորների, Պարարվեստի երկուական միություն ունենք ու թե այսպես շարունակվեց՝ նրանցից ետ չեն մնա կինեմատոգրաֆիստներն ու նկարիչները, ճարտարապետներն ու գրքասերները՝ վերարտադրվելով նորանոր միությունների տեսքով: Այս ամենի պատճառը միայն անհաշտությունը, չհասկացվածությունն ու իշխանատենչությունը չեն, չնայած դրանք կան ու հիմքում էլ որոշակի ախորժակներ են՝ ցանկություններ, բարօրության մասին երազանքներ…

Հայաստանի Հանրապետության հռչակումից ի վեր, ստեղծագործական միությունների խնդիրը «ծամոն» է դարձել: Բայց արի ու տես, որ այդ «ծամոնը» ոչ թե սպառվում, փոքրանում, այլ անընդհատ մեծանում է: Ժամանակին շատերը ելան ստեղծագործական միությունների դեմ, հայտարարելով, թե դրանք ստեղծվել են որպես ստալինյան գաղափարախոսության հենարաններ, հետեւաբար՝ իրենց վերջնականապես սպառել են: Հայաստանյան ստեղծագործական միությունները մնացին եւ, ի զարմանս բոլորի, չփոխելով իրենց կոնցեպտուալ եւ կառուցվածքային դրույթները, ընդգրկվեցին հասարակական կազմակերպությունների շարքում որպես օրենսդրական բազա՝ ունենալով հ/կ-ների մասին օրենքը: Մինչդեռ ժամանակակից աշխարհում նոր մոտեցումներ ու սկզբունքներ են անհրաժեշտ: Եվ հենց այստեղ էլ ակնհայտ դարձավ աբսուրդը կամ, ավելի մեղմ ասած՝ օրենսդրական խառնաշփոթը: Նկատենք, որ ստեղծագործական միությունները ձեւավորվել են որպես պետական բյուջեից սնվող եւ պետական մշակութային քաղաքականությանն աջակցող կազմավորումներ, մինչդեռ հ/կ-ները, որպես քաղաքացիական հասարակության բաղադրիչներ, գործում են շահառուների որոշակի քանակության պայմաններում՝ իրականացնելով լոկալ խնդիրներ եւ գրանտներով ձեւավորելով ֆինանսական միջոցներ: Հ/կ-ների գործունեությունը տեղավորվում է կոնկրետ ծրագրերի շրջանակներում, ուղղորդված լինելով որոշակի սոցիալական խմբերի, սակայն ստեղծագործական միությունները պրոֆեսիոնալ կազմավորումներ են, որոնք քննարկում եւ իրականացնում են պրոֆեսիոնալ խնդիրներ՝ մղվելով դեպի գլոբալ նպատակադրումների: Որքանո՞վ է տրամաբանական գաղափարական, սոցիալական եւ օրենսդրական տարբեր խնդիրներ ունեցող կազմավորումներին արհեստականորեն տեղավորել մեկ շրջանակի մեջ՝ այսպիսով խորացնելով հակասությունները: Ավելին, հենց իրենք՝ ստեղծագործական միություններն, այսօր հայտնվել են մի «կախարդված» շրջանում, իրավունք չունենալով պրոֆեսիոնալ գործունեության իրականացման համար ստեղծելու տպարաններ, արտադրական կառուցվածքներ եւ այլն, ինչպես նաեւ՝ լուծել աշխատավարձերի վճարման, պահպանման ծախսերի ձեւավորման ու այլ հարցեր: Նաեւ մի հանգամանք. ստեղծագործական միությունները տարբեր ծրագրերի իրականացման համար ֆինանսական աջակցություն են ստանում պետությունից, մինչդեռ հ/կ-ները չունեն այդ իրավունքը եւ օրենսդրական կարգավորումը: Ժամանակը չէ՞, որ մեր օրենսդիրները, ինչպես նաեւ շահագրգիռ կազմակերպությունները, խելք խելքի տան եւ վերջապես ստեղծեն օրենք, որի արդյունքում ստեղծագործական միությունները ձեռք կբերեն կարեւոր հասարակական եւ մշակութային արժեք ու կլուծեն այն խնդիրները, որոնք այսօր դրված են մշակույթի առջեւ: Վերջինիս իրականացումից հետո կլուծվի նաեւ ամենակարեւոր՝ սոցիալական խնդիրը. ազատ ստեղծագործական աշխատանքի, արվեստագետների թոշակավորման հարցերը ձեռք կբերեն հստակ լուծումներ:

Հ. Գ. Այս օրերին Հայկական երաժշտական ասամբլեայի նախագահ Լեւոն Չաուշյանը, Գրողների միության նախկին նախագահ Ռազմիկ Դավոյանն ու նախկին առաջին քարտուղար Աբգար Ափինյանը ստորագրահավաքներ են կազմակերպում միությունների արտահերթ համագումարների հրավիրման համար: Դրանց նպատակն է լուծել «իշխանափոխության» հարցը եւ հանրությանը ներկայացնել ստեղծագործական միությունների կանոնադրական խնդիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել