Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնություն, սեքս ու ժարգոն

Փետրվար 13,2009 00:00

\"\"Սրանք են եթերի հիմնական բաղադրիչները

Հատկապես վերջին տարիներին հեռուստատեսության եթերները ողողված են բռնության, «ժարգոնի» ու սեքսի տեսարաններով: Այս հարցում էլ կարծիքները երկփեղկված են, ոմանց խոսքերով՝ ինտիմ տեսարանները անբարոյականություն են քարոզում, մի մասի կարծիքով էլ՝ դա պարզապես արվեստ է: Հատկապես ֆիլմերի բովանդակության, տեսարանների մասին մտահոգությունները նորույթ չեն: Դեռեւս 1930-ական թվականներին ԱՄՆ-ում ընդունվել էր մի օրենք, որը խիստ սահմանափակումներ էր ամրագրում, թե ինչ կարելի է ցուցադրել ֆիլմերում եւ ինչ՝ ոչ: Արգելված էին կրքոտ եւ ինտիմ բնույթի տեսարանները, իսկ բացահայտ սեքսի, գայթակղության ու բռնաբարության մասին ընդհանրապես խոսք լինել չէր կարող: Հոլիվուդի պրոդյուսերներից շատերը 1950-ականներին սկսեցին չհետեւել օրենքով նախատեսված սահմանափակումներին եւ արդյունքում՝ 1968-ին օրենքը դադարեց գործել եւ ներմուծվեց ֆիլմերի տեսակավորման համակարգը, ըստ որի՝ ֆիլմերի վրա հատուկ նշան է դրվում, թե որ տարիքային խմբի համար է այն նախատեսված: Այդ համակարգի շնորհիվ ազատություն տրվեց եւ հնարավորություն եղավ նկարել ցանկացած բովանդակության ֆիլմ, որով սեքսը, բռնությունը լցրեցին նոր ֆիլմերի սցենարները:

Իսկ ի՞նչ կարելի է ասել բռնության վերաբերյալ, որը դարձել է մերօրյա ֆիլմերի անբաժան մասը, այդ թվում՝ հայկական սերիալների: Եթե նախկինում արգելված էին նույնիսկ զենքերի մասին հիշատակումները, հանցագործության մանրամասների ցուցադրումը, ոճրագործների ձեռքով օրինապահ աշխատողների սպանությունները եւ այլն, այսօր ընդհակառակը՝ ֆիլմերի այն հերոսները, ովքեր «մենթերի» վրա ձեռք են բարձրացնում՝ «հարգվում» են, էլ չենք խոսում դաժան տեսարաններով ցուցադրումների մասին: Հատկապես մեր եթերում դժվար է գուշակել, թե ժամը քանիսից երեխաներին ուղարկել քնելու, որպեսզի չտեսնեն, ասենք, այն, թե ինչպես են մարդուն կենդանի վիճակով թաղում կամ անասունի նման վիզը կտրում եւ այլն: Սպանդի տեսարաններով ֆիլմեր եթերում ցուցադրվում են ցանկացած ժամի, այդ պատճառով դժվար է երեխային համոզել, ասենք, ժամը 20-ից գնալ քնելու, քանի որ սկսվում է «ռազբորկեքով» հագեցած սերիալների շարանը: Մասնագետներից շատերը, այդ թվում նաեւ հեռուստադիտողները, այն կարծիքն ունեն, որ ֆիլմերի տեսակավորման համակարգը գնալով ձեւական բնույթ է կրում: Մասնավորապես, պատանիների եւ դեռահասների համար նկարահանված ֆիլմերում ավելի շատ սեքս, ինտիմ տեսարաններ ու անպարկեշտ արտահայտություններ, բռնություններ են պարունակվում, քան, ասենք, 10 տարի առաջ էր: Բացի դա, միեւնույն սահմանափակումով նշագրում պարունակող ֆիլմերը կարող են մեծապես տարբերվել իրենց մեջ ընդգրկված կասկածելի տեսարանների քանակով, եւ տարիքային սահմանափակումներ ցույց տվող նշանը միշտ չէ, որ սպառիչ տեղեկություններ է հայտնում ֆիլմում բռնության, սեքսի եւ նմանատիպ այլ բաների մասին: Այդ բովանդակությամբ ֆիլմերը եզակի չեն եւ, ըստ «Վաշինգտոն փոստի», այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե օրալ սեքսի մասին ակնարկները սովորական եւ ընդունելի են մանկապատանեկան ֆիլմերում:

Հեռուստացույցը կարող է լինել դաստիարակչական եւ ուսուցողական հզոր զենք, սակայն ցուցադրվող ծրագրերի մեծ մասը բնութագրվում է ո՛չ օգտակար, ո՛չ էլ ուսուցողական: Սեքս եւ բռնություն բովանդակող հաղորդումները մեծ պահանջարկ են վայելում ամբողջ աշխարհում, եւ նմանատիպ ամերիկյան մարտաֆիլմերը արագորեն հայտնվում են օտարերկրյա շուկաներում: Այդ ֆիլմերի բովանդակությունը «դյուրամարս» է եւ չի պահանջվում հմուտ դերասանական խաղ: Որքան էլ տարօրինակ է, սակայն լրատվության եւ հասարակայնության գործերով զբաղվող հոգեբանների ամերիկյան ընկերության կոմիտեն իր զեկույցում նշել է. «ոչ մի կասկած չկա, մարդիկ ինչքան շատ են հեռուստատեսությամբ դիտում բռնություն, այնքան ավելի հանդուրժող են դառնում ագրեսիվ վերաբերմունքի եւ վարքի հանդեպ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել